ԿարևորՀասարակություն

«Լավ փնտրեն, կգտնեն»․ պետության հատկացրած գումարով մանկատան շրջանավարտը կարո՞ղ է հարմար տուն գնել

Բնակարանների գնելու համար պետության կողմից աջակցություն այսուհետ կստանան ոչ միայն մանկատների շրջանավարտները, այլև սաները։ Ոլորտը կարգավորող գերատեսչությունը փոփոխել է սոցիալական աջակցման ծրագիրը և ընդգրկել շահառուների նոր խմբի։ Նպատակն է աջակցության շրջանակից դուրս չթողնել այն երեխաներին, որոնք առնվազն 7 տարի մանկատան սան են, կենսաբանական ընտանիք չեն վերադարձել, մանկատան բեռնաթափման արդյունքում տեղափոխվել են ընտանիքներ ու փոփոխություն չկատարելու դեպքում դուրս էին մնալու ծրագրից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետի պաշտոնակատար Արտակ Հարությունյանը պարզաբանում է:

«ՀՀ մանկատան շրջանավարտն այն անձն է, ում 18 տարին լրացել է ու նա դուրս է եկել պետական մանկատնից։ Իսկ մանկատան սանն այն անձն է, ով ուղղակի խնամք է ստացել մանկատանը և դուրս է եկել մանկատնից, օրինակ, պետության քաղաքականության, ոչ թե իր ցանկությամբ, օրինակ՝ մանկատունը փակվել է»,– ասում է Արտակ Հարությունյանը։

Նախարարությունը բնակարանի գնման վկայականի տրամադրումը մերժում կամ հաստատում է շահառուի ներկայացրած դիմումի և փաստաթղթերի հիման վրա։ Պետությունը մանկատան կյանքից ինքնուրույն կյանքի անցնող մարդկանց բնակարանի համար կարող է եւ պատրաստ է վճարել 6,3 մլն դրամ։ Տարատեսակ ռիսկերը բացառելու համար այն առձեռն չի վճարվում։ Գումարը տրվում է բնակարանի գնման վկայագրով՝ հավաստիանալու, որ այն իր բուն նպատակին է ուղղվում։  Բավարա՞ր է այդ գումարը՝ քիչ թե շատ հարմարավետ բնակարան ձեռք բերելու համար․ սոցապներկայացուցիչը մանրամասնում է․

«Եթե շահառուի գտած բնակարանի գինը դրանից ավելի է, ապա շահառուն կարող է գումար ավելացնել, իսկ եթե ավելի էժան բնակարան է գնում, այդ գումարի տարբերությունը հատկացվում է շահառուին»։

Վկայագրով տրամադրվող գումարի չափը հաստատվել է 2019թ–ին՝ ասում է Արտակ Հարությունյանը։ Հիմք է ընդունվել մարզերում և Երևանում անշարժ գույքի միջին արժեքը։ Մայրաքաղաքո՞ւմ, թե մարզերում են առավելապես բնակարան գնում մանկատան արդեն նախկին շրջանավարտները՝  նախարարությունում նման վիճակագրություն չունեն, բայց արձանագրում են․

«Երևանում էլ են գնվել բնակարաններ, մարզերում էլ, բայց դե պարզ է, որ Երևանում այդքան շատ չէին լինի։ Երևանի դեպքում դիտարկվել է Նուբարաշեն թաղամասը գները․ ամենաէժան թաղամասն է»։

Վերջին տարիներին բազմիցս է քննարկվել հարցը, որ պետության հատկացրած այդքան գումարը կբավարարի միայն անմխիթար վիճակում գտնվող բնակարաններ գնելուն։ Նախարարությունից արձագանքում են՝ կան շահառուներ, որոնց հաջողվել է նույնիսկ 4.5 միլիոնով բնակարաններ գնել․ պարզապես լավ փնտրել է պետք՝ ասում է սոցապնախարարության ներկայացուցիչը։
Սոցապ նախկին փոխնախարար, ներկայում պատգամավոր Թադևոս Ավետիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝ բնակարանային ապահովման այսպիսի ծրագրեր շատ երկրներ են իրականացնում, բայց դրանք անպայման ուղեկցվում են նաև այլ աջակցության ծրագրերով։ Հիմնավոր լուծումների կարելի է հասնել միայն մանկատան շրջանավարտների համար կայուն զբաղվածություն ապահովելով՝ շեշտում է Թադևոս Ավետիսյանը։ Սոցապհամակարգի իր փորձառությունը հուշում է՝ բնակարանի գնման համար գումար տալը երբեք ավելի արդյունավետ չէ, քան սոցիալական բնակարանաշինությունը։

«Ժամանակին ես մի այդպիսի նախաձեռնություն, ծրագիր էի մշակել՝ «Բնակարանային ապահովման նպատակային ծրագիր», որի հիմնական դրույթներից մեկը հենց բնակարանային ֆոնդի ձևավորումն էր։ Այս դեպքում սեփականության իրավունքը չի անցնում շահառու քաղաքացուն, բայց նա անժամկետ տնօրինում է բնակարանը։ Կային նաև այլ տարբերակներ, օրինակ, պետության կողմից կանխավճարի վճարում կամ տոկոսների սուբսիդավորում։ Այս ընտրության հնարավորությունները կարող են ավելի արդյունավետ լուծումների բերել։ Ի վերջո, գումարը միշտ կարող է քիչ լինել, պետության հնարավորություններն էլ սահմանափակ են, իսկ շահառուները միշտ շատ են»,– ասում է ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյան

Մանկատան շրջանավարտներին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացը կոռուպցիոն ռիսկեր ու աղմկոտ քրեական գործերից զերծ չի եղել։

Ընթացիկ ծրագրում թափանցիկության ու շահառուների ընտրությանը վերաբերող խնդիրների ու խախտումների մասին է խոսում նաեւ Հաշվեքննիչ պալատն այս տարվա իր հաշվետվության մեջ։ Ուսումնասիրությունների արդյունքում պալատն արձանագրել է՝ սոցապնախարարությունը 3 տարում մերժել է ԲԳՎ տրամադրել 85 անձի, սակայն   մերժված քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն չի ներկայացրել։ Արձանագրել են, որ գնման վկայագրի տրամադրման որոշումը կայացրել է ոչ թե իրավասու, այլ մեկ այլ վարչություն։ Եղել է դեպք, երբ փաստաթղթերը լիարժեք չեն ուսումնասիրվել։ Դիտարկվել են նաեւ շահառուների հանդեպ ոչ համաչափ մոտեցման դեպքեր։ Նախարարությունն, իհարկե, իր հերթին, որոշ պարզաբանումներ է ներկայացրել, բացատրել պատճառները։ Բայց սոցիալական ապահովության նախկին փոխնախարարը ևս թափանցիկության խնդիր է նկատում։ Թադևոս Ավետիսյանը շեշտում է՝ սոցաջակցության ցանկացած ծրագրի թիվ մեկ խնդիրն առաջնահերթությունները ճիշտ սահմանելն է։

«Այդ ծրագիրը ինչպես ցանկացած այլ սոցիալական աջակցության ծրագիր պետք է նպատակային և թափանցիկության սկզբունքներով կառավարվի, ներկայացվի՝ ինչպես են ընտրվում շահառուները, ապահովվի աջակցության հետադարձ կապը մոնիտորինգը և այլն։ Որքան թափանցիկությունը բարձր լինի, այնքան կփոքրանան ռիսկեր։ Ի վերջո կոռուպցիոն ռիսկերից բացի կան նաև արդյունավետության ռիսկեր։ Ենթադրենք չկա կոռուպցիոն ռիսկ, բայց արդյոք ամենակարիքավորին է հասել այդ աջակցությունը»,– ասում է սոցապ նախկին փոխնախարարը։

2019 թվականից մինչ օրս  բնակարանի գնման վկայագիր է ստացել մանկատնից դուրս իր կյանքը կազմակերպող 210 անձի։ Նրանցից 195-ն արդեն բնակարան ունի։ 15-ը վկայագիր ունի, բայց դեռ գնում չի կատարել։ Եկող տարի պետությունը նախատեսում է բնակարանի ձեռք բերման հարցում աջակցել ևս 90 անձի, նրանց թվում կլինեն արդեն նաև մանկատան սաները։  

Ցուցադրել ավելի
Back to top button