ԿարևորՀասարակություն

Արմավիրի մարզում 6 համայնքի ղեկավար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է ընտրվել

Երեկ Արմավիրի մարզում անցկացվեց համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ: Մարզի 96 համայնք միավորվեց 7-ում: Ընտրություններին ցուցաբերվել է ցածր մասնակցություն, միայն Փարաքար և Բաղրամյան համայնքներում է  ընտրողների մասնակցությունը գերազանցել 50 տոկոս: Մարզի 6 համայնքի ղեկավար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է ընտրվել, իսկ Փարաքար համայնքում հաղթել է  «Ապրաելու երկիր» կուսակցությունը:

Խոշորացման արդյունքում Արաքս համայնքում միավորվել է 13 գյուղ, Խոյում՝17, Փարաքարում՝8, Վաղարշապատում՝ Էջմիածինն ու Ոսկեհատ գյուղը, Բաղրամյանում՝ նախկին շրջանի 14 գյուղերը: Ամենախոշորը Մեծամոր համայնքն է՝ 31 բնակավայրով, իսկ Արմավիր քաղաքին 10  բնակավայր է միավորվել:

ՏԻՄ համամասնական  ընտրություններին Արմավիրի մարզում ընտրողներն ակտիվություն չեն ցուցաբերել: Միավորվող  96 համայնքում գործել է 166 ընտրական տեղամաս: Ժամը 14-ի դրությամբ ամենացածր ցուցանիշը գրանցվել էր Արմավիր և Վաղարշապատ համայնքներում: Արմավիրում՝7 տոկոս, Վաղարշապատում՝ գրեթե 11 տոկոս: Էջմիածնի 14/15 տեղամասային ընտրական   հանձնաժողովի  նախագահ Գոռ Աբգարյան.

«Ներկա պահին 1828 ընտրողից  մասնակցել է 202 ընտրող: Առավոտյան շատ պասիվ են եղել, կարծես թե հիմա ընտրողների շարժ է նկատվում: Ընտրողների մասնակցության տոկոսը ցածր է»:

Էջմիածնի թիվ 14/8 ընտրատեղամասում էլ գրեթե ընտրողներ չկային,  նախագահ Վարդան Մելքոնյանն էլ հույս հայտնեց, որ մինչև ընտրությունների ավարտը մասնակիցների թիվը կավելանա: Ժամը 14-ին քվեարկել էր 249 ընտրող:

«Հանգիստ է անցնում՝ օրենքի տառին և ոգուն համապատասխան, արտառոց ոչինչ չի եղել, գրառումներ չկան: Հավանաբար հոսքը կշատանա, չեմ կարող եզրակացություն անել, թե ինչու չեն մասնակցում»:

Էջմիածնի բազմաբնակարան շենքերի վրա ավագանու  ընտրությանը մասնակից 5 կուսակցությունների քարոզչական  պաստառներն էին փակցված: Քաղաքացիներից փորձեցի ճշտել ընտրությանը մասնակցել են, թե ոչ.

 «Դեռ չեմ մասնակցել, բայց գնալու եմ»,

«Թեկնածուներին չեմ ճանաչում, չեմ հետաքրքվում ընդհանրապես, բայց մասնակցելու եմ ընտրությանը»,

«Ես մասնակցելու եմ, բայց ոչ հիմա, թեկնածուներին չեմ ճանաչում»:

Իսկ քաղաքացիական պարտքը կատարած ընտրողները կողմնորոշված էին գնացել ընտրատեղամաս.

«Քվեարկությանն արդեն մասնակցել եմ, գիտեմ թեկնածուներին, ընտրել եմ լավագույնին՝ հանուն մեր բարօրության, հանուն մեր ապագայի, դեպի լավը գնալու իմ հայրենիքի համար»: «Հանուն մեր քաղաքի, որ մեր քաղաքը լավ ապրի, լավ զարգանա»:

Էջմիածնի թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանը հետևել է  ընտրությունների ընթացքին, օրվա առաջին կեսին տարածքում միջադեպեր չեն եղել.

«Թիվ 14 ընտևրական հանձնաժողովի իրավասության ներքո ձևավորված է 56 տեղամասեր, որից 25-ը՝ Վաղարշապատ համայնքում, 16-ը՝ Արաքս համայնքում և 15-ը՝ Փարաքար համայնքում: Ընտրական օրենսգրքի պահանջներից շեղումներ չի արձանագրվել, ընթացքը հանգիստ է»:

Նախնական տվյալներով Վաղարշապատ համայնքում 43274  ընտրողներից  ընտրությանը մասնակցել է 10980-ը, որը 25 տոկոսից քիչ ավելին է: Առաջատարը Քաղաքացիական պայմանագիր կուսակացությունն է՝ քաղաքապետ Դիանա Գասպարյանի գլխավորությամբ, «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը ստացել է  3872 քվե, Ջիվան Աբրահամյանի  «Հայրենատեր» կուսակցությունը՝ 528, Իրական Ժողովրդավարական կուսակցությունը՝ 273, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝150, անվավեր՝ 380 քվեաթերթ:

Արմավիրում ՔՊ-ն մրցակից չուներ, ընտրողները  «Կողմ» կամ «Դեմ» են քվեարկել: Արմավիր խոշորացվող համայնքի 11 բնակավայրում գործել է 29 տեղամասային կենտրոն: Քվեարկել է 8703 ընտրող, անվավեր է համարվել 256 քվեաթերթ: Նախնական տվյալներով ցուցաբերվել է ավելի քան 20 տոկոս մասնակցություն: ՔՊ-ի ցուցակի առաջին համարը Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն է:

Մեծամոր համայնքում 2 քաղաքական ուժ էր մրցակցության մեջ: Իշխող կուսակցության ցուցակը գլխավորում է նախկին փոխմարզպետ Վահրամ Խաչատրյանը, Դաշնակցությանը՝ Այգեշատ համայնքի ղեկավար Արամայիս Մխիթարյանը: 31 բնակավայրում գործել է 43 ընտրատեղամաս: Ընտրության նախնական արդյունքներով Մեծամոր խոշորացվող համայնքում ցուցաբերվել է ընտրողների  34 տոկոս մասնակցություն, ՔՊ-ն ստացել է 14048 քվե, ՀՅԴ-ն՝ 3634, 661 քվեաթերթիկ անվավեր է համարվել:

Խոյ համայնքում նույնպես ընտրողներն ակտիվ չեն եղել, ընտրողների մասնակցությունը  32 տոկոս է:   «Ազատական» և  «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսացությունների քվեները գրեթե հավասար են 1155 և 1156, իսկ ՔՊ-ը ստացել է 4436 քվե, որի ցուցակը գլխավորում է Արմավիրի փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանը: Խոյում անվավեր է ճանաչվել 248 քվեաթերթ:

Ընտրողների 45 տոկոսից ավելի մասնակցություն է եղել  Արաքս համայնքում, որտեղ ընտրապայքարի մեջ էին քաղաքական 3 ուժեր: Նախնական տվյալներով «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսացությանը տրվել է 2485 քվե, «Հանուն  Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությանը՝2296, իսկ ՔՊ-ին՝ 3679, 220 քվեաթերթ անվավեր է համարվել:

Արմավիրի մարզում ընտրողների ամենամեծ մասնակցությունը դարձյալ նախնական տվյալներով  ցուցաբերվել է Բաղրամյան համայնքում՝  ավելի քան 52 տոկոս: Այստեղ 3 քաղաքական ուժերից  «Արդար Հայասատան» կուսակցությունը գլխավորում է Դալարիկ համայնքի ղեկավար Ալիկ Պողոսյանը, ստացել է 2407 քվե: «Մեր Բաղրամյան» կուսակցությունների դաշինքի առաջնորդը՝ Քարակերտ համայնքի նախկին ղեկավար  Հարություն Հեքիմյանի որդին է՝ Սարգիս Հեքիմյանը: Դաշինքնին տրվել է  651 ձայն, իսկ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածուն  Շանթ Առաքելյանն է: Կուսակցության համամասնական ցուցակում են Երվանդաշատ, Քարակերտ, Արտամետ համայնքների ղեկավարները: ՔՊ-ին ընտրել է 3243 ընտրող, անվավեր՝107 քվեաթերթ:

Եթե մարզի 6 համայնքում ՔՊ-ն առաջատարն է ՏԻՄ համամասնական ընտրություններում, ապա Փարաքարում պատկերը փոխվում է: Ձայների գրեթե կրկնակի առավելությամբ առաջատարը Մանե Թանդիլյանի  «Ապրելու երկիր» կուսակցությունն է, որի ցուցակի առաջին համարը Վոլոդյա Գրիգորյանն է: Կուսակցությունը ստացել է 4637 քվե:  Փարաքար համայնքի ղեկավարի անվամբ  «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքին տրվել է 2227 քվե, իսկ ՔՊ-ին՝ 2609 քվե: Փարաքարում ընտրությանը մասնակցել է ընտրողների 50տոկոսից ավելին, մասնակիցների նախնական թիվը 9720 է, անվավեր է ճանաչվել 247 քվե:

Մարզում ընտրողների մի մասը քվեարկել է օգնողների միջոցով, ընտրել են նաև լրացուցիչ ցուցակներով:

Ցուցադրել ավելի
Back to top button