ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ ՄԽ նոր հայտարարությունը՝ նոր շեշտադրումներով

Ստոկհոլմում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման չեղարկումից եւ Ադրբեջանի նախագահի վերջին՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» ժամկետ նշելու հայտարարությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել նոր հայտարարությամբ։ Հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ լուծմանը միտված այս հայտարարությունն առանձնանում է մի շարք նոր շեշտադրումներով եւ նրանով, որ այս անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից չէ․ դրա տակ ստորագրել են միջնորդ երկրների  ներկայացուցիչներն այլ մակարդակով։ Հայտարարությունը շատ նման է նախորդներին, բայց որոշ նոր շեշտադրումներ ունի։

Շարունակել ուղիղ երկխոսությունը ղեկավարության մակարդակով՝ նպաստելու տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանը ՝ ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարության մեջ է ասվում։  ԵԱՀԿ Մինսկի խմբի  երկրները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսում՝ կոչ անելով երկրներին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից ու սադրիչ գործողություններից։

Եթե մինչ այժմ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունները դրա համանախագահների  մակարդակով են, ապա վերջին հայտարարությունը ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի անունից է, որպես այդպիսին՝ նոր ձեւաչափով։ Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նկատում է՝ այս հայտարարությունն, ի հեճուկս Ադրբեջանի պնդումների, թե «ԼՂ հարց» այլեւս գոյություն չունի, ևս մեկ անգամ հաստատում է՝ հակամարտությունը կարգավորված չէ, ու դրա լուծումը պետք է փնտրել նույն ձեւաչափով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, ինչից Բաքուն տարբեր պատրվակներով փորձում է խույս տալ։

«Ինքնին դրական է մեզ համար հայտարարության փաստը, որովհետև ի սկզբանե Մինսկի խումբը ստեղծված էր ղարաբաղյան հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով, և այն, որ այդ խումբը գործում է, հայտարարություններ է անում, նշանակում է՝ նրանք համարում են, որ խնդրի վերջնական կարգավորում դեռևս չկա այսինքն կարգավորում, որը ներառում է նաև Արցախի կարգավիճակի հարցը»։

ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը հաջորդեց դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ծրագրված, բայց չկայացած հանդիպմանը, որն ադրբեջանական կողմը չեղարկել էր հանդիպումից ժամեր առաջ՝ պատճառաբանելով, թե դեկտեմբերի 3-5-ին հայ պատգամավորների այցը Ստեփանակերտ սադրանք է։ Արմեն Բաղդասարյանն այսպես է մեկնաբանում․

«Կարծում եմ՝ դա ընդամենը պատրվակ էր»։

Բլինքենը, Լավրովը, Լը Դրիանը վերջին հայտարարության մեջ շեշտում են ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման անընդունելիությունը։ Համանախագահ երկրները խրախուսում են կողմերին ընդունել համանախագահներին տարածաշրջանում որքան հնարավոր է շուտ՝ թույլ տալու նրանց առաջին ձեռքից գնահատել իրավիճակը տեղում, շոշափելի առաջընթաց գրանցել վերը նշված հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում և համաձայնություն ձեռք բերել հետագա գործունեության օրակարգի շուրջ: Նրանք նաև վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքին և կողմերին խրախուսում են լիարժեք համագործակցել նրա հետ: Սա եւս ուշագրավ է այն առումով, որ հենց Բաքուն է տարբեր պատրվակներով խոչընդոտում նշվածին։ ԵԱՀԿ ՄԽ վերջին դիտարկումների մեջ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը մի կարեւոր դետալ էլ է առանձնացնում։ Նկատում է՝ դրանով շեշտվում է, որ Ադրբեջանի հռետորաբանությունն անընդունելի է, որովհետև չի նպաստում խնդրի համապարփակ կարգավորմանը։

 «Բաց տեքստով չի ասվում, բայց խոսվում էր, որ կողմերն ամեն դեպքում պետք է զերծ մնան խնդրի համապարփակ կարգավորումից հեռացնող կամ լուծումը դժվարացնող քայլերից»։

Մինչ ԵԱՀԿ ՄԽ-ն  կոչ է անում պահպանել եռակողմ երեք փաստաթղթերով ամրագրված  պայմանավորվածությունները, Հայաստանը հերթական անգամ է շեշտում՝ պատրաստ է հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման քայլերին։  «Տասս» գործակալության հետ հարցազրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր փակագծեր է բացել՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում տրասպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման փորձագիտական ենթախումբ է ստեղծվել, որը զբաղվում է փոխադրումների ապահովման հարցերի մշակմամբ, թեեւ այդ հարցերի վերջնական կանոնակարգում դեռ չի եղել՝ ասում է Գրիգորյանը։ Զրուցակիցս՝ Արմեն Բաղդասարյանը, փորձագիտական ենթախմբի ստեղծմանը դրական է գնահատում։

«Մեզ համար շատ կարևոր է, որ ճանապարհը և դրա տարածքը լինեն Հայաստանի բացարձակ սուվերենության ներքո։ Կարծում եմ՝ սկզբնական ժամանակաշրջանում այդ անվտանգությունը կապահովեն ռուսական ուժերը, իսկ հետագայում, երբ հայ-ադրբեջանական հարաբերություններն ավելի կարգավորվեն, եթե այդպիսի բան տեղի ունենա, ապա Հայաստանը կապահովի այդ անվտանգությունն իր տարածքում, Ադրբեջանը՝ իր»։   

Ադրբեջանը փորձում է դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը փոխկապակցել կոմունիկացիաների բացման, անգամ Արցախի կարգավիճակի հետ, որովհետև հայտարարվում է՝ եթե տեղի ունենա սահմանազատում ու սահմանագծում, այդպիսով կճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ այդ պարագայում Արցախի կարգավիճակի հարցը դուրս է մնում՝ ընդգծում է Բաղդասարյանը։ Մինչդեռ Հայաստանը տարանջատում է այս երկու գործընթացները, որովհետև հստակ գիտակցում է՝ սահմանազատումը կարող է տարիներ տևել, իսկ տարածաշրջանային ապաշրջափակումը մեզ համար օրախնդիր է։ Տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի հետ՝ սա նախօրեին շեշտել էր նաեւ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգոյանը։

Back to top button