ԿարևորՔաղաքական

Բլինքենը, Լավրովը, Լը Դրիանը շեշտում են ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման անընդունելիությունը

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։

Երկրները կոչ են անում կողմերին շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև, որը սկսվել է սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում կայացած հանդիպումներով, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարության մակարդակով՝ նպաստելու տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությունը:

Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած և 2021 թվականի նոյեմբերի 26-ին վերահաստատած պարտավորությունները, ինչպես նաև համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունները։

Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց ներգրավվածությունը համանախագահների հովանու ներքո՝ կոնկրետ առաջընթաց գրանցելու հումանիտար հարցերում, այդ թվում՝ պահվող անձանց, ականազերծման, անհայտ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային վայրերի պահպանության վերաբերյալ:

Կոչ է արվում կառուցողական աշխատանք տանել այլ չլուծված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպիսիք են սահմանների սահմանազատումը և սահմանագծումը, ինչպես նաև տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը:

Համանախագահ երկրները նաև մտահոգությամբ են նշում վերջին միջադեպերը հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանին և վերահաստատում են, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումըն անընդունելի է։ Համանախագահ երկրները նաև հիշեցնում են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին համապատասխանելու իրենց պարտավորության մասին և կողմերին կոչ են անում անհապաղ վերացնել միջազգային մարդասիրական կազմակերպությունների՝ հակամարտությունից տուժած տարածքներ և բնակչություն մուտք գործելու բոլոր սահմանափակումները:

Համանախագահ երկրները խրախուսում են կողմերին ընդունել համանախագահներին տարածաշրջանում որքան հնարավոր է շուտ՝ թույլ տալու նրանց առաջին ձեռքից գնահատել իրավիճակը տեղում, շոշափելի առաջընթաց գրանցել վերը նշված հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում և համաձայնություն ձեռք բերել հետագա գործունեության օրակարգի շուրջ:

Նրանք նաև վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքին և կողմերին խրախուսում են լիարժեք համագործակցել նրա հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ աշխատելու կողմերի հետ՝ գտնելու համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերի համար՝ իրենց մանդատի համաձայն՝ ապահովելու Հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագան:

Ցուցադրել ավելի
Back to top button