ԿարևորՀասարակություն

«Մատենան» կտարբերվի նրանից, ինչը համալսարան են կոչում․ նոր միջազգային դպրոց՝ Հայաստանում

Հայաստանը կունենա առաջնորդության և մասնագիտական զարգացման նոր միջազգային դպրոց՝ «Մատենա»։ Նախագծի հիմնադիրներից է «UWC Dilijan» միջազգային դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ Տեղական և միջազգային լավագույն փորձը կբերեն Հայաստան՝ վերապատրաստելու հայ երիտասարդ մասնագետներին։ Հիմնադիրները վստահեցնում են, որ սա լինելու է նոր կրթական համակարգ՝ տարբեր մեզ ծանոթ ավանդական համալսարաններից։

Յուրի Լևինը «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի ռեկտորն է։ Հայաստան է եկել առաջին անգամ։ Տպավորված է հայկական բնությամբ, հյուրընկալությամբ ու հսկա ներուժով։ Ասում է՝ հայկական ներուժի իրացման համար ներդրումներ և, որ ավելի կարևոր է, մարդիկ են պետք՝ առաջնորդներ։  «Սկոլկովո»-ի և «UWC Dilijan» միջազգային դպրոցի  հիմնադիրները Հայաստանում նոր միջազգային կրթական կենտրոն կստեղծեն։ Անունը՝ «Մատենա», նպատակը՝ համաշխարհային փորձի տարածմամբ նպաստել մասնագիտական հմտությունների ու առաջնորդության կարողությունների զարգացմանը։ Նախաձեռնությունը հատկապես նրանց համար է, ովքեր մշտապես ձգտում են մասնագիտական կատարելագործման։

«Այս դպրոցը տարբերվում է նրանից, ինչը մենք համալսարան ենք անվանում։ Սա համալսարան չէ։ Մենք ակադեմիական, ֆորմալ կրթության  փոխարեն առաջարկելու ենք մոդուլային տարբեր ծրագրեր։ Դրանք տարբեր կլինեն իրենց տևողությամբ եվ արժողությամբ։ Կլինեն դասընթացներ՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։ Այդ դասընթացները կանցկացվեն ե՛ւ Հայաստանում, ե՛վ արտերկրում»,-ասում է «UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյան։

Միջազգային դպրոցում կսովորեն երիտասարդներ, որոնք արդեն ունեն մասնագիտություն ու աշխատանքային փորձ՝ ամենատարբեր ոլորտներում։ «Մատենայի» համահիմնադիր տնօրեն Ռուբեն Հայրապետյանը նկատում է՝ Հայաստանում որակյալ մասնագետներ շատ կան, բայց չկան նրանց պարբերաբար վերապատրաստելու հնարավորություններ։

«Մենք «Մատենայում» ստեղծել ենք մի հարթակ, որտեղ միջազգային առաջատար մասնագետների, առաջնորդների փորձը համարելու ենք մեր հայ մասնագետների լավագույն փորձի հետ և այդ լավագույն փորձը տարածել ենք Հայաստանի Հանրապետությունում։ Մեր քաղաքականության մեջ կարմիր գծի նման անցնում է այն թեզը, որ մենք միջազգային փորձը անպայման պետք է համատեղենք տեղական լավագույն փորձի հետ»,-ասում է Ռուբեն Հայրապետյանը։

«Մատենա»-ի հոգաբարձուների խորհրդում հայտնի անուններ են՝ «Picsart» ընկերության համահիմնադիր և տնօրեն Հովհաննես Ավոյան, «Krisp» ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյան, «Yandex» ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյան, Մոսկովյան ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միքայել Պողոսյան և այլք։

«Մատենա»-ի առաջին ծրագրերը մեկնակելու են 2022-ի առաջին եռամսյակում։ Դրանք մշակվել են «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հետ և նախատեսված են միջին և բարձր օղակների ղեկավարների, ձեռնարկատերերի համար, կկազմակերպվեն նաև անվճար բաց դասեր՝ երիտասարդների ու ուսանողների համար։ «Սկոլկովո» մոսկովյան դպրոցի ռեկտոր Յուրի Լևինն ասում է՝ նպատակը միայն համատեղ կրթական ծրագրերը չեն․

««Մատենա» դպրոցի շուրջ մեր նպատակները և ծրագրերը չեն սահմանափակվում միայն համատեղ ծրագրերով։ Մենք ցանկանում ենք միասին հետազոտություններ իրականացնել։ Եվ, ամենակարևորը, ցանկանում ենք, որ «Սկոլկովո»-ի  գոյության 15 տարում  կուտակված փորձը մեկնակետ կետ լինի «Մատենայի» համար։ Առանցքային ծրագրերից մեկը, որ մենք մշակել ենք, կանանց առաջնորդության ծրագիրն է։ Դա եզակի ծրագիր է՝ հետխորհրդային երկրների համար։ Ես կարծում եմ, որ Հայաստանում սա կարեւոր կլինի նաև հասարակական կյանքում և բիզնեսում կանանց դերը արժևորելու հարցում»։

Աշխարհը փոխվում է, և արագ փոփոխվում են նաև կրթության ավանդական եղանակները։ Յուրի Լևինն ասում է՝ ժամանակակից բիզնես դպրոցի հիմնական առաքելությունը միայն գիտելիք տալը չէ։ Պետք է նաև օգնել հասկանալու, թե մասնագիտական հաջությունների հասնելու համար ում ինչ գիտելիք է պետք։

«Ժամանակակից կրթության կառուցվածքը հետևյալն է՝ դու ինչ-որ բան ես սովորում, հետո սկսում ես աշխատել, աշխատելու ընթացքում էլի ինչ-որ նոր բաներ ես սովորում, հասկանում, թե ինչն է քեզ պակասում մասնագիտական աճի համար, և վերադառնում ես կրթական հաստատություն, ստանում լրացուցիչ հմտություններ, գիտելիք, հետո նորից գնում ես աշխատելու, և այդպես շարունակ։ Ժամանակակից աշխարհը հիմա գնում է դեպի անընդհատ կրթության։ Հենց այս սկզբունքն ենք մենք ներդրել «Սկոլկովո» և «Մատենա» դպրոցներում»,-ասում է Յուրի Լևինը։

Հայկական իրականության մեջ նոր դպրոցի անունը պատահական չէ․ «Մատենա»-ի հիմքում հին ձեռագրերի և գրքերի պահպանման բացառիկ թանգարան-ինստիտուտի՝ «Մատենադարանի» անվանումն է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի պատմական ձգտումը դեպի գիրքը և կրթությունը։

«Հայաստանում մենք շատ լուրջ խնդիր ունենք։ Տարիների ընթացքում գիտելիքը փոխարինեցինք դիպլոմով։ Մեր հիմնական պայքարը մեկ նպատակ ունի․ ու այդ նպատակը ոչ թե դիպլոմն է, այլ գիտելիքը»,-ասում է Ռուբեն Վարդանյանը։

«Մատենան» հավակնում է առաջատար դիրք զբաղեցնել ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում՝ շեշտում են հիմնադիրները։ Շատ շուտով կհայտարարվի «Մատենայի» մեկնարկային ծրագրերի և ընդունելության մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button