ԿարևորՔաղաքական

Դռնփակ հանդիպումներ` չբացահայտված օրակարգերով

Դեռփակ հանդիպումներ կառավարությունում և Աժ-ում․ նախաձեռնողներն ու մասնակիցները տարբեր են, բայց օրակարգը, թերևս, նույնը։ Խորհրդարանական փակ հանդիպման օրակարգը նաև հայտնի էր։

ԱԺ մեծամասնությունը համաձայնել է քննարկել «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը, քանի որ իշխանության համար այնտեղ կա ընդունելի մեկ պարբերություն։ «Հայաստան» խմբակցությունը լսումներ էր կազմակերպել սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների շուրջ, դրանից հետո պետք է ընդունվեր հայտարարության տեքստ։ Այս տեքստը քննարկվել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։  

Խորհրդարանական ընդդիմությունը Աժ-ում փորձում է շրջանառության մեջ դնել հայտարարության տեքստ, որն առնչվում է սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներին։ Հայտարարությամբ կոչ են անում խորհրդարանական մեծամասնությանը միանալ իրենց և հորդորել կառավարությանը պետության սահմաններին վերաբերող որոշումներում գործել ՀՀ Սահմանադրության շրջանակում։

Ընդդիմադիրների հայտարարության տեքստի հիմնական մասը, սակայն, ՔՊ-ի պատգամավորների ընկալմամբ՝ անընդունելի է։ Զգուշացումը ընդդիմադիրներին փոխանցում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար էդուարդ Աղաջանյանը․

«Հաշվի առնելով, որ առաջարկվող հայտարարության նախագիծն իր բովանդակությամբ առավելապես ներքաղաքական է, պարունակում է կառավարության հասցեին ուղիղ կամ անուղղակի անհիմն մեղադրանքներ և, ըստ էության, հանդիսանում է գործող ընդդիմության ներքաղաքական խոսույթի արտացոլումը, վերը նշվածը արդեն բավարար է, որպեսզի հանձնաժողովի ՔՊ ներկայացուցիչները դրան դեմ քվեարկեն»։

Այսքանով հանդերձ, հանձնաժողովը դռնփակ ձևաչափով համաձայնեց քննարկել հայտարարության նախագիծը, թեև ընդդիմադիրները պնդում էին՝ նախընտրում են բաց աշխատանքի տարբերակը։

«Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը անտրամաբանական է համարում իշխող ուժի պատգամավորների կեցվածքը․ եթե դեմ են, ինչո՞ւ են հարցը դռնփակ քննարկում․ «Դատապարտելի է այն քաղաքականությունը, որ մեր երկրում բոլոր գործընթացները, հատկապես արտաքին հարաբերությունների հետ կապված, տեղի են ունենում գաղտնի։ Մեր հանրությունը մեծ հաշվով շատ բաներից անտեղյակ է և միայն պոստֆակտում է շատ բաների առերեսվում։ Սա անթույլատրելի վարքագիծ է և դատապարտելի։ Հետևաբար, ես կարծում եմ, որ մեր հանրության առաջ պետք է բաց լինել և, հատկապես այն հայտարարության նախագիծը, որը վերաբերում է մեր երկրի պետական սահմաններին, ինչպես նաև Արցախին, պետք է լինեն հրապարակային»։

«Հայաստան» խմբակցության առաջարկած հայտարարության տեքստում կա մի պարբերություն, որը ամեն դեպքում, իշխող ուժը ընդունելի է համարում։ Հենց դա էր պատճառը, որ ընդդիմադիրների նախաձեռնությունը միանգամից չմերժվեց։ Թե հայտարարության հատկապես որ հատվածի մասին է խոսքը, պարզաբանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Մարիա Կարապետյանը․

«Օրինակ, շատ կարևոր է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի միաձայն դատապարտումը և ոչ մի պատասխանատվություն չդնելը Հայաստանի վրա, ինչպես նախորդիվ ձեր ուժը բազմիցս արել է։ Օրինակ, այդ կտորը շատ լավն է։ Մենք հավանություն տալիս ենք այդ կտորին։ Կան նաև դրույթներ, որոնց քննարկումը մեր երկրի համար անվտանգային ռիսկեր կարող է պարունակել, քանի որ նաև արտաքին քաղաքականության մասին է խոսքը։ Բանակցայիյն դիրքերի վաղաժամ բացահայտումը չսկսված՝ սահմանազատումն ու սահմանագծումը կարող են վնասել մեր երկրի և ժողովրդի կենսական շահերին»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը օրեր առաջ խորհրդարանում ներկայացրեց, թե պաշտոնական Երևանում ինչպես են պատկերացնում երկաթուղային ապաշրջափակումը։ Նա կոնկրետ ուղղություններ էր նշել, բայց բացառապես երկաթգծի համար, ավտոմոբիլային ճանապարհները դեռ բանակցության թեմա են։  

«Այս փուլում դեռ քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու ընթացակարգերը, և եթե հիմա ինձանից հստակ բան եք ուզում լսել, ապա այդպիսի բան ես չեմ կարող ասել, որովհետև որևէ հստակություն չկա այդ մասով։ Երկաթուղով ամեն ինչ պարզ է։ Մեկը Երասխից դեպի Նախիջևան գնացող ուղղությունն է, մեկը մեր հարավային հատվածով անցնողը, մեկ ուղղություն ունենք, որը գնում է Հրազդանից Իջևանով դեպի Ադրբեջան, ունենք ուղղություն, որն այսօր գործում է Վրաստանի տարածքով է, ևս մեկ երկաթուղային ուղղություն ունենք, որը դեպի Թուրքիա է գնում։ Այսինքն՝ այստեղ ամեն ինչ հստակ է։ Կոնկրետ Ադրբեջանի հետ մենք ունենք Երասխից, Հրազդանից, հարավային հատվածում՝ Մեղրիով անցնող ուղղությունը»։

Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվել է նաև դռնփակ ևս մի քանի հանդիպումներում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստը շաբաթ օրը մի քանի ժամ է տևել։ Հանդիպման սկզբում Փաշինյանը հայտարարել է․

«Սա լավ հնարավորություն է նաև հաղորդակցությունը պահելու և տեսակետների ավելի լայն շրջանակի հետ առնչվելու, ինչը շատ կարևոր է հետագա որոշումների ժամանակ հաշվի առնելու համար: Կան խնդիրներ, որոնց վերաբերյալ, իհարկե, որոշում կայացնելու պատասխանատվությունը կառավարությանն է, մեծամասնությանը, բայց մյուս կողմից, շատ կարևոր է նաև հաղորդակից լինել այն տեսակետների հետ, որոնք առկա են կառավարությունից, խորհրդարանական մեծամասնությունից և խորհրդարանից դուրս քաղաքական շրջանակներում»։

Մեկ այլ դռնփակ նիստ գումարվել է կառավարության շենքում․ անցկացվել է  Անվտանգության խորհրդի նիստ:

Բացի Անվտանգության խորհրդի անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նիստի օրակարգը հայտնի չէ։

Back to top button