ԿարևորՀասարակություն

Բարձրավան․ ճանապարհից զրկված գյուղ, որից դուրս գալ չեն ուզում

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրումից հետո Բարձրավան, Որոտան և Շուռնուխ գյուղերը փաստացի կտրվել են Հայաստանի մնացած տարածքից։ Հատկապես դժվար է այն գյուղացիների համար, որոնք Գորիսից ու Երևանից դեղորայք ու սնունդ են ստանում։

Նոյեմբերի 11-ից  Բարձրավանը զրկված է Սյունիք մարզի քաղաքների հետ կապող հիմնական ավտոճանապարհից։  Մենք Բարձրավան գնում ենք լեռնային կածաններով,  քանի որ  ասֆալտապատ  մայրուղու վրա   թշնամին է դեռ այս տարվա սեպտեմբերից։ 

Բարձրավան, Շուռնուխ,  Որոտան գյուղերի բնակիչներին կառավարությունն   առաջարկել   է օգտվել  դաշտամիջյան ճանապարհից, բայց ամեն մեքենա այս ճանապարհը չի անցնի։ Մարդատար մեքենաների համար այն խիստ դժվարանցանելի է։ 

Հաջորդ տարեսկզբին սա դառնալու է գյուղ տանող նոր հիմնական ուղին։ Դժվար երթեւեկին զուգահեռ՝ այն հիմա բարեկարգվում է։

Մուտքը դեպի գյուղեր  սկսվում  է Տաթև-Աղվանի ճանապարհի Քաշունի գյուղի խաչմերուկից։  Հենց այստեղ  էլ տեղադրված է ԱԻՆ անցակետը։

Այստեղից  արդեն  այլ մեքենայով ենք ուղևորվում գյուղ։ Մեզ ուղեկցում  է Բարձրավանի բնակիչ Արթուր Թադևոսյանը, ում պապերն այս գյուղում  ապրել են 1810 թ–ից.

«Պարտությունը դեռ ճակատագիր չի, իհարկե, ես չեմ ընդունում ,որ մենք  պարտվել եմ։ Հիմա էլ այս ճանապարհների փակումը բազմաթիվ դժվարություններ են առաջացնում, բայց ես չեմ պատրաստվում գյուղից  գնալ, ու՞ր գնամ, որ գնամ իմ տունը ո՞վ պիտի պահի»։

Հաղթահարելով ճանապահի դժվարությունը՝  մոտ երկու ժամում հասնում ենք Բարձրավան։ Նախկինում  Կապանից Բարձրավան  հասնելն ընդամենը 30 րոպե էր։ Արդեն գյուղում  հարցեր  տալիս ենք ոչ թե մենք՝ լրագրողներս, այլ մեզ՝ գյուղացիները․ ի՞նչ է լինելու մեր վերջը։   Ջիվանշիր Հակոբյանը  12 հոգանոց մի տանիքի տակ է ապրում։  Թոռն  ընտանիքի հետ ապրում էր  Շուռնուխում, հիմա տեղափոխվել  է  Բարձրավան․ նրա տունը մնաց թուրքին.

« Ես  որ սկսեմ խոսել , ձեր օրը չի հերիքի։ Նստած՝ գյուղում սպասում ենք,  թե երբ պետք է ԱԻՆ-ը մեզ հաց բերի, ու՞ր ենք հասել»։

Աիդա Գրիգորյանի ընտանիքն էլ եկել է Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղից։ Արցախից  ոչինչ  չեն հասցրել վերցնել, հիմա էլ անորոշության  մեջ ապրում են։  Աիդան լուրջ առողջական խնդիրներ ունի.

«Դե  այլ տեղ չունենք գնալու,ո՛չ տուն ունենք,ո՛չ տեղ։ Այսօր մեր հացն ապահովում է պետությունը,մինչև տեսնենք ինչ կլինի»։

Ճանապարհների փակվելուց հետո երեք գյուղերի՝ Որոտանի Շուռնուխի, Բարձրավանի  բնակիչներին հացով ապահովում են  փրկարարները։ «Գյուղում պետք է  վերականգնվեն  չգործող թոնիրները, մեր հացը պետք է  ինքներս թխենք ու հույսներս մեզ վրա դնենք»,– ասում է  Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանը.

«Դժվար  է, այսօր եթե ճանապարհը մի քիչ  չոր է, կարողանում ենք երթևեկել, վաղը ձյունը գա, չգիտենք՝ ինչ կլինի։ Ամեն մեքենա չի, որ կարող է երթևեկել։ Բայց ժողովուրդը պինդ կանգնած է ու միտք չունի հեռանալու,խուճապ չկա»։

Գյուղ մտնող հիմնական ճանապարհի փակվելուց  հետո Բարձրավանի  6 աշակերտների դասերն էլ են խաթարվել։ Երկու գյուղերի՝ Շուռնուխի և Բարձրավանի  դպրոցների ուսուցիչներին  ՈւԱԶ մակնիշի մեքենա են  տրամադրել, բայց  դրանցով գալն էլ մեծ դժվարություն է, քանի որ  երթևեկում են  Որոտանի այլընտրանքային ճանապարհով։  Իսկ Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհը՝ ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման տակ է.

«Շրջադարձերն այնքան կտրուկ են , մեքենան ձորի բերան հետ ու առաջ էր անում»,–ասում է գյուղապետը։

Դպրոցում հեռավար դասապրոցեսն էլ հարթ չէ․ոչ բոլոր երեխաներն ունեն համակարգիչ.

«Ամեն դեպքում դասապրոցես գնում է, բայց դա ներկայացնել որպես դաս ․․․ դա ուղղակի անձազոհություն պես բան է, և երեխաներն են մեղք և ուսուցիչները»։

Գորիսից շտապօգնության մեքենաների գյուղ հասնելն էլ է խնդիր։  Որպես լուծում՝    Սյունիքի  մարզպետարանը կազմակերպել է այնպես, որ Որոտանը, Շուռնուխը ու Բարձրավանը սպասարկի Կապանի անձնակազմը։ Գյուղապետը լուծումը տեսնում է հիմնական ճանապարհի բացմամբ.

«Թուրքին պետք է այստեղից լարենք, դրանք լոլոներ են, թուրք  ու խաղաղություն բառերն  իրարից այնքան  են հեռու են, որ թեմա էլ չի, որ քննարկենք»։

Վերադառնալու ճանապարհին ենք, Արթուրը մեր նկարահանող խմբին առաջարկ ունի։ Ճանապարհից շեղվում ենք։ Գյուղի եկեղեցին 926 թ–ի է․ սա մեր չծրագրված կանգառն է։ Այստեղ Արթուրն անկեղծանում է՝ առավոտյան արթնանում եմ ու  ասում․ ««Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ»․․․նույն  պահին հիշում եմ․«Ախր ես ինչպես վեր կենամ գնամ»».

«Մենք ապրելու ու ստեղծելու համար պայքարում  ենք»։ 

Ցուցադրել ավելի
Back to top button