ԿարևորՀասարակություն

Ավելի քան 7000 տնակ՝ երկրաշարժից 33 տարի անց

«Աղետի գոտու» անօթևանների բնակարանային ապահովման պետական ծրագիրն ավարտվել է։ 2008-ին մեկնարկած ծրագրով 5419 շահառուի բնակարանային խնդրի լուծում է տրվել։ Վերջին 244 շահառուները ծրագրի արդյունքը կտեսնեն մինչև տարեվերջ։ Նրանք մեծ մասն ընտրել է բնակարանի վերանորոգման, 20-ը՝ բնակարանի գնման վկայական, 7-ը՝ ֆինանսական աջակցություն ստանալու տարբերակը։ Այն ընտանիքները, որոնք դեռևս չեն ներառվել ծրագրում, սակայն իրենց շահառու են համարում,  դատական կարգով այդ փաստը հաստատելուց հետո կստանան պետական ֆինանսավորում՝ չնայած ծրագրի ավարտված լինելու հանգամանքին։

Երկրաշարժից արդեն 33 տարի է անցել, բայց «Աղետի գոտի» եզրույթը դեռ ակտուալ է, խնդիրները՝ լուծման փուլում։ Հայաստանում կան 7000-ից ավելի ոչ հիմնական շինություններ՝ տնակներ։ Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նշում է՝ այս մասով ևս աշխատանքներ են ընթանում․

«Ներկայում համայնքների ու մարզերի կողմից իրականացվում են գնահատման աշխատանքները։ Այս փուլին կհաջորդեն կոնկրետ մոտեցումների և ֆինանսական հաշվարկների աշխատանքները։ Այն տրամաբանությամբ, որ մինչև 2022-ի տարեվերջ ունենանք բոլոր անհրաժեշտ իրավական հիմքերը, իսկ 23-ից սկսենք աշխատանքները»։

Տնակները 2 հիմնական խնդիրների արտացոլումն են․ առաջինը՝ սոցիալական, բնակարանային խնդիրն է, երկրորդը՝ քաղաքաշինական։ Արզումանյանը նշում է՝ առաջնահերթությունը տրվելու է պետական կամ համայնքային հողերի վրա տեղադրված տնակներին։ Դրանցում երբեմն ապրում են ընտանիքներ, որոնք արդեն եղել են բնակարանային ապահովման պետական ծրագրի շահառու։

«Խնդիրն այն էր, որ երբ ընտանիքը բազմանդամ էր և ստացել էր 1-3 սենյականոց բնակարան, այն դեպքերում, երբ 1 սենյականոց բնակարան ստացած ընտանիքը 4 անձ և ավելի էր, 2 սենյականոց ստացածը՝ 7 անձ և ավելի, և 3 սենյականոց ստացածը 8 անձ և ավելի, և մինչև բնակարան ստանալը զբաղեցրել էին մեկից ավելի ոչ հիմնական շինություն, կառավարությունը ընդառաջեց և թույլ տվեց չքանդել մեկ տնակը՝ ընկալելով, որ ինչքան էլ պնդի քանդման հարցը, միևնույն է իրատեսական չէ, որ ընտանիքը կտեղավորվի այդ փոքր բնակարանում»։

Սա պետությունը «հարգելի» պատճառ է համարում, սակայն նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տնակներում բնակվում են նաև մարդիկ՝ բոլորովին այլ պատճառներով․

«Կան, որ նախկինում ստացել են, գուցե տնակն էլ հանձնել, սակայն ինչ–ինչ պատճառներով նորից վերադարձել են տնակ։ Անշուշտ, կան և՛ տուն ստացածներ, և՛ օտարածներ, և՛ այս պահին տուն ունեցողներ և, իհարկե, այն մասը, որը պետությանն ավելի շատ հետաքրքրում է, այն մարդիկ են, որոնք որևէ բան չեն ստացել երբևէ, նույնիսկ երկրաշարժից տուն կորցրածները, որոնք տարբեր պատճառներով չեն դիտարկվել ծրագրի շրջանակներում։ Ավելի փոքր խումբ էլ կա, որ դիմել են, բայց ինչ–ինչ պատճառներով չեն իրացրել իրենց իրավունքը, օրինակ՝ ստացել են բնակարանի գնման վկայագիր, ձեռք չեն բերել և այլն»

Նույն գործընթացը սկսվել է նաև վթարային բնակֆոնդի համար։ Ծրագիրը ընդգրկելու է ողջ հանրապետությունը։ Այս դեպքում իրավական ճանապարհն ավելի երկար է՝ պայմանավորված խնդրի բարդությամբ։ Կառավարության ծրագրով 2026-ին լուծված կլինի 21 թվականի դրությամբ 4–րդ աստիճանի վնասվածություն ունեցող՝ քանդման ենթակա բոլոր շենքերի 70 %-ի խնդիրը։

Արտակարգ իրավիճակների նախարարության Ռուս – հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը նշում է՝ Հայաստանում կան 20-ականներին, 30-ականների կառուցված շենքեր, անգամ 50-ականներին կառուցվածներն արդեն մաշված և վտանգավոր են։ Այս շենքերը բնակֆոնդի ճնշող մեծամասնությունն են։ Կենտրոնի ղեկավարը թերահավատորեն է վերաբերվում կարճ ժամանակում այս խնդիրը լուծելու ծրագրին, սակայն նշում է՝ Սպիտակի երկրաշարժից 33 տարի անց մի կարևոր դաս սովորել ենք․

«Դասեր ենք քաղելը այն առումով, որ շենքերը հիմա կառուցվում են բավականին սեյսմակայուն նախագծերով։ Բոլոր շենքերը, որ ներկայումս կառուցվում են, անցնում են լուրջ փորձաքննություն, արդեն, եթե չեմ սխալվում, 10 բալի դիմակայելու նախագծեր են պատրաստվում շենքերի համար»։

Ցուցադրել ավելի
Back to top button