ԿարևորՀասարակություն

33 տարի անց՝ Գյումրիում դեռ 2270 տնակ կա

88-ի երկրաշարժից 33 տարի անց աղետի հետևանքները Գյումրիում դեռ չեն վերացվել։ 3 տասնամյակ բնակարաններ են կառուցվել, բայց այս քաղաքում դեռ 2270 տնակ կա։

Զոհերի հիշատակը խնկարկելու նպատակով Գյումրի ժամանած փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ասել է, որ կառավարությունը անելու է ամեն բան՝ երկրաշարժից հետո առաջացած խնդիրները լուծելու համար։

33 տարում խամրած հիշողությամբ ու սպիացած վերքերով՝ Գյումրիում այսօր խնկարկեցին 88-ի զոհերի հիշատակն ու նորից՝ կոչեցին ապրողաց։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս․ Աջապահյան․ «Ողբամ մեռելոց, կոչե՛մ ապրողաց․ ապրենք նաև իրենց փոխարեն։ Ապրել՝ չի՛ նշանակում գոյատևել, պետք է ապրել լիարժեք, իբրև հայրենասեր և աստվածասեր անձ»։

Երկրաշարժից հետո Գյումրիում սերունդներ են փոխվել, բայց քաղաքում դեռ աղետը հիշեցնող տնակներ կան։

«Երկրաշարժից հետո Գյումրիում 18 000 բնակարան է կառուցվել, հետո՝ 2010-ին, 1056 բնակարան՝ Մուշ երկուսի երկրորդ թաղամասում, 1756 բնակարան էլ՝ 2012-ին։ Բայց քաղաքում դեռ 2270 տնակ կա։ Դրանցից 500-ում մարդ չի բնակվում»,-ասում է քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ու հավելում, որ անօթևանների խնդիրը քաղաքապետարանի առաջնահերթությունների թվում է։

«Գյումրիի համայնքային բյուջեի միջոցներով 9 բնակարան է գնվել, 41 բնակարան հատկացրել ենք «Առդա» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցելով։ Հիմա Մուշ թաղամասում համայնքը 5 800 մ  հող է հատկացրել և «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի աջակցությամբ 2 բնակելի շենք է կառուցվում 40 բնակչի համար, նաև մանկապարտեզ՝ 50 երեխայի համար»։ 

Գյումրիում անօթևանենրի խնդրով զբաղվող հանձնաժողով է ստեղծվել։ Յուրաքանչյուր տնակաբնակի խնդրի վերաբերյալ փաթեթ է կազմվել և ներկայացվել կառավարություն։ 

Աղետի հետևանքները վերջնականապես վերացնելու խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է,- ասում է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը․

«Այսօր էլ, մասնակցելով մեր անմեղ նահատակների հիշատակի օրվա տարելիցին և մեր հարգանքի տուրքը մատուցելով՝ ևս մեկ անգամ պարտավորվում ենք, որ անելու ենք հանրավոր ամեն ինչ, որպեսզի օր առաջ լուծենք Շիրակում երկրաշարժի հետևանքով ծառացած խնդիրները»։

Համբարձում Մաթևոսյանն ասում է, որ խնդրի լուծման գործիքները կառավարության սուբվենցիոն ծրագրերն են։ 3 տարում 8 մլրդ դրամի ծրագրեր են իրականացվել կառավարության համաֆինանսավորմամբ։ Քաղաքաշինության  կոմիտեի հետ առաջիկա քննարկումից հետո կուրվագծվեն 2022-ի ծրագրերը Գյումրիում։

Back to top button