ԿարևորՔաղաքական

Երևանյան հանդիպումներ միջազգային բանակցություններից հետո

Սոչիի, Մոսկվայի հանդիպումների հետո և Բրյուսելից առաջ իշխանության առաջին դեմքերը քննարկումներ են սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։  Երեկ վարչապետը եղել է խորհրդարանում, հանդիպել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների հետ, այսօր, ըստ մամուլի տեղեկությունների, հյուրընկալել է արտախորհրդարանական ուժերին։ Քննարկումների առանձին շարք էլ նախաձեռնել է հանրապետության նախագահը։ Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է քաղաքական 3 միավորների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներից հետո  շատ մանրամասներ չեն փոխանցվում, տարածվող հաղորդագրությունները գերհակիրճ են՝ զրուցակիցներն անդրադարձել են երկրի առջև ծառացած ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղիներին:

Արտախորհրդարանական  քաղաքական ուժերի և վարչապետի վերջին հանդիպումը կայացել էր շուրջ մեկ ամիս առաջ․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր 10 կուսակցությունների ղեկավարների հետ ։ Այս հանդիպումների ձևաչափը սովորաբար փակ է՝ հայտնի չէ ոչ օրակարգը, ոչ էլ մասնակիցների հստակ ցանկը։

Այսօրվա հանդիպման մանրամասները ևս հայտնի չեն։ Հավանական մասնակիցների հեռախոսահամարները ողջ օրվա ընթացքում անհասանելի էին։   

Ուշագրավ է, որ երևանյան  հանդիպումները  հաջորդում են միջազգային հանդիպումներին։ Մի քանի օր առաջ Սոչիում  Պուտինի և Ալիևի հետ հանդիպելուց հետո Փաշինյանը նախ գնաց խորհրդարան։  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների  հետ վարչապետի հանդիպումը ԱԺ–ում կազմակերպվել էր երեկոյան։ Մեկ այլ բանակցություն խորհրդարանական հանդիպումից առաջ տեղի էր ունեցել Մոսկվայում, որտեղ փոխվարչապետերի աշխատանքային նիստն անավարտ է մնացել անհայտ պատճառներով։   

Որևէ արտառոց իրավիճակ չի եղել, հերթական հանդիպումներից մեկն էր՝ Հանրային հեռուստաընկերության եթերում պարզաբանել է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Սովորական աշխատանքային հանդիպում էր ոչ սովորական պայմաններում՝ ասում է․  

«Ըստ էության՝ ես կարծում եմ՝ մամուլի ուշադրությունն էլ ավելի շատ է գրավել այս հանդիպումը՝ հենց նոյեմբերի 26–ին հաջորդելու հանգամանքով պայմանավորված։ Եվ, այո, հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք այս պահին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, արձանագրել ենք կոնկրետ խնդիրներ, փորձել ենք դրանց լուծման սցենարները քննարկել»։

Ենթադրվում է, որ  նույն հարցերն են նաև արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ հանդիպման օրակարգում։ Խորհրդարանում տեղի ունեցած հանդիպումից հետո ՔՊ խմբակցության քարտուղարը շրջանառվող որևէ լուր չմեկնաբանեց, այդ թվում նաև այն, թե արդյոք հնարավոր ստորագրվելիք փաստաթղթերը  պետք է վավերացվեն խորհրդարանում.

«Մենք պետք է նախ արձանագրենք, որ նոյեմբերի 26–ին ստորագրված հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ նոյեմբերի 9–ի և հունվարի 11–ի հայտարարություններով ստանձնած պարտավորությունները պետք է ի կատար ածվեն, և մենք, ըստ էության, քննարկել ենք բոլոր այն հնարավոր ճանապարհները, որոնցով կկարողանանք տարածաշրջանում խաղաղություն ապահովել և բանակցությունների՝ դիվանագիտական, քաղաքական ճանապարհով ապահովել նոյեմբերի 9–ի և հունվարի 11–ի հայտարարություններով ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները։ Դուք գիտեք, որ բանակցային գործընթացը շարունակվում է և այո, այս ընթացքում մեզ դեռևս չի հաջողվել գալ որոշակի համաձայնության»։

Թե որ հարցերի շուրջ առայժմ համաձայնություններ ձեռք չեն բերվել, խմբակցության քարտուղարը չի պարզաբանում, խորհուրդ է տալիս հետևել պաշտոնական հաղորդագրություններին։

Ուշագրավ է, որ այս հանդիպումներին զուգահեռ հանդիպումների մեկ այլ  շարք էլ սկսվել է Բաղրամյան 26–ում։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 1–ից հանդիպում է քաղաքական տարբեր միավորների ղեկավարների հետ։ Նրանցից ընդամենը մեկը՝ «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանն է, որ մասնակցում է  քննարկումների երկու ուղղություններին ․ վարչապետի ձևավորած խորհրդի անդամ է, և արդեն հանդիպել է հանրապետության նախագահի հետ ։

Նախագահականում Արմեն Սարգսյանի հետ արդեն հանդիպել են «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ նախագահ Թաթուլ Մանասերյանը,  «5165 շարժման» անդամներ Կարին Տոնոյանն ու Մենուա Սողոմոնյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հաղորդագրությունները, որոնք տարածվում են հանդիպումներից հետո, հակիրճ են՝ զրուցակիցներն անդրադարձել են երկրի առջև ծառացած ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղիներին:

Ցուցադրել ավելի
Back to top button