ԿարևորՀասարակություն

Ընտանեկան բռնության դեպքերով դիմումները նվազել են, իրական դեպքերը՝ ոչ

Իրավապահներին ուղղված դիմումներն ավելի քիչ են , քան իրական դեպքերը․ Ընտանեկան բռնության դեպքերն այս տարվա առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են՝ փաստում են Ոստիկանության տվյալները։ Իսկ ոլորտի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններն արձանագրում են՝ դիմումներն ավելի քիչ են, քան իրական դեպքերը։

Գենդերային բռնության դեմ պայքարի ամենամյա միջազգային 16-օրյակի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան գործարկել են «SafeYOU» հավելվածի նորացված տարբերակը, որտեղ կանայք ու աղջիկները կարող են իրազեկվել իրենց իրավունքների, առողջության, զբաղվածության և այլ թեմաների մասին, ստանալ մասնագիտական խորհրդատվություն, իսկ բռնության դեպքում ահազանգել մասնագիտական աջակցություն տրամադրող կառույցներին։

38-ամյա զրուցակիցս 17 տարվա ամուսնական կյանքից դրական որևէ հիշողություն չունի։ Այն, ինչ ունեցել է այդ տարիների ընթացքում, ընտանեկան արժեքներին որևէ կերպ չի աղերսվում ։ Ասում է՝  փորձել է համակերպվել իրողություններին՝ հասկանալով, որ 2 երեխաների հետ գնալու տեղ չունի և մտածելով հասարակության  կարծիքի մասին ։  

«Օգտագործվում էի այնտեղ որպես աշխատուժ։ Իրի նման են վարվել։ 16 տարիների ընթացքում հասկացա, որ նույնիսկ երեխաներիս դաստիարակությամբ չեմ կարող  զբաղվել։ Բռնությունն էլ իր բոլոր տեսակներով  արտահայտվել է իմ կյանքում։  Հենց ծեծը, ծաղրանքը, նվաստացնելը, բռնությունն իր բոլոր ենթատեսակներով կար իմ առօրյայում»։

Զրուցակցիս օրինակը բացառիկ է նրանով, որ ընտանեկան բռնությանը  առերեսվել է ոչ միայն վերջին 17 տարիներին, այլև՝  դրանից առաջ էլ։

«Կրկնակի ենթարկվել եմ ընտանեկան բռնության։ Մանկությունից տեսել եմ, թե դա ինչ է։ Հայրս 40 տարի մորս սպառնաց ու այդպես էլ եղավ՝ սպանեց։ Աչքերս բացվեցին այն պահին, երբ ջահել 52 տարեկան մորս դին հանեցին մեր տնից։ Այդ պահին ներքին մի ձայն ինձ ասեց՝ արթնացիր, քանի կացինն ու դանակը քո գլխին էլ չի ծանրացել։ Ամուսինս արդեն դանակով էր սպառնում»։  

Այս տարվա  առաջին ինն ամիսներին՝  ընտանիքում բռնության դեպքերը նվազել են 80-ով․ նախորդ տարվա  նույն ժամանակահատվածում  գրանցվել է 444 դեպք, այս տարի՝ 364-ը։ Դրանցից 87-ով հարուցվել են քրեական գործեր։ Ոստիկանության  ընտանեկան բռնության կանխարգելման  բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմինե Գևորգյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ ընտանեկան բռնության ենթարկվողները հիմնականում կանայք են։

«Այս տարի ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության  244 դեպք է եղել, նախորդ տարի՝ 307։ Այս տարի 9 ամսվա ընթացքում ունենք նվազում»։

Ընտանեկան բռնության հետևանքով այս տարի ամուսնու կողմից սպանվել է 2 կին՝ նախորդ տարվա համեմատ մեկով ավելի։ Գրանցվել են նաև ծնողների կողմից երեխաների և երեխաների կողմից ծնողների սպանության դեպքեր էլ։ Ոստիկանության  պաշտոնյայի խոսքով՝  ընտանեկան բռնությունը թաքնված իրավախախտում է․ կանայք հիմնականում կոծկում են ընտանիքում իրենց նկատմամբ կատարվողը, չեն դիմում պատկան կառույցներին։ Իսկ ընտանիքներում վեճերը տարաբնույթ են։

«Ունենք խանդի հողի վրա կատարված բռնության դեպքեր, կենցաղային վեճերից ծագող բռնություններ։ Լինում են դեպքեր նաև ալկոհոլի ազդեցության տակ, երբ հարբած ամուսինն առանց գիտակցելու ճնշում է գործադրում ընտանիքի անդամների վրա»։

Այն, որ ընտանեկան բռնության դեպքերով իրավապահներին քիչ են դիմում, փաստում է նաև «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը։ Այս տարի կոալիցիան ստացել է 4000 ահազանգ։ 11 տարիների ընթացքում ամենաշատ հեռախոսազանգերը կոալիցիան  ստացել է անցյալ տարի՝ 13000 զանգ։ Համավարակն ու պատերազմն են նպաստել թվերի աճին՝  ասում է։

«Երբ ընտանիքի բոլոր անդամները հայտնվեցին միևնույն հարկի տակ, փակ վիճակում, սրվեցին այն բոլոր խնդիրները, որոնք առկա են եղել։ Սկսած սոցիալական խնդիրներից, երբ  ընտանիքն ուղղակի միջոցներից զրկվեց, և դա հավելյալ ազդակ դարձավ ընտանեկան բռնության թեժացման համար վերջացրած այն դեպքերով, երբ Կոալիցիան զանգեր է ստացել նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցների կողմից։ Զանգերը ոչ միայն ընտանեկան բռնությանն են  վերաբերել, այլև սոցիալական աջակցության խնդիրներին»։

Ընտանեկան բռնության պատճառներին անդրադառնալով՝  Զարուհի Հովհաննիսյանը նկատում է՝  խնդիրը լայն ու ընդգրկուն  է։ Հասարակության մեջ դերերի և իշխանության անհավասար  բաշխման պատկերացումները, զրուցակցիս կարծիքով, անմիջականորեն ազդում են ընտանեկան հարաբերությունների վրա։

«Այդ իշխանությունը, որը գալիս է տղամարդկանցից շատ հաճախ կնոջը վերահսկելու, կնոջն ուղղորդելու, նրան նաև տնտեսական բռնության ենթարկելու, որպեսզի նա միջոցներ չունենա և գերկախվածություն ունենա բռնարարից։ Եվ որպես դրա ծայրահեղ դրսևորումներ՝ ֆիզիկական բռնությունն ու կնասպանության դեպքերը ցույց են տալիս, որ դրանք շարունակական բնույթ կրող հանցագործություններ են ։ Ի սկզբանե ունեցել են ընտանիքում դերերի և իշխանության անհավասար բաշխման պատկերացումներ։ Ընդհանուր անհավասարության մասին մոտեցումն ուղիղ ազդում է ընտանեկան բռնության թվերի աճի և ընդհանրապես ընտանիքներում կանանց և աղջիկ երեխաների հանդեպ անհավասար վերաբերմունքի վրա»։

Հայաստանում 2017 թվականին ընդունվել է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը: Այն կիրառման  ընթացքում հասարակական կազմակերպությունները բազմաթիվ թերություններ են նկատել։ Շարունակում է չլուծված մնալ ընտանեկան բռնության  քրեականացման  հարցը, որն արդյունավետ միջոց է  մի շարք երկրներում։ Օրենքում սահմանվում է ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման գաղափարը։ Բռնության ենթարկված կանանց հարցերով զբաղվող կոալիցիայի ներկայացուցչի խոսքով՝ սա արդյունավետ մեխանիզմ չէ։

«Անձինք, որոնք գտնվում են անհավասար պայմաններում չեն կարող միմյանց հետ գտնվել նույն տարածքում։ Հաշտեցում կազմակերպել այդ անձանց միջև վտանգավոր է։ Իսկ այս դեպքում հաշտեցում կազմակերպելը հղի է ոչ ցանկալի հետևանքներով»։  

Ավանդական կենցաղով ապրած զրուցակիցս մեկ հորդոր ունի բռնության մեջ ապրող կանանց՝ հավաքել ուժերը, գնահատել կյանքն  ու վերջակետ դնել բռնությունների շրջանին։

Ցուցադրել ավելի
Back to top button