ԿարևորՀասարակություն

Մարզիկը խոհարարն է, մարզադաշտը՝ խոհանոցը․ ռեստորանային սպորտը Հայաստանում

Հաջողություններ ավանդական սպորտից փոքր–ինչ հեռու մարզաձևում՝ «ռեստորանային սպորտում»․ մարզիկը խոհարարն է, մարզադաշտը՝ խոհանոցը, հաղթանակի գրավականը՝ պատրաստված համեղ կերակրատեսակը։ Արագածոտնի մարզում հայտնի հավի մսով հագանին ու ավելուկով աղցանը հայ խոհարարներին հաջողություն է բերել Ռեստորանային սպորտի աշխարհի առաջնությանը՝ գրավել են 3-րդ հորիզոնականը։ Նախորդ տարի մեր երկրի խոհարարները նույն առաջնությունում երկրորդն էին։ Հայաստանում ռեստորանային սպորտի ֆեդերացիան գործում է 3 տարի։ Դրանցից 2-ը մրցութային են եղել, մարզական շարունակությունն անխուսափելի են համարում։ Ֆեդերացիայի նախագահ Հայկ Բաբուխանյանը կարծում է, որ սպորտը հայկական մշակույթը արտահանելու լավ հնարավորություն է։

«Սա թույլ է տալիս մեզ ունեցածն արտահանել արտաքին շուկա, մեր խոհարարական, սպասարկման ոլորտի նվաճումները ներկայացնել միջազգային ասպարեզում։ Իսկ դա արդեն ունի նաև իր քաղաքական դրական հետևանքները․ մեր ազգի նվաճումները, իմիջը արտասահմանում ներկայացնելու խնդիր կա»։

Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը մրցույթներին մասնակցելը խոհարարների համար զարգանալու լավ հնարավորություն է համարում։

«Հարթակը շատ կարևոր է, շատ։ Ազգային խոհանոցի զարգացման, տարածման համար և, ընդհանրապես, խոհարարների մասնագիտական զարգացման համար»։

Մամուլյանը նշում է՝ Հայաստանն այս սպորտում առաջատար համարվելու բոլոր շանսերն ունի՝ լավ խոհանոց, լավ խոհարարներ։ Պարբերաբար կազմակերպվում են վերջիններին գտնելու, բացահայտելու, զարգացնելու միջոցառումներ․

«Մեր կազմակերպությունն ունի կանոնադրական պահանջ՝ պետք է ամեն տարի իրականացնենք խոհարարական մրցույթներ, ու տարվա վերջում ունենանք Հայաստանի լավագույն խոհարար, լավագույն թիմ, և լավագույն երիտասարդ խոհարար։ Սա պիտի միացնենք ռեստորանային սպորտի ամբողջ ձևաչափին, և մենք կարող ենք աշխարհին ներկայանալ հավուր պատշաճի»։

Մինչ Մամուլյանը ներկայացնում է հայ խոհարարների պոտենցիալը, Ֆեդերացիայի նախագահը հուշում է՝ գիտե՞ք՝ որքան կարևոր է դատավորների կազմում երկրի ներկայացուցիչ ունենալը։

«Եղել է առաջնության ժյուրիի կազմում։ 5 հոգուց մեկը Հայաստանի ներկայացուցիչն է, արդեն մեծ առավելություն ու պատիվ է»։

Իսկ Մամուլյանը հավելում է,– «Նույնիսկ սպորտի բնագավառում, եթե չունենք ներկայացուցիչներ դատավորների կազմում, լավ արդյունք ակնկալելը շատ դժվար է։ Շատ լավ է, որ այս սպորտում ունենք ներկայացուցիչ, էլի կունենանք։ Որովհետև, այնուամենայնիվ հացեր են առաջանում, որոնք պիտի պարզաբանվեն, դատելու ժամանակ։ Դատելը հետևյալ կերպ է լինում՝ բարձր նիշից սկսում են իջնել՝ այս թերությունը տեսել եմ, գնաց միավորը, այս թերությունը տեսել եմ, գնաց»։

Արդյունքում, սակայն, միայն խոհարարի աշխատանքը չի գնահատվում։ Մրցութային թիմը բաղկացած է լինում խոհարարից, գինեգործից ու մատուցողից։ Ասում է՝ վերջին երկուսում շտկելի թերացումներ ունենք։ Մամուլյանն արդեն իսկ զբաղվում է գինեգործների, գինու արտադրությամբ զբաղվողների հետ համագործակցելու հարցերով։ Ասում է՝ լավ գինեգործից բացի լավ լեգենդ է պետք։ Պատմում է վրացիների օրինակը․

«Թատերականացված ներկայացում են իրականացնում վրացիները, դու ոչինչ չես կարող ասել։ Սուտ է ասում։ Օրինակ, ի՞նչ կարող եք ասել, եթե նա ասում է՝ բոլորս գիտենք, որ Աստված մարդուն ստեղծեց կավից։ Եվ կավից մի քիչ ավելացավ։ Այդ ավելացված կավը Աստված տվեց վրացիներին, ասեց՝ տարեք, ինչ ուզում եք, արեք։ Որոշ ժամանակ անց վրացիներին ասաց՝ ի՞նչ արիք կավը։ Մենք ասեցինք՝ կարաս ենք պատրաստել, ասեց՝ ի՞նչ կարաս, ինչի՞ համար, պատասխանը՝ որ գինի լցնենք։ Զարմացավ, ասեց՝ ինչի՞ համար, ասեցինք՝ ո՞նց, տեր Աստված, որ Ձեր կենացը խմենք»։

Լեգենդն է գրավում, այն լուրջ գործոն է․ մենք ունենք որակյալ գինի, որը ներկայացնելու ձևերում առավել համեստ ենք՝ կարծում է Մամուլյանը։ Վստահ է՝ երբ գինեգործների, նաև Տուրիզմի ֆեդերացիայի հետ միավորեն ուժերը, ցանկալի արդյունքը չի սպասեցնի։

Ցուցադրել ավելի
Back to top button