ԿարևորՀասարակություն

«Հակոբանավանքի վերածնունդը»․ երեքդարյա ընդմիջումից հետո Արցախի վանական համալիրը կվերականգնվի

Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում գտնվող վանքը երեք դար է չի գործում։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը վստահ է՝ կգա օրը, երբ Հակոբավանքում սուրբ պատարագ կմատուցվի, ուխտավորները եկեղեցի կգան։ Սրբազանը հիշեցնում է՝ Արցախը մշակութային պատերազմի մեջ է, շուրջ 122 եկեղեցի և 13 վանական համալիր օկուպացված է։ Իսկ այն, ինչ այսօր մնացել է հայկական վերահսկողության ներքո, ամենօրյա ուշադրության ու  խնամքի կարիք ունի։

«Հակոբավանքի վերանորոգումը արցախցու ամուր կամքի մասին է խոսում․ եթե եկեղեցին ամբողջովին վերականգնվի, Արցախը հոգևոր առումով շատ կհզորանա»,-ասում է Արցախի հոգևոր առաջնորդը։

5-7–րդ դարերում հիմնադրված Հակոբավանքը վերջին անգամ վերանորոգվել է 18-րդ դարում, 19-րդ դարից  չի գործել։ Համալիրի տարածքում 40-ից ավելի վիմագրեր, խաչքարեր, արձանագրություններ կան, իսկ վանքի պատերի ներսում հայկական խաչքարի ամենահին պատվանդանն է ՝ 853 թ.-ի։

Վանքի վերականգնման նախաձեռնողը Արցախի հանրապետության կառավարությունն է։ Նախագծին հավանություն է տվել և միացել Առաքելական եկեղեցու Արցախի թեմը, այն իրականացնելու է «Հայ ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ»-ը։ Հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է, որ վանական համալիրը հիմնովին վերականգնվելու է, տարածքը բարեկարգվելու է։ Համալիրն ամբողջությամբ վերականգնելը կպահանջի շուրջ երեք տարի  և մոտավորապես 260 հազար դոլար։

«Հակոբավանքը միշտ եղել է գիտնականների ուսումնասիրության կենտրոնում։ Երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը 80-ականներին ուսումնասիրել է վանքը, ահռելի ներդրում ունի,  հին լուսանկարներ ունենք հենց իր կողմից արված  և որոնց շնորհիվ էլ հենց պատրաստվում ենք թեկուզ 20 տարվա տարբերությամբ ճարտարապետական տեսանկյունից հասկանալ՝ ինչպես վերականգնել, ինչ տեսք տալ»,-ասում է Րաֆֆի Քորթոշյանը։

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Հակոբավանքը միակ եկեղեցին չի լինի, որ կվերականգնվի։ Ադրբեջանն օկուպացրել ու ոչնչացնում է հայկական եկեղեցիները,  ինչը ստիպում է առավել մեծ ջանքեր ներդնել մեր վերահսկողության տակ մնացած եկեղեցիներն ու վանքերը վերականգնելու ուղղությամբ՝ ասում է նախարարը։   

«Մեր կառավարության համար սա մշակութային, ինքնության պատերազմ է, և Հակոբավանքի վերականգնումով խնդիր ունենք սեփական պատասխանատվությունը ցույց տալու քրիստոնեական, հայկական արժեքների նկատմամբ»,-ասում է Արտակ Բեգլարյանը։

«Հակոբանավանքի վերածնունդը»-ը նախագծի համար պահանջվող շուրջ 260 հազար դոլար գումարը հավաքվելու է Rearmenia.com կայքի համապատասխան բաժնում։ reArmenia-ն համագործակցության հարթակ է, որը հնարավորություն է տալիս բարձրացնել Հայաստանին վերաբերող հարցեր և գտնել դրանց լուծումներն առաջարկող նախագծեր։ Այդպես է եղել նաև Հակոբավանքի դեպքում։

ReArmenia-ի PR  մասնագետ Անժելա Ալեքյան․ «Դրամահավաքն այսօրվանից հասանելի է մեր կայքում։ Ցանկացած չափի գումար կարող է օգտակար լինել և հետաքրքիր փաստ է, որ Արցախի կառավարությունը ստանձնել է պարտավորություն՝ առաջին 40 հազար դոլարի փոխանցումների համար կրկնապատկել գումարը։ Այսինքն` եթե դուք փոխանցեք 10 դոլար, այն կկրկնապատկի, որովհետև Արցախի կառավարությունը ևս 10 դոլար կփոխանցի»,-ասում է Անժելա Ալեքյանը։

Հակոբավանքի վերականգնումը ներառված է Արցախի կառավարության զբոսաշրջության զարգացման  ծրագրում։ Միասնական ուժերով՝ կառավարություն, անհատներ, կազմակերպություններ, հնարավոր կլինի Արցախին հոգևոր նոր շունչ փոխանցել։

Ցուցադրել ավելի
Back to top button