ԿարևորՔաղաքական

Դիմել սադրանքի ու պատճառաբանել դա հորինված սադրանքներով․ փաստերը Բաքվի դեմ են

Մինչ սադրանքների մասին խոսում է Ադրբեջանը, իրական փաստերը հենց ադրբեջանական  սադրանքների մասին են վկայում։ Բաքուն հայկական կողմի սադրանք էր որակել Հայաստանի մի շարք խորհրդարանականների այցը Արցախ՝ դրա պատճառով չեղարկելով ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Մինչդեռ հորինված այս սադրանքի կողքին ադրբեջանական սադրանքների վիճակագրությունն է՝ խաղաղ քաղաքացիների սպանություններ՝ ըստ ամսաթվերի ու փաստերի, որոնք հերքել հնարավոր չէ։

Ստոկհոլմում ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ արտգործնախարարների հանդիպումը չեղարկելն ապակառուցողական քայլ է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է Արցախի հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանն ու նշում՝  այն նպատակ ունի շեղել միջազգային հանրության ուշադրությունը հենց ադրբեջանական սադրանքներից, քանի որ հենց նախատեսված հանդիպման օրը ադրբեջանցիները առևանգել ու սպանել էին 65-ամյա հայ անասնապահին:

«Դա ապակառուցողական քայլ է Ադրբեջանի կողմից։ Փաստորեն, իրենք ուզում են այդ  սպանությունից, իրենց ծավալապաշտական ձգտումներից շեղել միջազգային հանրության ուշադրությունը։ Բնական է, որ այդ հանդիպման ընթացքում պետք է նաև նման հարցեր բարձրացվեին, մասնավորապես, թե ինչու են նման քայլերի դիմում, և քանի որ պատասխան չունեն ու պետք է շարունակեն նման քաղաքականությունը, ապա լավագույն տարբերակը այդ հանդիպումը չեղարկելն էր, հայկական կողմին մեղադրելն ու սեփական արարքների համար պատասխան չտալը», — ասում է Դավիէ Բաբայանը։ 

Ստոկհոլմում Միրզոյան-Բայրամով հանդիպման չեղարկումից հետո հայտարարություն տարածեցին ԵԱՀԿ ՄԽի միջնորդները՝ ափսոսանք հայտնելով, որ  չհաջողվեց իրենց հովանու ներքո հակամարտ կողմերի արտգործնախարարների հանդիպումը։ Միաժամանակ, միջնորդ խումբը պատրաստակամ է նոր նման հանդիպում կազմակերպել, երբ հանգամանքները թույլ տան՝ շարունակելու քննարկումները, որոնց նախորդել են սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում կայացած հանդիպումները:

Չկայացած հանդիպումից հետո չուշացավ Բաքվի հորինած պատճառաբանությունը, այն է՝ նախատեսված հանդիպումից մի քանի ժամ առաջ հայտնի է դարձել, որ Հայաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ, ըստ հակառակորդ երկրի ձևակերպման,  «անօրինական այցելել են Լեռնային Ղարաբաղ»։  Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան սադրանք էր որակել հայ պատվիրակների այցն Արցախ։ Իսկ հայ խորհրդարանականներն Արցախում էին՝ խորհրդարանական համատեղ լսումներին մասնակցելու նպատակով։

Ադրբեջանի ԱԳՆ-ից հնչածին ի պատասխան՝  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն արձագանքեց՝ «հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից»։

Մինչ այդ Հայաստանի արտաքին գործերի գերատեսչությունն Արցախի Մարտունու շրջանի Ճարտարի  համայնքի 65-ամյա բնակիչ Սեյրան Սարգսյանի սպանությունը ադրբեջանցիների կողմից դիտավորություն էր գնահատել։ Ադրբեջանական հորինված սադրանքների կողքին հայկական կողմը մատնանշում է ադրբեջանական կողմի սադրանքների անհերքելի փաստերը՝ տրակտորով իր հողամասում աշխատող հողագործի սպանություն, ջրագիծ նորոգող երիտասարդի սպանություն՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ։

«Արցախի հայ քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներն ու ահաբեկման գործողությունները համակարգային բնույթ են ստանում, ինչը պաշտոնական Բաքվի՝ նախկինում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված նմանատիպ հանցագործություններն անհիմն պատճառաբանություններով արդարացնելու հետևանք է, ինչը բերում է նմանատիպ վարքագծի կրկնության։

Վերջին շրջանում Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցագործությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող հայատյացության և Արցախի հայաթափման ու էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունն են, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության ու կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության կամ  ենթակայության ներքո»։ 

Ադրբեջանն ակնհայտ սադրանքի է դիմում․ ու այս փաստերի անունները չի փոխում անգամ այն, որ, ըստ ՌԴ խաղաղապահ առաքելության հայտարարության, Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչի սպանության փաստով։ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կարծում է՝ ադրբեջանցիների համար հային սպանելը գուցե հաճույք է․

«Ընդհանուր մենք պետք է դիտարկենք։ Սա հայատյացության դրսևորում է։ Մեզ հասցրած ցանկացած վնաս իրենց համար դրական երևույթ է, հաճույք են ստանում միգուցե, չգիտեմ։ Ատելություն է դա, քանի որ այդ մարդը քաղաքացիական անձ էր, 65 տարեկան և անասնապահ։ Նա որևէ վտանգ չէր ներկայացնում ու վերցնել բարբարոսաբար սպանելը դա ատելության նշան է, ինչը ոչ ադեկվատ վարքագծի դրսևորում է»։

Հայկական կողմն ըստ Արցախի արտգործնախարարի պետք է ճիշտ պատկերացնի իրավիճակն ու համակարգված աշխատի։ Չպետք է ադրբեջանական սադրանքներին զոհ գնալ, պետք է շարունակել այցերը Արցախ ու միասնական լինել։

Ցուցադրել ավելի
Back to top button