ԿարևորՄիջազգային

Ավարտվել է ավելի քան 2 ժամ տևած Պուտին-Բայդեն տեսակոնֆերանսը

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև տեսակոնֆերանսով բանակցություններն ավարտվել են Մոսկվայի ժամանակով մոտ 20:10-ին, այդպիսով, դրանք տևել են ավելի քան երկու ժամ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պետությունների ղեկավարների զրույցը սկսվել է Մոսկվայի ժամանակով մոտավորապես 18:08-ին։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հանդիպմանը նախատեսվում էր քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և ՆԱՏՕ-ի դեպի արևելք շարժման թեման, ռազմավարական կայունությունը, երկկողմ հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությունը, ներառյալ իրավիճակը Աֆղանստանում:

Տեսակոնֆերանսի սկզբում Պուտինն ու Բայդենը փոխանակվել են ողջույններով ապա ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ ՌԴ ղեկավարի հետ դեմ առ դեմ կհանդիպեն։ Այնուհետև բանակցությունները տեղի են ունեցել դռնփակ։

Պուտինը ԱՄՆ նախագահի հետ կապ է հաստատել Սոչիի նստավայրից։

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Բայդենը Ռուսաստանի ղեկավարի հետ բանակցություններից հետո մտադիր է դրանց արդյունքները քննարկել եվրոպացի դաշնակիցների հետ։

Սա պետությունների ղեկավարների հինգերորդ խոսակցությունն է, Բայդենի ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Ավելի վաղ առաջնորդները երեք անգամ հեռախոսով խոսել են, իսկ հունիսի կեսերին Ժնևում դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել։

Ցուցադրել ավելի
Back to top button