Ժամանակի վկան

Հայրենիք-Սփյուռք համագործակցության նոր ռազմավարական ծրագրի անհրաժեշտություն կա․ Արմանդ Աբրահամեան, Հրաչ Պօղոսեան, Ժանէթ Մարտիրոսեան․ «Ժամանակի վկան»

Մարդկությանը պատուհասած «Կովիդ-19» կոչված համավարակը, առանց որևէ խտրականության, բազմաթիվ խնդիրներ առաջացրեց ամբողջ աշխարհում։ Ինչպես ամենուրեք, այնպես էլ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում բնակվող հայկական համայնքը, համավարակով պայմանավորված խստացումների և սահմանափակումների պատճառով, զրկված էր բազմամարդ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունից։ Այս աշնանը համեմատաբար մեղմացվեցին սահմանափակումները։ Հայ համայնքային կառույցները նույնպես որոշ չափով դուրս եկան, այսպես կոչված՝ «լոքդաունից» կամ մեկուսացումից, ու այժմ փորձում են շարունակել գրեթե երկու տարի ընդհատված բնականոն գործունեությունը։

Արմանդ Աբրահամեան

Սույն թվականի նոյեմբերին, գտնվելով Լոնդոնում, հանդիպումներ ու հարցազրույցներ ունեցա լոնդոնահայ համայնքի ղեկավար անձանց հետ։ Այս հաղորդմանը մասնակցում են Մեծ Բրիտանիայի հայ համայնքային խորհրդի նախագահ Արմանդ Աբրահամեանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահ դոկտոր Հրաչ Պօղոսեանը, ՀՕՄ-ի բրիտանական մասնաճյուղի նախագահ Ժանէթ Մարտիրոսեանը։

Մեծ Բրիտանիայի հայ համայնքային խորհրդի նախագահ Արմանդ Աբրահամեանը ներկայացնում է այն աշխատանքները, որոնք իրականացվել են համավարակի բռնկումից ի վեր՝ մեղմացնելու թագավարակի պատճառած անհարմարությունները։ Բեյրութի նավահանգստում 2020 թ․ օգոստոսի 4-ին տեղի ունեցած սարսափելի պայթյունը մեծ վնաս պատճառեց բեյրութահայ համայնքին։ Բեյրութին օգնության ձեռք մեկնողներից  մեկն էլ բրիտանահայ համայնքն էր։

Արցախյան երկրորդ պատերազմի օրերին բրիտանահայ համայնքային խորհուրդը, համախմբվելով ու մեկտեղելով ջանքերը, աշխատանք տարավ բոլոր ուղղություններով, որպեսզի օգտակար լինի հայրենիքին։ Վերլուծելով պատերազմից հետո Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, Արմանդ Աբրահամեանը շեշտեց նոր ռազմավարական ծրագրի անհրաժեշտությունը։

Հրաչ Պօղոսեան

Համազգային հայ կրթական և մշակութային միության Լոնդոնի մասնաճյուղի նախագահ դոկտոր Հրաչ Պօղոսեանը ցավով նշեց, որ համավարակը, ապա Արցախյան պատերազմն ու դրանից հետո տեղի ունեցած զարգացումներն ընկճախտ առաջացրին նաև Սփյուռքում։ Սահմանափակումների պատճառով Համազգայինի ծրագրած միջոցառումների զգալի մասը չի կատարվել։ Համազգային հայ կրթական և մշակութային միության Լոնդոնի մասնաճյուղի երկարամյա նախագահն «աննախադեպ» որակեց համաշխարհային մակարդակով համահայկական, համազգային հզոր համախմբումն, որի ականատեսը եղանք 44-օրյա պատերազմի օրերին։

Լոնդոնը դանդաղ դուրս է գալիս համավարակի սահմանափակումներից ու լոնդոնահայ կազմակերպությունները, այդ թվում՝ նաև Համազգայինը, պատրաստվում են իրականացնել կիսատ թողած և նախկինում ծրագրված միջոցառումների շարքը։ Դրանց մեկնարկը տրվեց նոյեմբերի 5-ին՝ Լոնդոնի Նավասարդյան կենտրոնի դահլիճում կազմակերպված դասախոսությամբ, որի բանախոսը ես էի։ Դասախոսության թեման էր․ «Հայկական տարածքային և պատմամշակութային կորուստները վերջին հարյուրամյակում» (հեղ․՝ պ․գ․թ․Իրինա Բարսեղյան-Կրպեյան)։ Դոկտոր Հրաչ Պօղոսեանը լավատես է և համոզված, որ Հայրենիք-Սփյուռք սերտ համագործակցությամբ մեր ժողովուրդը կհաղթահարի ստեղծված դժվար, անելանելի թվացող կացությունը։ 

Հայ Օգնության Միության Մեծ Բրիտանիայի մասնաճյուղի ատենապետուհի Ժանէթ Մարտիրոսեանը պատմում է Կովիդի համավարակը հաղթահարելու ուղղությամբ կազմակերպության կատարած արտակարգ ձեռնարկումների մասին, որոնց զուգահեռ ի կատար ածվեցին նաև բեյրութահայությանը, Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում  և հետո Արցախին օգնության կազմակերպումն ու իրացումը։

Ժանէթ Մարտիրոսեան

ՀՕՄ-ը, որպես մարդասիրական միջազգային կազմակերպություն, մինչև օրս հավատարիմ է մնացել որդեգրած սկզբունքներին ու աշխատելաոճին։ ՀՕՄ-ի անգլիական մասնաճյուղի ատենապետուհին, շեշտեց խիղճը, որը կազմակերպության անդամների գործունեության շարժիչ ուժն է։  

Ավարտվեց «Ժամանակի վկան հաղորդաշարի հերթական հաղորդումը, որում ընդգրկված ձայնագրությունները կատարվել էին Լոնդոնում՝ 2021 թ․ նոյեմբերի 5-ին։

։

Ցուցադրել ավելի
Back to top button