ԿարևորՏնտեսական

Տեղական բիզնեսն ակտիվանում է, թուրքական արտադրանքի ներկրման նոր արգելքի անհրաժեշտություն կա

Թուրքական արտադրանքի ներկրման արգելքը ևս 6 ամսով կարող է երկարաձգվել։ Հարցը քննարկման փուլում է։ Թուրքական պատրաստի արտադրանքի ներկրումը Հայաստան արգելված է տարեսկզբից, հումքի ներկրումը թույլատրվում է։  Կառավարությունը 2020–ի հոկտեմբերի 20-ի որոշմամբ է ժամանակավոր արգելք դրել թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Հետո ժամկետը երկարաձգվել էր մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է  ևս 6 ամսով երկարաձգել Թուրքիայից պատրաստի արտադրանքի ներմուծման արգելքը։ Սա նման երրորդ առաջարկն է։ Առաջին անգամ արգելքն ուժի մեջ մտավ տարեսկզբին, երկարաձգվեց վեց ամիս անց։ Կառավարությունում վստահեցնում են՝ կես տարում  Թուրքիայից  ընդհանուր ներմուծման ծավալները մոտ 70 տոկոսով նվազել են։ Կտրուկ փոխվել է նաև  ներմուծվող ապրանքների կազմը․ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան

«Եթե նախկինում ավիավառելիք, ցիտրուս, վառելիք, մաքրող միջոցներ էին ներկրում, ապա այժմ՝ հիմնականում շինանյութ, տրիկոտաժե ու  բամբակե գործվածք, բնական կաշի»։

Մեկ տարում տեղական բիզնեսը սկսել է շնչել ու զարգանալ՝ «Ռադիոլուր»–ին ասում է «Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրքայանը։ Հենց տեղական արտադրողների նախաձեռնությամբ էլ միությունը կառավարությանն առաջարկել է երկարաձգել թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը՝ առնվազն 5 տարով։ Նրանց միացել են նաև  Ռեստորանների ասոցիացիան ու  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Վահրամ Միրաքյանն ընդգծում է․

«Շատ ոլորտներից թուրքական արտադրանքը թուլացավ կամ դուրս եկավ։ Ասում եմ՝ թուլացավ, քանի որ մի մասը դեռ զարտուղի ճանապարհով շարունակում է ներկրել։ Միևնույնն է՝ թուլացել են տեմպերը, ինքնարժեքն է բարձրացել։ Տեղական արտադրողները սկսել են շնչել, մի քիչ ավելի ակտիվանալ։ Մենք հիմա շատ խոցելի դիրքերում ենք։ Երբեմն մեզ ասում են՝ շուկան բացենք, թող մրցակցեն։ Դա նույնն է, որ գայլին ու փիսիկին նույն սենյակում փակեն ու ասեն՝ հավասար պայմաններ ենք դրել, դե՛, մրցակցեք։ Պարզ է, որ գայլն անմիջապես ուտելու է փիսիկին»։

Ամփոփելով վերջին մեկ տարվա արդյունքները՝ Միրաքյանն արձանագրում է՝ տեքստիլ արդյունաբերությունը, թղթյա պարագաների արտադրությունը, շինանյութերի շուկան, ջերմոցային տնտեսությունները սկսել են ակտիվանալ ու զարգանալ։ Կան նաև հաջողված օրինակներ, երբ արտադրությունը սկսվել է՝ իրավիճակից ելնելով, ու մեկ տարվա ընթացքում մեծացնելով ծավալները՝ արդեն արտահանվում է ՌԴ։ Վահրամ Միրաքյան․

«Շինանյութի ոլորտում ունենք սոսինձների արտադրություն, որը Հայաստանում առաջինն ու միակն էր։ Հիմնվեց այն պատճառով, որ թուրքական սոսինձները շուկայից դուրս եկան։ Մեր միության անդամներից մեկը ներդրում արեց, աշխատատեղեր բացվեցին։ Այժմ արդեն արտահանում է ՌԴ»։

Հայ արտադրողները նաև մտավախություններ ունեն․թուրքական ապրանքը զարտուղի ճանապարհներով նորից հայտնվում է հայկական շուկայում։ ՊԵԿ–ից «Ռադիոլուր»–ին փոխանցում են՝ առանձին հաշվառում չկա, թե տասը ամսվա ընթացքում երրորդ երկրներից թուրքական ապրանքների ներմուծման քանի՞ դեպք է գրանցվել կամ գրանցվել է, թե՞ ոչ։ Այստեղ, սակայն, գիտեն՝  հիմնական փորձերը կատարվում են Վրաստանից, մյուս մասն էլ տեղափոխվում են ԵԱՏՄ երկրներ (Ռուսաստան և այլն), ու այնտեղից հետագայում փորձում են տեղափոխել Հայաստան՝ այլ ապրանքների անվան տակ։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աննա Փախլյան․

«Սահմանափակումների մասին օրենքում բացառություններ կան օրինակ՝ միրգ–բանջարեղենի հետ կապված եթե նախատեսված են  ԵԱՏՄ անդամ երկրներ կամ այլ երկրներ արտահանելու համար, ապա  դրանց ներկրումը թույլատրված է»։ 

ՊԵԿ–ում գիտեն, թե որոնք են, ասենք այսպես, ռիսկային ապրանքախմբերը․   նախկինում   Թուրքիայից Հայաստան են ներկրվել հիմնականում  հագուստ, միրգ–բանջարեղեն։ Ուստի, այժմ  ապրանքներն ստուգում ու պիտակավորում են՝ պահանջելով նաև   ծագման երկրների սերտիֆիկատները։

Թուրքական ապրանքների արգելքով պայմանավորված դեֆիցիտը լրացվում է տեղական արտադրանքով, նաև՝ ներմուծմամբ այլ երկրներից: Փոխարինումը եղել է հիմնականում ԵԱՏՄ շուկայի միջոցով, որի շրջանակում իրականացվում է անմաքս առևտուր, ակտիվացել են  նաև  ԵՄ անդամ երկրների  շուկաները։ Վիճակագրությունը փաստում է՝  Արաբական Միացյալ Էմիրություններից այս տարի ներմուծվել է մոտ 1.3 մլն դոլարի կոշիկ։ Մինչև  2021թ  ներմուծում չի եղել։  Առաջին անգամ նավթամթերք է ներմուծվել Իտալիայից։

Տարիներ շարունակ  Հայաստանի ներմուծման կշռում թուրքական ապրանքները   մոտ 5 տոկոս են կազմել, գրեթե նույնքան էլ՝ իրանական ապրանքները։  Միայն այս թվերի համեմատությունն արդեն խոսում է այն մասին, որ Հայաստանը կարող է ավելի քան 2200 անուն ապրանք փոխարինել իրանականով ու լրացնել սպառման բացը։ Տնտեսագետ  Գագիկ Մակարյանը կարծում է, որ  իրանական շուկան թուրքականին այլընտրանք կարող է լինել գրեթե բոլոր ոլորտներում։

«Իրանում արտադրվում է  կենցաղային բարձրորակ տեխնիկա, որը կարող է թուրքական արտադրանքին փոխարինել։ Կարող ենք նաև ներկրել թունաքիմիկատներ, պարարտանյութեր, լվացքի մաքրող միջոցներ, պլաստիկ իրեր, հեծանիվ։ Իրանում արտադրվում են նաև բարձր որակի սառնարարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ»։

Փորձագետներն ընդգծում են՝ շուկայում հավասար հնարավորություններ ստեղծելու, տեղական արտադրողներին հայկական շուկայում  դիրքավորվելու  համար ժամանակ է պետք։ Ասում են՝ մրցունակ արտադրանք ստեղծելու համար կպահանջվի մինչև տասը տարի։  

Ցուցադրել ավելի
Back to top button