ԿարևորՀասարակություն

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ՝ Ռոբերտ Էլիբեկյանին, Արտյուշա Կարապետյանին և Նորայր Մեհրաբյանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Արտյուշա Կարապետյանին, ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Նորայր Մեհրաբյանին և ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի որդուն՝ Արեգ Էլիբեկյանին ու նրանց հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագրերն ու հուշամեդալները:

Կարևորելով վաստակաշատ գործիչների ներդրած նշանակալի ավանդը Երևանում արվեստի զարգացման գործում՝ քաղաքապետ Մարությանը քաջառողջություն ու անսպառ եռանդ է մաղթել նրանց:

«Տասնամյակներ շարունակ, չխնայելով ուժ, եռանդ ու ժամանակ, դուք կրթել ու կրթում եք սերունդներ, և այս կոչման մեջ կա երևանցիների շնորհակալությունը ձեր այդ նվիրական աշխատանքի համար: Պետությունը կանգուն է իր մշակույթով, և դուք ստանձնել եք հայկական մշակույթի պահպանման ու տարածման կարևոր առաքելությունը»,- նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի ու պատասխանատու կոչման համար՝ Երևանի պատվավոր քաղաքացիները խաղաղություն են մաղթել մեր երկրին, և նշել, որ անհամբերությամբ են սպասում Էրեբունի-Երևան տոնակատարության վերականգմանը, որը ոչ միայն սիրված ու սպասված է, այլև վերածվել է համաժողովրդական տոնի:

Ցուցադրել ավելի
Back to top button