ԿարևորՀասարակություն

Անկանխկիկի ավելացումը մարտահրավե՞ր, թե՞ ստվերի կրճատում․ հունվարից կանխիկի շրջանառությունը կսահմանափակվի

ՀՀ կենտրոնական բանկը  հունվարի մեկից նախատեսում է տարեցտարի կրճատել կանխիկ գործարքների շրջանառությունը։ Առևտրի և ծառայության սուբյեկտները Ֆիզիկական անձանց համար նույնպես սահմանափակումներ են նախատեսված՝ 300 հազար դրամից թանկ արժեք ունեցող ապրանքը հնարավոր կլինի ձեռք բերել միայն անկանխիկ եղանակով։ 

Մարտահրավեր է արդյո՞ք անկանխիկ գործարքների պահանջի ավելացումը, թե ստվերի կրճատում՝  պարզ կլինի մոտ մեկ ամսից։ Փորձագետների կանխատեսումները այս պահին լավատեսություն չեն ներշնչում։ Վստահեցնում են՝  կողմերը իրազեկման խնդիր ունեն։

Հայաստանում կրճատվում է կանխիկի շրջանառությունը՝ խոշորից մանր։ Մինչև 2024 թվականը հիմնական գործարքները՝  առողջապահական ու կրթական ծախսերը, բանկային գործարքները, նոտարական ու փաստաբանական ծառայությունների, աշխատավարձերի վճարումները  պետք է կատարվեն միայն անկանխիկ։ ԿԲ-ն առաջարկում է սրան օրենքի տեսք տալ՝ անցումը կատարելով աստիճանավար՝ նախ Երևանում, ապա մարզկենտրոններում, հետո՝ ողջ մարզում։  Հայաստանի  տարածքում ֆիզիկական անձանց միջև 2023 թվականի հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր  գործարքների համար պետք է իրականացվի անկանխիկ։ Անկանխիկի ավելացման նպատակը ստվերի կրճատումն է։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյան։

«Ապրանքների օտարման և ապրանքների օգտագործման դիմաց, ծառայությունների մատուցման գործարքները 2022թ հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցելիս պետք է կատարվեն բացառապես անկանխիկ եղանակով»։ 

Աշխատավարձերը  ևս, ըստ նախագծի, պետք է վճարվեն անկանխիկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ Երևանում, 2023 թվականի հունվարի 1-ից՝ մարզերում։ Ըստ նախագծի՝  «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նորմատիվ իրավական ակտերի պահանջները ֆիզիկական անձանց  կողմից առաջին անգամ խախտելը ենթադրում է 100 հազար դրամի չափով, կրկնվելու դեպքում՝ կրկնակի բարձր։
ԿԲ-ն իր պահանջներում խիստ է նաև աշխատավարձերի անկանխիկ վճարման մասով։

Օրինակ՝ գործատուն ազատվում է աշխատավարձ չվճարելու պատասխանատվությունից, եթե աշխատավարձ ստացողը գործատուին սահմանված կարգով չի ներկայացրել աշխատավարձն անկանխիկ ստանալու համար օրենքով սահմանված ձևերից որևէ մեկը:

«Անկանխիկ գոր­ծառ­նությունների մասին» օրենքի նախագծով՝ կանխիկով գումարի վճարման կամ ընդունման սահմանափակումները չպահպանելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով գումարի վճարման թույլատրված չափը գերազանցող գումարների (խախտման գումարներ) հանրագումարի հինգ տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, և ոչ ավելի, քան երկու միլիոն դրամը: Կրկնելու դեպքում տուգանքն ավելանում է։

Առևտրի և սպասարկման կետերում ՊՈՍ տերմինալների տեղադրումը դառնում է պահանջ։ Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող սուբյեկտները պետք է ունենան և հաճախորդի ցանկությամբ ապահովեն նման վճարային գործիքներ․ բացառություն են կրպակները։

Վարկեր տալու ու դրանք մարելու համար ևս անկանխիկի որոշ պահանջներ կյանքի կկոչվեն։ Կառավարությունում կարծում են՝ սա նաև տոկոսադրույքների վրա կազդի։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան․ «Որովհետև ինքը երկու կողմից բերում է տոկոսադրույքի նվազեցման նախ և առաջ մանրածախ՝ անհատ անձանց վարկերի մասով»։

Օրենքը որոշ բացառություններ էլ է սահմանում։ Օրինակ՝ հաշմանդամության կարգ ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ: 

Անկանխիկի կրճատմամբ նաև ստվերի կրճատում է  ակնկալվում։  Որքանո՞վ է Հայաստանը պատրաստ փոփոխություններին։ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը ստվերի կրճատմանը դեմ չէ, սակայն մտահոգություններ ունի․ փոքր տնտեսվարողները քարտերով վճարումներ ընդունելու սարքեր ձեռք բերելու խնդիրներ ունենալու են։

«Խոսքը տնտեսվարողների պատրաստ լինելու մասին է։ Երբ որ կառավարությունը իրավակարգավորում է դնում, որը որևէ ձևով խստացնում է տնտեսվարող սուբյկետների կյանքը, մենք պետք է հասկանանք՝ որքանո՞վ են այդ մարդիկ  պատրաստ արձագանքելու»։

Ըստ կառավարության դիտարկումների՝ ՀՀ բանկերը մասնաճյուղեր լայնորեն ներկայացված են նաև մարզերու, ՀՀ 17 բանկերից 16-ը մատուցում են նաև հեռահար ծառայություններ։ Իսկ 903 գյուղերից 406-ը, որոնք ունեն 1000-ից ավել բնակչություն, հիմնականում ունեն վճարային տերմինալներ։

Վիճակագրությունը փաստում է՝  Հայաստանում տարեցտարի անկանխիկ գործարքների ծավալն ավելանում է։  2018 թ. շուրջ 3 մլն գործարք է իրականացվել արտասահմանյան քարտերով, շուրջ 2 մլն գործարք՝ դրսում հայաստանյան քարտերով և շուրջ 33 մլն գործարք՝ հայաստանյան քարտերով Հայաստանում: 2021 թ. առաջին կիսամյակում գրեթե կրկնապատկվել են անկանխիկ գործարքները. արդեն շուրջ 33 մլն գործարք է կատարվել: Իսկ առցանց հարթակում շուրջ 300 մլրդ դրամի քարտային գործարք է եղել: 

Բայց անկանխիկ գործարքները նաև տեխնիկակակն որոշ հարցեր են առաջացնում, օրինակ՝ ARCA  համակարգը սկսում է ավելի ծանր աշխատել։ Որ համակարգի խափանումները հենց գործարքների թվի աճով են պայմանավորված՝ փաստում է նաև ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը․

«Պրոբլեմները երկու աղբյուր ունեին՝ առաջինը արտածին էր, որը կանխատեսելը բավականին բարդ է, երկորորդը պայմանավորված էր թրաֆիկի կտրուկ ավելացմամբ։ Հարցը քննարկվում է՝ ելնելով այն եզրից, որ թրաֆիկն անընդհատ կարող է ավելանալ, քանի որ անկանխիկի ենք գնում։ Քննարկում ենք՝ ինչ կարող ենք անել»։

Մարտահրավեր է արդյո ՞ք անկանխիկ գործարքների ավելացման պահանջը, թե  ստվերի կրճատման նախապայման․ փորձագետները դեռ մտավախություններ ունեն, բայց նախ իրազեկման կողմն են շեշտում։  

Ցուցադրել ավելի
Back to top button