Վերնատուն

Աղետի վավերագրություն կամ «զրույց բացակայի հետ»․ «Վերնատուն»

44 — օրյա պատերազմից հետո, արվեստագետը, Արցախից բերելով ռմբակոծությունից ու կրակոցներից վնասված մետաղյա թափոններ, մեքենայի խեղված կտորներ, ծռմռված նյութեր ու բեկորներ, դրանք դրեց փայլուն ու շքեղ շրջանակների մեջ՝ վերածելով արվեստի գործերի։

Էդիկ Պողոսյանի «Բացակայի որոնումով» անհատական ցուցահանդեսը երկրորդ անգամ է անդրադառնում պատերազմին ու նրա հետևանքներին։ «Ցավը իմ մեջ էր։ Սկսեցի մտածել, թե այդ օրերին ես ինչ չարեցի։ Իմ ցավը պետք էր դարձնել հանրային՝ ցավեցնելով նաև հանդիսատեսին, քանի որ զգոնության բացակայությունը կարող է բերել թմբիրի», – խոսելով պատերազմից հետո ունեցած իր անձնական զգացումների ու փորձառության մասին՝ ասում է Էդիկ Պողոսյանը։

Ինչո՞ւ խոսել ցավի մասին, ինչպե՞ս աղետը վերածել արվեստի լեզվի։ Ցուցահանդեսի համադրող, արվեստագետ Արա Հայթայանն ասում է, որ ցուցահանդեսը ջնջում էր իրականության ու արվեստի սահմանները․ դիտողի մոտ հարց էր առաջանում` պատերազմի՞, թե՞ արվեստի տարածք է մտել։

«Ռմբահարված իրերը մեզ համար առիթ են ստեղծում՝ չդադարեցնել զրույցը այն բացակայի հետ, որը կանգնած է այս իրերի հետևում, այսինքն` ականատեսի հետ։ Սա ահազանգ է՝ արվեստի լեզվով »,– ասում է Արա Հայթայանը։ 8– օրյա ցուցադրությունից հետո, ցուցահանդեսում ներկայացված գործերից շատերը վաճառվել են։ Ողջ հասույթը կտրամադրվի պատերազմից տուժածներին։

Back to top button