ԿարևորՀասարակություն

ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը՝ իրավական պայքարի նոր լծակ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կայացրած  որոշումն արտացոլում է դատարանի կողմից հայկական կողմի ներկայացրած մի շարք առանցքային փաստարկների ընդունումը  և դիրքորոշումների հաստատումը․ Հայաստանի արտգործնախարարությունն  այսպես է արձագանքել Միջազգային դատարանի  վճռին, որը կայացվել է  հրատապ միջոց կիրառելու Հայաստանի և Ադրբեջանի  դիմումների վերաբերյալ։  Նախարարությունը նաև  վստահեցրել է, որ Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշումների կատարմանը և տեղեկացնելու է ցանկացած խախտման մասին։ Հրապարակված որոշումը կարևոր են համարում  նաև միջազգային իրավունքի մասնագետները՝ արձանագրելով՝  Հայաստանը իրավական պայքարի նոր լծակ է ստանում։   

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ Հայաստանի գրեթե բոլոր պահանջները եւ մերժեց Բաքվի դիմումների մեծ մասը՝  կողմերի ներկայացրած հայցերի շրջանակում։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, որը նաեւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում է ներկայացրել Հայաստանը, Twitter-ի իր էջում գրել է. «Հայաստանը ողջունում է Դատարանի որոշումը և անհամբեր սպասում է գործնականում դրա իրականացմանը Ադրբեջանի և նրա բարձրաստիճան պաշտոնյաների կողմից»։  

ՄԱԿ-ի դատարանի որոշումն արդեն իսկ օրինական ուժ ունի եւ ենթակա է անհապաղ կատարման։ Նախատեսվում է, որ որոշակի պարբերականությամբ Ադրբեջանը  պետք է հաշվետվություններ ներկայացնի դատարանին՝ իրականացրած գործողությունների վերաբերյալ։ Վերահսկողության և հաշվետվողականության տեսանկյունից միջազգային այս համակարգն անթերի չէ, եւ որոշակի ժամանակ կպահանջվի՝ Ադրբեջանի հաշվետվողականությունը մեծացնելու համար «Ռադիոլուրի» հետ զրույցում  նկատում է Սիրանույշ Սահակյանը նկատում է.

«Հայցի ապահովման միջոցների առումով  այս մեխանիզմներն այնքան կատարյալ չեն, որքան վճիռները, սակայն, դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր որոշումների կատարման նպատակով կարող է ներգրավվել ընդհուպ մինչեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։ Այսինքն, դատարանը մենակ չի գործում, եւ ՄԱԿ-ի շրջանակում գոյություն ունեցող այլ քաղաքական մարմիններ պետք է համագործակցեն դատարանի հետ եւ բանեցնեն նաեւ քաղաքական ճնշում՝ վճիռների, այլ որոշումների պահանջները կատարելու համար»։      

Դատարանի կայացրած որոշումը «Լուսավոր Հայաստան»  կուսակցության առաջնորդ  Էդմոն Մարուքյանը Հայաստանի թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն էր համարել և  խոսել հնարավոր հաջորդ քայլի մասին.

«Առաջնային է դառնում նույն Դատարանում պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին կոնվենցիայի շրջանակում միջազգային իրավական գործընթաց սկսելը»

Չնայած ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի պահանջների մեծ մասը, այդուհանդերձ, գլխավոր պահանջը չի բավարարվել՝  նկատում է  Սիրանուշ Սահակյանը և հստակեցնում՝ Հայաստանի գլխավոր պահանջը գերիների անհապաղ ազատ արձակումն էր, որն, ըստ էության, չի բավարարվել.

«Ամբողջության մեջ  պետք է դիտարկենք եւ  չմոռանանք, որ որոշ բավարարումներ արվել են նաեւ ադրբեջանական կողմի պահանջներից։ Եվ ամենակարեւորը՝ մեծ խնդիր է դրված եղել, որ դատարանը պահանջի գերիների անհապաղ ազատ արձակումը եւ այս առումով մենք ունենք մերժում»։

Փոխարենը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այդ երկրին պարտավորեցրել է ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունն ու երաշխավորել նրանց հավասարությունն օրենքի առաջ, այսինքն՝ դատարանը վերահաստատել է այն, ինչն այս պահին մենք ունեինք, հավելում է Սահակյանը.

«Ֆիզիկական անձեռնմխելիությունը եւ այլ  իրավունքները պաշտպանության տակ են վերցված նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ Մենք ունենք այստեղ իրավաբանորեն պարտադիր որոշում, որն ամբողջ ծավալով չի կատարում Ադրբեջանը, եւ, կարծես, իրավական  հարթության մեջ էական տեղաշարժ չկա»։

Փաստաբանի դիտարկմամբ ՝   այդուհանդերձ, ՄԱԿ-ի դատարանում հայ ռազմագերին առնչվող այս ամրագրումը կարևոր է, քանի որ առաջիկայում  այս ատյանը նույնպես Ադրբեջանից պահանջելու է հաշվետվություններ՝ արածի վերաբերյալ։ Փաստաբանի գնահատմամբ՝ դա նշանակում է, որ միջազգային երկու դատական ատյաններ կկարողանան ավելի մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, որ գերիների անվտանգությունը, պահման պայմանները եւ այլ հանգամանքներ դառնան հայկական կողմի եւ միջազգային հանրության իմացության առարկա։

Սիրանույշ Սահակյանը ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշման մեջ դրական է գնահատում նաեւ այն, որ թեեւ դատարանը Հայաստանից ու Ադրբեջանից պահանջել է կանխել խտրականության որոշ դրսեւորումներ, սակայն, ակնհայտորեն տարբերություններ է դրել կողմերի միջեւ։ Ադրբեջանի դեպքում հստակ  ամրագրել է, որ հակահայկական ու հայատյացության քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով։

«Մինչդեռ  մեր մասով տեսնում ենք, որ Հայաստանը պարզապես պետք է կանխի մասնավոր անձանց կողմից խտրականության կամ ատելության դրսեւորումները, որոնք մարդիկ իրականացրել են մասնավոր կարգավիճակում։ Դատարանը չի կիսել ադրբեջանական կողմի այն պնդումը, թե այն համակարգված է եւ պետական քաղաքականության տեսք ունի նաեւ Հայաստանում»։   

Նույն կերպ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» հայցով ՄԱԿ-ի դատարանի կայացրած որոշման մեջ չկա հատուկ միջոց, որ Հայաստանում պետք է կանխվի ադրբեջանական ազգային արժեքների ոչնչացումը, ինչի մասին իր հայցում ձեւակերպել էր Ադրբեջանը.

«Մինչդեռ դատարանը ուղիղ տեքստով պահանջել է, որ Ադրբեջանը վերջ դնի ազգային, մշակութային, կրոնական կոթողների ոչնչացմանը»։    

Դատարանի որոշմանն արձագանքելով՝ ՀՀ ԱԳՆ-ն մասնավորապես շեշտել է, որ Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշումների կատարմանը և Դատարանին տեղեկացնելու է ցանկացած խախտման մասին.  

«Այդ որոշումները, միանշանակ, արտացոլում են դատարանի կողմից հայկական կողմի ներկայացրած մի շարք առանցքային փաստարկների ընդունումը և մեր դիրքորոշումների հաստատումը: Արտաքին գործերի նախարարությունը հրավիրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և մյուս միջազգային գործընկերների ուշադրությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռին և կոչ անում շարունակել ջանքեր գործադրել արձանագրված խնդիրների համապարփակ հասցեագրման ուղղությամբ»:

Դատարանի վճիռը ընթերցած դատավոր Դոնոհյուն հիշեցրել է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջանկյալ միջոցների մասին որոշումները, որոնք փորձում են  կանխել դատաքննության ընթացքում իրավիճակի հնարավոր սրումը, պարտադիր են կատարման համար: Իսկ հիմնական գործերը՝  Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի,  դատարանը դեռ շարունակելու է քննել, և այդ գործընթացը կարող է տևել տարիներ:

Back to top button