ԿարևորՀասարակություն

Ինչո՞վ է միջանցքը տարբերվում ճանապարհից. պաշտոնական Երևանը շեշտում է՝ Բաքուն շեղվել է բուն թեմայից ու սպառնում է

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Իլհամ Ալիևի հայտարարությանը, որով Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Ադրբեջանի պայմաններն ընդունելու կոչով և նշել, թե հայկական կողմից սպասում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ նշվի։

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները իրենց բովանդակությամբ կապ չունեն նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետ, հակասում են Եռակողմ աշխատանքային խմբում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին, հետապնդում են ապակառուցողական և սադրիչ նպատակներ, սպառնալիք են պարունակում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ։

Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը նաև մեղադրել է ճանապարհների և կոմունիկացիաների հարցում ոչ անկեղծ մոտեցումներ ցուցաբերելու մեջ:

Հայաստանի արձագանքը հետևյալն է՝ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն իրենց բովանդակությամբ կապ չունեն նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետ, հակասում են Եռակողմ աշխատանքային խմբում և Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններին, հետապնդում են ապակառուցողական և սադրիչ նպատակներ, սպառնալիք են պարունակում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ,

Ճանապարհների և կոմունիկացիաների հարցում Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պայմանավորվածություններն արձանագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում: Այդ հայտարարություններում Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանին միջանցք, միջանցքային տրամաբանության ուղի տրամադրելու որևէ պարտավորություն, պայման, պայմանավորվածություն չկա:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է փաստի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի  ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը, և վտանգելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը:

Արտաքին գերատեսչության այս արձագանքը հաջորդում է Ալիևի հայտարարությանը, թե ինքը սպասում է, որ Հայաստանը այպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետ նշի։ Ալիևը հոխորտացել էր, թե այդպիսով Հայաստանը կխուսափի խնդիրներից, և հարցը խաղաղ ճանապարհով կլուծվի։

Միջա՞նցք, թե՞ ճանապարհ․ այս բանավեճը հայ-ադրբեջանական հակամարտության օրակարգում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր։ Որ երկու երկրները կկարողանան միմյանց տարածքով տրանսպորտային կապ ունենալ՝ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով է հաստատել։ Միայն թե ճանապարհի կարգավիճակն է շարունակում հարց մնալ։  «Միջանցքային» տրամաբանությունը Հայաստանի համար ընդունելի չէ ու չի լինի՝ Փաշինյանի արձանագրումն է։

Ռուսաստանի փոխվարչապետ, ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահող Ալեքսեյ Օվերչուկը նոյեմբերի 5-ին Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է՝ լուծումների փնտրտուքը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա. ճանապարհների նկատմամբ պահպանվում է այն երկրների ինքիշխանությունը որոնց տարածքով անցնում են այդ ճանապարհները, և որ սահմանների հատման ժամանակ հսկողության տեսակներն իրականացվելու են փոխադարձության սկզբունքով: Ավելի վաղ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ եռակողմ աշխատանքային խմբում միջանցքի հարց չի քննարկվում:


Որո՞նք են «միջանցք» և «ճանապարհ» ձևակերպումների էական տարբերությունները, և ինչ է ակնկալում  պահանջող կողմը դա շրջանառելով․ թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը խոսքով՝

«Միջանցքը հետևյալ տրամաբանությունն ունի ներառում է անվտանգության գոտի, և միջանցքով երթևեկող պետությունն իր համար ավելի մեծ վստահություն վայելող խաղաղապահ ուժերի ներկայություն է պահանջում (օրինակ՝ Ադրբեջանն ուզում է, որ այդտեղ թուրք խաղաղապահներ տեղակայվեն), այնուհետև այդ խաղաղապահներին սպասարկող անձնակազմ, բնականաբար, կրկին իրենց խաղաղապահների ցանկությամբ, թե ովքեր են լինելու՝ թուրքեր, ադրբեջանցիներ, հայեր»։

Ո՞րն է «անվտանգության գոտի» կոչվածն ավտոճանապարհի համար, և ինչո՞ւ է դա Ադրբեջանի համար այդքան ցանկալի․ Հովհաննիսյանն ասում է․

«Անվտանգության գոտին այն է, երբ ճանապարհի աջ և ձախ կողմերից ինչ-որ լայնությամբ և երկարությամբ չտեղակայվեն ոչ մի տեսակի ռազմական ուժեր, չլինի բնակչություն, բնակավայր, ու այս գոտիներում տեղակայվեն խաղաղապահներ։ Սա է հենց մտնում միջանցքի տրամաբանության մեջ։ Ադրբեջանի ամբողջ նպատակը հենց սա ՝ ստանալ ճանապարհ, այնուհետև պահանջել անվտանգության գոտի»։

Ալիևը չի դադարեցնում միջանցք ստանալու սպառնագին հայտարարությունները, մինչդեռ հայկական կողմը պարբերաբար շեշտում է՝ ճանապարհների բացմանը կողմ ենք, նման կարգավիճակին՝ ոչ։

Կարծես տարաձայնություններ կան նաև այն մասով, թե ինչպես են անցնելու ապաշրջափակվող ուղիները։ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ խոսել էր երկաթուղային հնարավոր հաղորդակցության ուղիների մասին։

«Իջևան-Ղազախ հատված, Բերդ-Թովուզ հատված, Անգեղակոթ-Բիչենեկ հատված, Հորադիս-Երասխ հատված, Հորադիս-Մեղրի-Օրդուբադ-Երասխ հատված։ Մեր ընկալումն այն է, որ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղին պետք է կառուցի Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում, Ադրբեջանը՝ իր»։

Ապաշրջափակվելիք ավտոմոբիլային ուղիների մասով խոսակցությունները դեռ ենթադրությունների մակարդակում են։ Կարեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը հավակնում է ճանապարհ ստանալ Քարվաճառի, Իշխանասարի կողմից, որը Սիսիանով ու Անգեղակոթով կհասցնի  Նախիջևան։ Հայկական կողմի համար, ըստ ամենայնի, առավել ընդունելի է Խնձորեսկի, Գորիսի կողմից եկող ուղին, որն էլի Անգեղակոթով տանելու է Նախիջևան։ Խորհրդային տարիներին հենց այս ճանապարհն է շահագործվել։

Շարունակելով թեման՝ թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը նկատում է՝ «միջանցքի» և «ճանապարհի» տարբերությունները չեն սահմանափակվում միայն անվտանգության գոտու առկայությամբ և օգտվող կողմի ցանկությամբ խաղաղապահների ներկայությամբ։  

«Ըստ էության, արդեն ստացվում է նաև, որ միջանցք տվող պետությունը ճանապարհային այդ տարածքում սահմանափակ լիազորություններով է երթևեկ իրականացնում, և այն պետությունը, որը միջանցք է ստանում, ոչ մի տեսակի մաքսատուրք կամ տրանզիտային վճար դրա դիմաց չի տալիս»։

 «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետ պահանջելու մասին Ալիևի  ոչ զուսպ հայտարարությունը Բաքվի ծավալապաշտական նկրտումների հերթական դրսեւորումն է՝ ասում է Հովհաննիսյանը։  

«Ինչքան էլ Ալիևի հայտարարությունն ուղղված լինի ներքին լսարանին, միևնույն է՝ ես կարծում եմ, որ մեզ համար սա շատ կարևոր մեսիջ էր՝ բարձրացնելու այս հարցը միջազգային հանրության առջև՝ սաստելով Ալիևին։ Մյուս կողմից ՝ես հասկանում եմ Ալիևի հայտարարությունը հենց այն բնակավայրում, որտեղ ևս կան անջատողական տրամադրություններ «Ադրբեջան» արհեստածին միավորումից»։

Միջանցքի հարցում հայկական կողմը, թերևս, ավելի ազնիվ է, քանի որ ավելին չի խոստացել  կամ ասել հայ հանրությանը, մինչդեռ ադրբեջանական կողմն օրակարգ բերված տխրահռչակ «Զանգեզուրյան միջանցք» ձևակերպմամբ փորձում է «կերակրել» իր լսարանին։ Հովհաննիսյանի դիտարկումն է։ Իսկ պաշտոնական Երևանը հայտարարում է՝ ռուսական կողմի միջնորդությամբ տարվող ապաշրջափակման բանակցություններում խառնաշփոթ աառաջացրած այսհավակնոտ ձևակերպումը առաջին հերթին ադրբեջանական պակառուցողական և սադրիչ նպատակ է, որը սպառնալիք է պարունակում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ։

Ադրբեջանին միջանցք, միջանցքային տրամաբանության ուղի տրամադրելու որևէ պարտավորություն, պայման, պայմանավորվածություն չկա․ ՀՀ ԱԳՆ-ն է հայտարարում։

Back to top button