ԿարևորՀասարակություն

ՀՀ անցակետերում օտարերկրացի քաղաքացիներն էլ կարող են ՊՇՌ թեստ հանձնել

Վերականգնվել է ՀՀ սահմանի անցման կետերում ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար ՊՇՌ լաբորատոր հետազոտություն անցնելու հնարավորությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունն ու նշում, որ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի Ն 1514-ն որոշման մեջ:

Որոշումն ամբողջությամբ՝ ստորև.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման հավելվածի 2-րդ կետում «սերտիֆիկատ չունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց» բառերը փոխարինել «սերտիֆիկատ չունեցող անձանց» բառերով.

2) որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Բացի սույն հավելվածի 2-րդ և 2.1-ին կետերով սահմանված սերտիֆիկատի և պատվաստման սերտիֆիկատի առկայության և զննության արդյունքներով հոսպիտալացման ենթարկվելու դեպքերից՝ մյուս բոլոր դեպքերում անձը ենթակա է ՊՇՌ հետազոտության համար նմուշառման՝ օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:»․

3) որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու և սույն հավելվածի 3-րդ կետին համապատասխան՝ ԱՐՄԵԴ համակարգում գրանցվելուց հրաժարվելու կամ 2.1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատ չունենալու դեպքում նրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելն արգելվում է»։

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ ապահովել որոշման հավելվածի 8-րդ կետի պահանջները:

3. Սույն որոշումը տարածվում է 2021 թվականի դեկտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Back to top button