Արմատներ

Ռուբեն Մաթևոսյան՝ դարի երգիչը․ «Արմատներ»

Նրան անվանել են հայ երգի արքա, բոլոր ժամանակների անկրկնելի երգիչ, դարի ձայն: Նրա երգը, կատարման վարպետությունը օրինակ է եղել բազմաթիվ երգիչների համար, հատուկ նրա ձայնի համար երգեր են գրել ժամանակի լավագույն երգահանները, բազմաթիվ երգեր առաջին անգամ նրա կատարմամբ ենք լսել, և որպես նմուշ, օրինակ, որպես կատարյալ մեկնաբանություն ընդունել ենք հենց այդ կատարումները:

Արվեստաբան Սերգեյ Առաքելյանը նրան նվիրված գիրքը վերնագրել է «Դարի ձայնը»: Սովորաբար նման հզորության ձայն ունեցողներին ուղղորդում են դեպի օպերային արվեստ, դեպի դասական երգեցողություն: Ի՞նչն էր, որ Ռուբեն Մաթևոսյանին պահեց չասենք ժողովրդական, ասենք ազգային երգի անդաստանում․ գուցե հենց նրա սերը դեպի հայրենի երգը, երգի այդ տեսակի յուրահատուկ զգացողությունը, որ ծնողներից էր ժառանգել, գուցե դա ճակատագրով էր նախասահմանված, որ հենց նա պիտի այդ երգի կատարողականությունը հասցներ կատարելության ու դառնար օրինակ:

Որպես երգիչ Ռուբեն Մաթևոսյանը հասցրել է լինել աշխարհի բազմաթիվ երկրներում, բայց միշտ վերադարձել է հայրենիք, միշտ ցանկացել է, որ իր ձայնը հայրենիքում հնչի, հայրենիքի եթերից տարածվի աշխարհի վրա: Որպես մանկավարժ նաև լավ երգիչներ է կրթել ու աճեցրել, հիմա էլ արդեն 80 ամյա վարպետը պատրաստ է օգնելու ազգային երգի ուղին բռնած սկսնակ երգիչներին, և այսօր արդեն իր տարիքի ու վաստակի բարձրությունից երգի անդաստան ոտք դրած բոլոր երիտասարդ երգիչներին հորդորում է սիրել հայրենիքը, ազգային երգը, հայ մշակույթը, հավատարիմ մնալ արմատներին, հպարտ լինել ազգային ժառանգությամբ:

Back to top button