ԿարևորՀասարակություն

Թեժ խորհրդարան․ գաղտնի տեսագրություն և քողարկված նպատակներ

Ազգային ժողովը քվեարկությամբ մերժել է «Հայաստան» խմբակցության առաջարկը՝ սահմանազատման և սահմանագծման խնդիրների շուրջ քննարկում կազմակերպելու վերաբերյալ։ Աշխատանքային օրվա մեծ մասը, սակայն, անցել է հենց այս հարցի քննարկմամբ։ Բովանդակային քննարկում չի եղել, ընդդիմությունն ու իշխանությունը նորից մեղադրել են իրար։

Մինչ խորհրդարանը քննարկում էր «Հայաստան» խմբակցության առաջարկը, համացանցում  հայտնվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ մի տեսանյութ, որի առնչությամբ խորհրդարանի ղեկավարը հետո հանդես եկավ պարզաբանումով։  

Համացանցում շրջանառվում է գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որտեղ երկուսը  խոսում են Ադրբեջանում պահվող գերիների մասին։ Նրանցից մեկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է։ Զրույցի մի հատվածում գերության մեջ հայտնված զինվորներին նա մեղադրում է դասալքության համար։

«Մի քիչ կարող ա սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան»։

Սա ընդամենը հատված է աղմուկ հանած տեսագրությունից։ Արդեն Աժ-ի միջանցքում խորհրդարանի ղեկավարը պարզաբանել է, որ չի ուզում կանխակալ վերաբերմունք ձևավորել։ Վկայակոչում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ քննություն սկսելու վերաբերյալ։

«ՀՀ օրենքի պահանջն է դա, ինչպես նաև վարչապետն է խոսել դրա մասին ԱԺ ամբիոնից։ Քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ նման դեպքերում պետք է պատասխանատվություն կրվի։ Եվ այդ պատասխանատվությունը կրում են բոլոր այն մարդիկ, որոնք օրենք են խախտել և, ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն, նախընտրել են հանձնվել։ Չկրակելու որևէ հրաման չի եղել և չի կարող լինել»։

Ձայնագրության մասին խոսելիս Ալեն Սիմոնյանը պնդում է՝ տեսագրությունը մոնտաժված է․

«Ես տեսել եմ տեսանյութը, պետք չէ ինձ ցույց տալ։ Ես շատ ցավում եմ, որ մեր հայրենակիցները, որոնք ներկայանում են աջակից և գալիս, խնդրում են, ասում են՝ կարող ենք Ձեզ մի քանի հարց տալ, և ես իրենց հարցերին եմ պատասխանում, ընթացքում ես նկատեցի, որ մի աղջիկ կար, որի անունը Հասմիկ էր, հեռախոսը այսպես պահել էր, ես խնդրեցի չնկարահանել, որովհետև չեմ ուզում հրապարակայնացնել զրույցը, ինքը ասաց՝ չէ,  չէ, չէ, ի՞նչ եք ասում։ Ես չեմ ցանկանում որակում տալ, թե դա ինչ է։ Չէ, ես խոսքերս հետ չեմ վերցնում։ Ինձ համար բանակցային մասով ես պետք է համարեմ, որ իրենց ( գերիների- խմբ․) մասով ես պետք է շատ զգույշ լինեմ, որովհետև նման իրավիճակները  օգտագործվում են ՀՀ շահերը հետ մղելու համար»։  

ՀՀ շահերին և Հայաստանի սահմաններին առնչվող նախաձեռնությամբ խորհրդարանում այսօր հանդես է եկել «Հայաստան» խմբակցությունը։ Մեծամասնությունը կողմ կքվեարկեր ընդդիմադիրների հայտարարության տեքստին, եթե այն ուղղված լիներ Ադրբեջանին և միջազգային հանրությանը։ Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող հայտարարությունը, սակայն, մերժվեց, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դրանում տեսել են քողարկված ներքաղաքական նպատակներ՝ կառավարությանը անվստահություն հայտնելու հիմքեր։

«Իրականում հայտարարությունը բաղկացած է երեք բաժիններից»,- ասում է «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Գնահատական թուրք-ադրբեջանական ագրեսիային, երկրորդը՝ պահանջում ենք բոլոր պայմանավորվածությունները կատարել Հայաստանում գործող օրենսդրական ընթացակարգերի համաձայն, սահմանազատման և սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին,  նաև պետության անվտանգության ազգային և միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով բանակը արագ վերականգնել, սահմանները ամրապնդել և բարելավել, հստակեցնել, կատարելագործել ռազմավարական  գործընկերների հետ մեր հարաբերությունները»։

ՔՊ-ական պատգամավորները վերապահում ունեն առավելապես երկրորդ և երրորդ կետի առնչությամբ։ Նախօրեին նույն հարցի քննարկումը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում տևել է 3 ժամ։

Իշխող ուժի պատգամավորները չեն վստահում ընդդիմադիրներին, հիմնավորում են Հռիփսիմե Գրիգորյանն ու Մարիա Կարապետյանը․  

Հռիփսիմե Գրիգորյան․ «Ինչ է նշանակում ի լուր աշխարհի սեփական կառավարությունից պահանջել չխախտել ՀՀ Սահմանադրությունը, չկատարել գործողություններ, որոնք չեն բխում ՀՀ շահերից, այսինքն՝ մեղադրել, որ ՀՀ կառավարությունը կարող է այսպիսի բան անել»։

Մարիա Կարապետյան․ «Հանձնաժողովը կարծում է, որ սահմանագծման և սահմանազատման օրակարգը ոչ թե պետք է փոխկապակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այլ՝ տարանջատել։ ՀՀ-ն ունի ինքիշխան տարածք, և այն պետք է պաշտպանվի՝ այդ թվում սահմանազատման և սահմանագծման գործընթացի միջոցով։ Կարևոր է նաև նկատի ունել, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարթակը ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունն է, և Հայաստանի ու Արցախի շահերից չի բխում եռանախագահության ներքո քննարկվելիք հարցերը տեղափոխել կամ փոխկապակցել սահմանազատման և սահմանագծման օրակարգի հետ»։

Ընդդիմադիրները հակադարձում են՝ ցանկանում են հայտարարությամբ աջակցել և ուժեղացնել Հայաստանի դիրքերը բանակցային սեղանի շուրջ։ Դա է պատճառը, որ պնդում են՝ հայտարարության խմբագրված տարբերակը մի քանի օրից կրկին կդրվի շրջանառության մեջ։ Դեկտեմբերի 14-ին ժամը 12-ին պատգամավորների ¼-ի ստորագրությամբ առաջարկելու են արտահերթ նիստ նույն օրակարգով,- տեղեկացրեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։  

Խորհրդարանական մեծամասնությունը պատրաստվում է լրամշակվող տարբերակի համար հանդես գալ առաջարկներով և գործող իշխանությանը մեղադրող տողերի այլընտրանք ներկայացնել։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան․ «Դո՛ւք, պարո՛ն Օհանյան և հարգելի՛ գործընկերներ, բերել եք անվտանգության հարցերի սոուսի ներքո ցանկանում եք քաղաքական ենթատեքստ պարունակող հայտարարություն հրամցնել մեր հանրությանը։ Գուցե այդ արտահերթ նիստի ժամանակ հայտարարության նախագծում նշեք նաև, որ կոչ եք անում խորհրդարանական ընդդիմությանը ևս ժողովրդի թիկունքում հանկարծ պայմանավորվածությունների մեջ չմտնել, որովհետև մեր հանրության մեջ կա նաև շատ հիմնավոր կասկած, որ ձեր քաղաքական ուժը և իր ղեկավարը ևս, օրինակ՝ ադրբեջանական իշխանությունների հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների մեջ է։ Ես խնդրում եմ այս առաջարկը դիտարկել և ձեր հայտարարության մեջ ներառել, պարո՛ն Օհանյան»։

Սա միակ մեղադրանքը չէր, որ հնչեց այսօր Ազգային ժողովում։ Որպես կանոն՝ մեղադրանքների կիզակետում գործող իշխանությունն էր՝ մեկ, և Ռոբերտ Քոչարյանը՝ մյուս կողմից։ 

Ցուցադրել ավելի
Back to top button