ԿարևորՄիջազգային

Reuters-ի թղթակցի հարցից հետո TRT-ն դադարեցրել է Չավուշօղլուի ասուլիսը լուսաբանող եթերը

Պաշտոնական այցով Կատարում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուն հանդիպել է Կատարցի պաշտոնակից Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանիի հետ: 

Ինչպես Ermenihaber-ն է գրում, hանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ուշագրավ դրվագ է տեղի ունեցել, երբ Reuters-ի կատարցի թղթակիցը Չավուշօղլուից հետաքրքրվել է, թե արդյոք թուրքական պատվիրակությունը Կատարից փող խնդրելու համար է եկել Դոհա:

Լրագրողը  Թուրքիայի արտգործնախարարին մասնավորապես հարցրել է. «Արդյո՞ք Թուրքիայում տիրող տնտեսական քաոսը հաղթահարելու համար եք եկել Կատարից ֆինանսական աջակցություն խնդրելու»: 

Այս անհարմար հարցից անմիջապես հետո թուրքական պետական TRT հեռուստաալիքը դադարեցրել է ասուլիսը լուսաբանող ուղիղ եթերը:

Չավուշօղլուն, այնուամենայնիվ, պատասխանել է ակնհայտորեն իրեն դուր չեկած հարցին՝ ասելով, որ իրենք Կատար են եկել ոչ թե փողի, այլ հարաբերությունները բոլոր ոլորտներում խորացնելու համար:

Չավուշօղլուն ասել է նաև, որ սխալ է միջազգային լրատվամիջոցների տարածած այն պատկերը, թե իբրև թուրքական տնտեսությունը խորտակված վիճակում է: Ըստ թուրք նախարարի՝ դրա մասին են վկայում տնտեսության ու արտահանման դրական ցուցանիշները։

Չավուշօղլուից 1 օր հետո՝ դեկտեմբերի 7-ին, Կատար է մեկնել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: 

Փորձագիտական հանրության շրջանում տիրապետող է այն կարծիքը, ըստ որի՝ թուրքական կողմը ցանկանում է ֆինանսական օգնություն ստանալ Կատարի իշխանություններից, որպեսզի կայունացնի լիրայի վիճակը և տնտեսական իրադրությունը երկրում: 

Ցուցադրել ավելի
Back to top button