ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Արցախում խաղաղ բնակչի սպանության փաստով․ ՌԴ ՊՆ

Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությունը հայտարարել է, որ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչի սպանության փաստով։ Այս մասին նշվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Դեկտեմբերի 3-ին Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Միջադեպի հետևանքով ադրբեջանական պահակակետում սպանվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ Դեպքի վայրում ՌԴ խաղաղապահ զորախմբի օպերատիվ խմբի և Ադրբեջանի ԶՈւ Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության աշխատակիցների աշխատանքի արդյունքներով՝ ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել խաղաղ բնակչի մահվան դեպքի առթիվ»,-նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ի սահմաններում ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Մարտունու շրջանի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանի նկատմամբ, այնուհետև, բռնությամբ հասցնելով ադրբեջանական հենակետ, սպանել նրան:

Ճարտար քաղաքային համայնքի 65-ամյա բնակչի դին ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին փոխանցել է ԱԻ պետական ծառայությանը։

Արցախի դատախազությունը հայտնել է, որ դեպքի առնչությամբ Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված դատախազների հետ փոխգործակցության շրջանակում պարզվել է, որ ԱՀ քաղաքացու սպանությունը կատարել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն:

Back to top button