Ստարտափ Հայաստան

Արտադրված է Ստեփանավանում. ծխեցված թեյեր՝ հայկական խոտաբույսերից․ «Ստարտափ Հայաստան»

Սոնա Աղաբեկյանի հետ դժվարությամբ հանդիպեցինք, երկրում չէր։ Վերադարձավ մոտ երեք շաբաթից ու միայն այդ ժամանակ կայացավ մեր հանդիպումը։ Հենց առաջին բառից Սոնայի աչքերն անսովոր փայլով լցվեցին։ Պատմում էր, թե ինչպես է ամուսինն օգնում իր ստեղծած բիզնեսն առաջ տանելու ու զարգացնելու հարցում։

«Բոլոր առաքումները, ամեն հնարավոր բան իմ բացակայության ժամանակ արել է ամուսինս։ Գործը չի տուժել։ Պատվեր կա, կհասցնե՞ս առաքում անել, լսում էի պատասխան՝ հա, խնդիր չկա, դու միայն ասա»։

Սոնան Տնտեսագիտական համալսարանի բիզնեսի մարկետինգի կազմակերպման ֆակուլտետում է սովորել, ավարտել է նաև Կառավարման ակադեմիայի հանրային կառավարում բաժինը։

Երկար տարիներ աշխատել է Հայաստանի բանկերից մի քանիսում, բայց հետո խնդիրներ են առաջացել ու դուրս է եկել աշխատանքից։ Աշխատանքից դուրս գալուց հետո մեկուկես տարի գործազուրկ է մնում, հետո որոշում, որ գումար վաստակելու համար մի այլընտրանքային տարբերակ պիտի մտածի։

«Անդադար պրպտում էի, թե ինչ պետք է անել։ Ես էլ քանի որ առաջին մասնագիտությամբ մարկետոլոգ եմ, սկսեցի կամաց-կամաց ուսումնասիրություններ կատարել։ Քանի որ ընտանիքս հատուկ վերաբերմունք ուներ թեյերի հանդեպ, ինչը ենթադրում է, որ շատ էինք օգտագործում, որոշեցի հենց թեյի բիզնեսով զբաղվել։ Դեղատներից հաճախ էի գնում թեյաբույսեր և համային փորձարկումներ անում»։

Թեյերի բիզնեսով զբաղվելը լավ միտք էր, ասում է։ Ամուսինն էլ հասկացրեց, որ ինչով կարողանա՝ կօգնի։ Սոնային մնում էր միայն հստակ պլանավորել անելիքները։ Սկզբում որոշվեց, թե ինչ թեյեր պետք է լինեն, հետո հասկացավ, որ խանութներում, օրինակ, շատ են այնպիսի թեյերը, որոնց ներսը չի երևում, մարդիկ թեյի պարունակությունը տեսնում են միայն տուփի վրա, հաճախ նաև թեյաբույսերն ու մնացած այլ հավելումներն այնքան են փոշիացնում, որ անզեն աչքով չես կարողանում հասկանալ, թե ինչպիսի թեյ է։

«Ես հստակ ուզում էի, որ մարդը տեսնի, թե ինչ է խմում։ Մի փունջը սարքում էի՝ համեղ էր լինում, մյուսը՝ ոչ այդքան։ Ամուսինս առաջարկեց, որ փորձենք գրամով լցնել համապատասխան պարկի մեջ։ Փորձեցինք այդպես ու ստացվեց»։

Համավարակից ու պատերազմից հետո հեշտ չէր նոր բիզնես ստեղծելը թե՛ ֆինանսական, թե՛ հոգեբանական առումով։ Հենց այդ ժամանակ գոյությունը պահպանելու ինչ-որ բնազդ արթնացավ, ասում է Սոնան, հայրենիքի հանդեպ սերն ու հոգատարությունն օգնեցին, որ կարողանան ստեղծել այն, ինչը հետագայում դարձավ բիզնես։ Սոնան ու ամուսինը որոշեցին Հայաստանի նկատմամբ իրենց սերը դարձնել ավելի շոշափելի։ Ու հենց այդպես, Երևան-Ստեփանավան ճանապարհին ստեղծվում էին հայկական խոտաբույսերից պատրաստված թափանցիկ փաթեթավորմամբ թեյեր։

«Վաղուց տանը չենք աշխատում։ Ստեփանավանում տուն ունենք, որոշեցինք բիզնեսը տեղափոխել այնտեղ։ Ամռանը մեծամասամբ այնտեղ ենք լինում։ Գնում ենք թեյաբույսերը, մշակում, մաքրում, ոսկու փոքր կշեռքով գրամ գրամ լցնում ենք պարկերի մեջ»։

Բիզնեսում նորամուծություններ անելը օդ ու ջրի պես մի բան է, հատկապես Հայաստանի պայմաններում, հատկապես փոքր ու միջին բիզնեսում, ասում է Սոնան։ Ամուսնու նախաձեռնությամբ սկսել են արտադրել Հայաստանում նմանը չունեցող թեյեր։

«Ամուսինս յութուբով պատահաբար գտել է ինչ-որ տեխնոլոգիա, որով կարելի է ծխեցնել թեյերը։ Որոշեցինք փորձել։ Մարդիկ շատ հավանեցին»։

Սոնայի ստեղծած թեյերը կարելի է գտնել երկու խանութում։ Մեկը՝ Հայաստանում, մյուսը՝ Ռուսաստանում։ Մնացած վաճառքն իրականացվում է օնլայն տարբերակով։

Հայաստանի պայմանները լավ են բիզնես սկսելու ու հաջողելու համար, անգամ չհաջողելու համար են հարմար, կատակում է Սոնան։

Հայաստանում հնարավոր բոլոր պայմանները ապահովված են, որ մինիմալ բյուջե ունեցողները կարողանան սկսել իրենց բիզնեսը։

Մեր հանդիպման վերջում Սոնայի աչքերը նորից սկսում են փայլել, հիշում է բիզնեսում առաջին ֆինանսական ներդրման մասին. ամուսնու օգնությունն էր։

Ցուցադրել ավելի
Back to top button