ԿարևորՏնտեսական

Արտահանումը նվազել է, մաքսային վճարները ՝ ավելացել․ հանքարդյունաբերության ոլորտի պարադոքսը

Տարվա երրորդ եռամսյակի տվյալներով  Հայաստանում հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալները նվազել են, բայց մաքսային մուտքերը դրանից չեն նվազել, ընդհակառակը՝ ավելացել են։ Մասնագետները սա բացատրում են պղնձի ու մոլիբդենի գների բարձրացմամբ։ ՀՆԱ-ի կառուցվածքում  հանքարդյունաբերության կշիռը 2020-ին  3․8 տոկոս է կազմել։

Ցուցանիշը նախորդ տարիների համեմատ փոքր-ինչ աճել է, բայց  փորձագետների կարծիքով, բավարար չէ։  Նրանք շարունակում են պնդել՝ Հայաստանին տնտեսության կառուցվածքի փոփոխություն է անհրաժեշտ,  հանքարդյունաբերության ոլորտին՝  պատրաստի արտադրանք։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020թվականին Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում  հանքարդյունաբերության կշիռը կազմել է 3․8 տոկոս է կազմել։ Ցուցանիշը նախորդ տարիների համեմատ փոքր-ինչ աճել է, փոխարենը նվազել են արտահանման ծավալները։

Նորամուծության ու ձեռներեցության ազգային կենտրոնի խորհրդական, տնտեսագետ Համլետ Մկրտչյանը  վիճակագրական տվյալներ  է ներկայացնում․

«2021թվականի  առաջին կիսամյակում 95 տոկոսով կրճատվել է պղնձի հանքաքարի արտահանումը, միաժամանակ 50 տոկոսով ավելացել է մաքսային արժեքը։ Պղնձի հանքաքարը հիմնականում արտահանվել է Չինաստան, Շվեյցարիա, Բուլցղարիա, Կանադա։ Մոլիբդենի արտահանման ծավալները կրճատվել են 7 տոկոսով, բայց  մաքսային արժեքը ավելացել է  489 տոկոսով։ Արտահանման հիմնական մասը բաժին է ընկնում  Չինաստանին, Կորեայի հանրապետությանը, Շվեյցարիային»։

Փորձագետները բացատրում են՝  հանքահումքային արտադրանքի ծավալների կրճատման պատճառը համավարակն ու դրանից բխող սահմանափակումներն են։ 2020-ին գումարվել են 44-օրյա պատերազմն ու դրա ծանր հետևանքները։ Համաշխարհային շուկայում, սակայն, մասնագետները դրական միտումներ  են նկատում՝ պղնձի գինը շարունակում է աճել։ Լոնդոնի մետաղների բորսայի (The London Metal Exchange) տվյալներով` այս տարվա առաջին կիսամյակում պղնձի մեկ տոննայի գինը 9200 դոլարի սահմաններում էր: Պղնձի գների տեսանելի աճ է նկատվել  այս տարվա մարտից: Մայիսին այն մոտեցել էր 11 000 դոլարի սահմանագծին, որից հետո որոշակի տատանումներով նվազել էր մինչև 9000-9200 դոլարը:

Մինչդեռ 2020 թվականի ողջ ընթացքում պղնձի գինը չէր հատել 6600 դոլարի շեմը: Մոլիբդենի գինը նույնպես  սկսած 2018 թվականի ապրիլից բարձրանում է՝  տատանվելով 39000-43000 ԱՄՆ դոլարի միջակայքում։ Մասնագետները մաքսային արժեքի ավելացումը հենց այս ցուցանիշերով են պայմանավորում։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աննա Փախլյանը նկատում է՝  երրորդ եռամսյակի տվյալներով խոշոր հարկատուների առաջին տասնյակում  ներառված ընկերություններից երեքը հանքրադյունաբերական են։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը խոշոր հարկատուների ցանկում երկրորդ տեղում է։ Հինգերորդ հորիզոնականում է Սոթոի ոսկու հանքավայրը շահագործող «ԳեոՊրոմայնինգ»  ընկերությունը, ութերորդ տեղում ՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն է։

Փորձագետները նաև  արձանագրում են՝ Հայաստանում զարգանում են ոչ արտահանելի ճյուղերը, մինչդեռ մրցունակ տնտեսության համար կարևոր է արտահանելի ճյուղերի զարգացումը, իսկ տնտեսության կառուցվածքի փոփոխության համար ժամանակ է պետք։ Մինչ այդ արտահանման ու ներմուծման կշռում հանքահումքային արտադրանքը շարունակում է մնալ՝ ընդգծում է Աննա Փախլյանը ՝վիճակագրական տվյալներ ներկայացնելով։

«Հայաստանի արտահանման ու ներմուծման կառուցվածքում հանքահումքյաին արտադրանքը ամենաբարձր մասնաբաժին ապահովող ապրանքախումբն է։ 2021թվականի հունվար հոկտեմբերին վերջինիս բաժին է ընկել երկրի արտահանման շուրջ 333 տոկոսը, ներմուծման կառուցվածքում  մասնաբաժինը  178 տոկոս է կազմել»։

Բնապահպաններն էլ շարունակում են  թերահավատորեն վերաբերվել հանքարդյունաբերական ոլորտի զարգացման  նախագծերին։ Բնապահպան Նազելի Վարդանյանը դարձյալ  վիճակագրական տվյալներ է մեջբերում՝ հիշեցնելով՝  ՀՆԱ-ի կառուցվածքում մյուս ճյուղերի կշիռը շատ ավելի մեծ է, մինչդեռ միայն հանքարդյունաբերությունը զարգացնելով ՝ վտանգվում են մյուս ոլորտները․

«ՀՀ  վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մեր ներքին համախառն արդյունքում մետաղական հանքարդյունահանությունը կազմում է 2,8 %, տուրիզմը՝ 15%, գյուղատնտեսությունը՝ 45 %, այսինքն, այդ 2,8 %- ի համար մենք վերացնում ենք 60 %-ի զարգացման հնարավորությունը, էդ հողերը աղտոտում ենք, էդ միջավայրը աղտոտում ենք: Էս պոչամբարի կողքը որևէ տուրիստ փող չի ծախսի: Էս բնությունը մենք կորցրել ենք և՛ մեզ համար, և՛ տուրիզմի: Մետաղական հանքերում ողջ աշխատողների միայն 0.9 %-ն է զբաղված, անգամ 1 %-ը զբաղված չեն, ի՞նչ տնտեսության զարգացման մասին ենք խոսում»:

Տնտեսագետ  Համլետ Մկրտչյանը ոլորտի զարգացումն ամբողջական շղթայի մեջ է դիտարկում՝ հումքի արդյունահանումից մինչև վերամշակում ու հավելյալ արժեքի ստեղծում՝ նկատելով, որ վերջնական արտադրանք ստանալը հումք արտահանելուց ավելի կարևոր է։ Փորձագետն ընդգծում  է  նոր պղնձաձուլարան կառուցելու  կարևորությունը։

Նախագիծը կարևորում են նաև կառավարությունում՝ ընդգծելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում վերջին երկու տասնամյակների ընթացքում  պետության՝ առաջին անգամ փայաբաժին ունենալու հանգամանքը։  Հայաստանում  պղնձաձուլարան ունենալն, ըստ գարծադիրի,  նոր աշխատատեղերի ստեղծում ու վերջնական հումքի՝ պղնձի ձուլում է ենթադրում։ Հակառակ դեպքում՝ փորձագետները զգուշացնում են՝ եթե համաշխարհային շուկայում պղնձի գները սկսեն նվազել, սա իսկական շոկ կլինի Հայաստանի տնտեսության համար։

Ցուցադրել ավելի
Back to top button