ԿարևորՀասարակություն

Եվրոպան գնում է աթեիզմի ճանապարհով․ Հռոմի պապն ու Մայր Աթոռը մտահոգված են

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ԵՄ-ն համեմատել է «նացիստական բռնապետության» հետ և հորդորել չբռնել գաղափարական գաղութացման ճանապարհը։ Առիթը  քրիստոնեական արժեքներին սպառնացող վտանգներն են։  ԵՄ ուղեցույցներից մեկում  առաջարկվում է «Սուրբ ծնունդ» արտահայտությունը փոխարինել «արձակուրդային շրջանով», իսկ Մարիամ և Հովհաննես քրիստոնեական անունները միջազգային՝ Մալիկա և Խուլիո տարբերակներով։ Նախաձեռնությունը մտահոգել է ոչ միայն Հռոմի Պապին, այլև Մայր Աթոռին։

«Սուրբ Ծնունդ» արտահայտությունը «արձակուրդային շրջանով» փոխարինելու ԵՄ առաջարկը մտահոգել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։ 84-ամյա Պապը Հունաստանից վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում Եվրամիությանը հորդորել է «չբռնել գաղափարական գաղութացման ուղին», ինչը, նրա ձեւակերպմամբ, կարող է հանգեցնել երկրների բաժանման և միության ձախողման։ Առիթը  կառույցի՝ վերջերս արած առաջարկներն են։ ԵՄ–ն խորհուրդ է տվել խուսափել «Սուրբ ծնունդ» արտահայտությունից, հիմնավորմամբ, թե  այն կարող է վիրավորական լինել ոչ քրիստոնյաների համար:

Եվրոկրատներն այս կանոնը հրապարակել են «Ներառական հաղորդակցության» ուղեցույցում, որում տեղ գտած ձևակերպումներն էլ Հռոմի պապի մտահոգության առիթ են դարձել։ Այն կիսում են նաև Մայր Աթոռում։ Եկեղեցական Հայեցակարգային Հարցերի գրասենյակի տնօրեն Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն, օրինակ, չգիտի, թե ում են անհանգստացնում քրիստոնեական տոնն ու դրա անվանումը։

«Ես 17 տարի ծառայել եմ Վրաստանում, որտեղ կողք կողքի ապրել են քրիստոնյաներ, մուսուլմաններ և հուդդայական կրոնի հետևորդներ։ Սուրբծննդյան տոնակատարությունը երբեք չի խանգարել մյուս կրոնի հետևորդներին։  Սուրբ Ծնունդ չնշել կամ անվանումը  չօգտագործել մյուսներին իբր չնեղացնելու համար, կեղծիք է, ու ես կարծում եմ՝ սա կարող է լինել ուղղակի հակաքրիստոնյաների կողմից առաջ քաշված մոտեցում»։

Կրոնի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Սամվել Մկրտչյանը ևս եվրոկրատների առաջարկն անհեթեթ է որակում, դրանում կրոնին ուղղված թաքնված մերժողականություն է տեսնում։

«Նախ՝ պետք է հասկանանք, թե ովքեր են հարց բարձրացնողները։ Նրանք, ովքեր ընդհանրապես չեն ընդունում ազգայինը, կրոնականը ու գնում են կեղծ գլոբալիզացիայի։ Եվրոպայում հիմա նկատվող միտումները տանում են դեպի աթեիզմ։ Կպնել կրոնական անուններին , որոնք սրբություն են, նշանակում է արհամարհական վերաբերմունք դրսևորել ընդհանրապես քրիստոնեական ավանդույթների նկատմամբ։ Այստեղ կարող են նաև աղանդավորական ինչ–որ միտումներ լինեն»։

Ի դեպ՝ նույն ուղեցույցում առաջարկվում է նաև Մարիամ և Հովհաննես անունները փոխարինել դրանց «միջազգային» տարբերակներով․խորհուրդ է տրվում օգտագործել Մալիկա և Խուլիո տարբերակները։ Այս առաջարկը կաթոլիկների հովվապետին ստիպել է ԵՄ-ն համեմատել  «նացիստական բռնապետության» հետ։ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ևս անընդունելի է համարում այս մոտեցումը։ Կարծում է, որ քրիստոնյա հանրությունը պետք է համախմբվի և պայքարի այն քարոզողների դեմ։

«Խորապես համոզված եմ, որ Հռոմի պապն իրավիճակը ճիշտ է բնորոշել։ Միայն Ղուրանում 150 անգամ նշվում է Մարիամի անունը, իրենք Սուրբ Մարիամին նվիրված  հոգևոր երգեր ունեն։  Ո՞ւմ է դա վրդովեցնում։ Դա անգիտություն է, և երևի ինչ–որ պաշտոնյաների կողմից հակաքրիստոնեական  դավանանքը արտահայտելու կերպ, որը կապ չունի այլ կրոնների մերձեցման հետ»։

Վազգեն Սրբազանը նման նախաձեռնությունները հերթական ոտնձգություն է համարում  քրիստոնեական արժեքների և հավատի դեմ։

«Սա առաջին դեպքը չէ։ Տարիներ առաջ ԱՄՆ–ում էլ նման մի քայլ արվեց։ Նույնիսկ առաջարկվում էր գլխավոր տոնածառը Վաշինգտոնում չդնել, բայց նախկին նախագահ Թրամփը չեղարկեց այդ առաջարկը։ Եվ ուրախ եմ, որ այսօր ԱՄՆ նախագահն իր տիկնոջ հետ վառում է ավանադական Սուրբ ծննդյան տոնածառի լույսերը և շարունակում են այդ տոները կոչել Սուրբ ծննդյան տոներ։ Այնպես որ Եվրոպայի որոշ գործիչներ երևի ինչ–որ այլ նպատակներ են հետապնդում, որը, կարծում եմ, նույն Եվրոպայի քրիստոնյա ժողովրդի կողմից կդատապարտվի»։

Վազգեն եպիսկոպոսը Միրզախանյանը կարծում է, որ Հայաստանը ևս պետք է միանա Հռոմի պապի կոչին՝ դրսևորելով իր հավատարմությունը քրիստոնեական արժեքներին։

Back to top button