ԿարևորՀասարակություն

Սպուտնիկ լայթը խթանիչ դեղաչափ է 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար․ԱՆ

Հայաստանն արդեն արտադրում է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը, որն առաջիկայում հասանելի կլինի նախ պոլիկլինիկաներին, հետագայում նաև կարտահանվի։

Պատվաստանյութի արտադրությունը հնարավոր է դարձել էկոնոմիկայի նախարարության, առողջապահության նախարարության և ռուսական կողմի հետ համագործակցության շնորհիվ: Այն կկիրառվի որպես երրորդ՝ այսինքն խթանիչ դեղաչափ։ Մեր երկրում այս պատվաստանյութը թույլատրված է 18 տարեկանից բարձր քաղաքացիներին։

Առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Հայաստանում արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը, որը կկիրառվի որպես երրորդ՝ այսինքն խթանիչ դեղաչափ ոչ միայն  Sputnik V-ի երկու դեղաչափ ստացած, այլ նաև այլ պատվաստանյութերի երկու դեղաչափ ստացած անձանց համար: Ինչպես մյուս պատվաստանյութերի դեպքում, այնպես էլ այս դեպքում, պետությունը կգնի պատվաստանյութը, և քաղաքացիները դա կստանան անվճար,  հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Շատ ուրախալի է, որ ՀՀ-ում դեղագործական արտադրությունը ևս մեկ քայլ, շատ մեծ քայլ առաջ է գնում, իր ներուժն իրացնում է։ Առաջիկայում գնման գործընթացները կիրականացվեն և պատվաստանյութը առկա կլինի նաև մեր պոլիկլինիկաներում։ Մեր երկրում այս պատվաստանյութը թույլատրված է 18 տարեկանից բարձր քաղաքացիներին»։

Այս պատվաստանյութի արտադրության համար անհրաժեշտ ներդրումները կատարվել են «Լիկվոր» ընկերության կողմից, որի գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանի տեղեկացմամբ՝ նախատեսվում է Հայաստանում ոչ թե պատվաստանյութի «շշալցում» իրականացնել, այլ լիարժեք արտադրություն. ընկերությունը ռուսական կողմից ստացած մայր հումքը՝ սուբստրատը, վերամշակում է, այն անցնում է տեխնոլոգիական պրոցես, առաջնային եւ երկրորդային փաթեթավորում և սառնարանային ռեժիմով պահպանում:

«Ծավալը հետևյալն է. Մեր կազմակերպությունը կարող է ընդամենը 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի այս պատվաստանյութի մեկ տարվա պահանջարկը ապահովել: Սակայն աշխատանքը հիմնականում միտված է լինելու արտահանմանը»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շեշտում է՝   արտահանման պայմանագրեր դեռ չկան, բայց մի շարք երկրների հետ բանակցում են։  Պատվաստանյութը կարող է արտահանվել Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա:

«Այսօր արդեն ունենք Հայաստանում արտադրված և բոլոր հսկողական չափանիշերն անցած պատրաստի արտադրանք, որը պատրաստ է մտնել շուկա»։

«Սպուտնիկ լայթ»-ի արտադրությունը չի նշանակում, որ այլ պատվաստանյութեր այլևս չեն ներկրվելու երկիր։  Առողջապահության  նախարարության  քաղաքականությունն է՝ Հայաստանում հնարավորինս լայն տեսականի ապահովել։ Քովիդ-վիճակագրության մասով Ավանեսյանն արձանագրեց՝ վարակման դեպքերը որոշակիորեն նվազել են, սակայն զգոնությունը չպետք է թուլացնել։

Առջեւում Ամանոր է՝ հավաքներ ու հանդիպումներ,  սա կարող է վարակման ավելացման բերել։ Նախարարությունը փորձում է նոր տարին սկսել նոր կարգավորումներով․ չի բացառվում, որ հունվարի 1-ից արգելվի հանրային սպասարկման վայրեր, նաև ռեստորաններ մուտքն առանց պատվաստման վկայականի կամ թեստի բացասական արդյունքի։ Առաջարկը դեռ քննարկվում է, բայց հավանաբար հավանության կարժանանա՝ տեղեկացրեց առողջապահության նախարարը։

Back to top button