ԿարևորՔաղաքական

Զգուշավոր որոշում՝ օբյեկտիվ կանխակալության մեջ չմեղադրվելու համար․ ՄԱԿ դատարանի որոշումը՝ ըստ միջազգային իրավունքի մասնագետի

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում  դատավոր Ջոան Դոնոգյուն քիչ հետո կընթերցի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի » միջպետական գանգատի շրջանակում հայկական կողմի ներկայացրած հրատապ միջոցի կիրառման մասին կայացրած դատարանի որոշումը։

Մինչ բուն գանգատի քննությունը Հայաստանը պահանջել էր, որ հայ գերիների վերադարձի, Ադրբեջանում «Ռազմավարի պուրակի փակման ու հայկական մշակութային կոթողների պաշտպանության հարցերով հրատապ միջոց կիրառվի։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դատարանում  ներկա կլինեն միայն դատարանի անդամները և կողմերի ներկայացուցիչները:

Անհապաղ ապահովել 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձը, փակել Բաքվի ռազմավարի պուրակը, չոչնչացնել հայկական պատմամշակութային հուշարձանները․ ՀԱԱԳԱ ներկայացրած «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատի շրջանակում պաշտոնական Երեւանը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի վերոնշյալ պահանջով հրատապ միջոց կիրառվի։ Այսօր ՄԱԿ-ի արդարադատության  միջազգային դատարանում, բառացիորեն րոպեներ անց, կհրապարակվի Հայաստանի ներկայացրած հրատապ միջոցի կիրառման մասին որոշումը։

Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան միջազգային գանգատ էր  ներկայացրել Բաքվի դեմ՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին»՝  միջազգային կոնվենցիայի խախտումների հիմքով։

Համանման գանգատ Հայաստանի դեմ  ներկայացրել էր նաեւ Ադրբեջանը։ Սա Հայաստանի անկախ հանրապետության պատմության մեջ առաջին  միջպետական գանգատն է, որ ներկայացվել է ՀԱԱԳԱ-ի դատարան։

Հոկտեմբերին  լսումներ տեղի ունեցան ներկայացված հրատապ միջոցի կիրառման հարցով։ Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց բազմաթիվ ապացույցներ նաեւ միջազգային իրավունքի այլազգի մասնագետների վկայակոչմամբ։ Դրանք նույնպես  վկայում էին, որ Ադրբեջանը էթնիկ զտումներ է կատարում, խոշտանգում և նվաստացնում է հայ գերիներին:

Լսումների ժամանակ հայկական կողմի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հստակեցրել է, որ Միջազգային դատարանը պետք է հրատապ միջանկյալ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի դեմ: Դրանց անհրաժեշտ են հայերի իրավունքները հետագա ոտնձգություններից պաշտպանելու համար․

«Այս հայցի միջոցով Հայաստանը ձգտում է կանխել  բռնությունն ու ատելության սրումը էթնիկ հայերի նկատմամբ՝  մինչեւ բուն գործի էությամբ որոշում կայացնելը»։

Հրատապ միջոցի կիրառումը, ըստ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի, անհրաժեշտ է՝ մինչև վճռի կայացումը անդառնալի իրավիճակներից խուսափելու համար։ 

«Օրինակ` գերիների հարցում վճռի կայացումը կարող է մի քանի տարի տեւել, ու այդ ժամանակ այլեւս վճռի կարիք գուցե չլինի։ Դրա համար շատ կարեւոր է հրատապ միջոցների կիրառումը՝ հայ գերիների կյանքը փրկելու համար։  Դա պետք է անդառնալի հետեւանքներից խուսափելու համար»,-նշում է Ղազարյանը։

Միջազգային իրավունքի մասնագետը կարծում է, որ  միջանկյալ որոշումը  կկանխորոշի վերջնական վճիռը, սակայն ՄԱԿ-ի դատարանը ամեն կերպ կփորձի զգուշավոր լինել իր որոշումներում։ 

«Շատ կարեւոր որոշումներ են լինելու։ Դատարանը, կարծում եմ, կփորձի շատ զգուշավոր մոտեցում ցուցաբերել, որպեսզի, անկախ իր կամքից, չհայտնվի օբեկտիվ կանխակալության դիրքերում։ Կամ, որ չմեղադրեն դատարանին, թե կայացրել է որոշում, որով կանխորոշել է ապագա վճռի էությունը։ Դրա համար ՀԱԱԳԱ-ի դատարանը միայն իր իրավասության ներքո գտնվող  հարցերի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում կկայացնի, օրինակ՝ ապահովել ռազմագերիների անվտանգությունը, բայց նրանց անհապաղ Հայաստան վերադարձնելու հարցով կասկածում եմ, որ նման որոշում կայացնի։ Հայատյացության քաղաքականության դադարեցման ու պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցերում հնարավոր է, որ  դատարանը որոշումներ կայացնի»։ 

Արա Ղազարյանի կարծիքով՝ ՀԱԱԳԱ-ի դատարանը երկուստեք կբավարարի Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացրած հրատապ միջոցների կիրառման մասին միջնորդությունները։ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտադիր կատարման ենթակա են։ Այն հեղինակավոր որոշում կլինի ու պատմական փաստ, ինչի հիման վրա հետագայում կարող են քաղաքական որոշումներ կայացվել, կամ բանակցություններ վարվել,-հստակեցնում է Արա Ղազարյանը։

«Չափազանց կարեւոր է դատական ակտը՝ անկախ հանգամանքից, թե որքան արագ կկատարվի, կկատարվի՞, թե՞ չի կատարվի։ Սկզբունքորեն պարտադրող ուժ ունի որոշումը, սակայն պրակտիկայում դրանց կատարումը վերահսկելու մեխանիզմները լավ մշակված չեն։ Անվտանգության խորհուրդն է, որ կարող է որոշակի վերահսկողություն իրականացնել, բայց դա ԱԽ հիմնական գործառույթը չէ»։

Բաքուն այսօր պետք է տեղկություններ տրամադրեր նաև նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի սահմանային հատվածից գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ։  ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել Բաքվին՝ նրանց մասին տեղեկություններ տրամադրելու համար, սակայն Բաքուն լրացուցիչ ժամանակ էր խնդրել, ինչն սպառվել է։ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաև՝ իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը միջազգային դատարանին խնդրել էին կիրառել հրատապ միջոցներ, որպեսզի Բաքուն տեղեկություն տրամադրի նոյեմբերին 16-ին գերեւարված հայ զինծառայողների մասին։ Նախնական տեղեկություններով՝ նշվում էր  32 գերիների մասին, սակայն նրանցից մեկին Բաքուն վերադարձրեց  դեպքից որոշ ժամանակ անց, իսկ 10-ը գերիներ վերադարձվեցին օրերս։

Թե ինչ է ասել Ադրբեջանը նրանց մասին, ՄԻԵԴ-ին դեռ հայտնի չէ․ «Ադրբեջանը ամբողջական տեղեկատվություն չի տա, քանի որ ձգտում է ձգձգել գործընթացը։ Այդ երկիրը անգամ հարազատների հետ կապը չի ապահովել»։

«ՄԻԵԴ-ը տեղեկությունը կստանա ու կփոխանցի Հայաստանին»,- ասում է Արա Ղազարյանը։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը մոտ 200 հայց էր ներկայացրել ՄԻԵԴ՝ 280 անձի վերաբերյալ։ Նրանց մի մասը գերեվարվածներ են, մյուսները՝ անհետ կորածներ։ 

Back to top button