ԿարևորՀասարակություն

Ստորագրվել են դրամաշնորհային պայմանագրեր

Դեկտեմբերի 2-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի ունեցավ 82603 ԱՄՆ դոլար արժողությամբ «Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման և վերամշակման խթանման» և 68059 ԱՄՆ դոլար արժողությամբ «Մեծ Պարնի գյուղի հանրակրթական դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման» ծրագրերի դրամաշնորհային պայմանագրերի ստորագրման արարողությունը՝ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում:

«Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման և վերամշակման խթանման ծրագրի» դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմայի և «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ) ՀԿ նախագահ պարոն Մխիթար Ավետիսյանի միջև:

«Մեծ Պարնի գյուղի հանրակրթական դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ծրագրի» դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվեց պարոն Ֆուկուշիմայի և «Հայաստանում Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ տիկին Արևիկ Հովսեփյանի միջև: Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Խաչատուր Մկրտչյանը, «Ջինջ» ՍՊԸ (դիզայներական կազմակերպություն) տնօրեն պարոն Էդուարդ Մեսրոպյանը։

«Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման և վերամշակման խթանման ծրագրի» նպատակն է Արմավիրի մարզում և շրջակա գյուղերում բարելավել կոշտ թափոնների կառավարման համակարգը՝ տեղադրելով աղբի տեսակավորման 220 աղբամաններ Արմավիր քաղաքում/գյուղերում և վերամշակելով հավաքված թափոնները: Հավաքված թափոնները կվերամշակվեն և կվերածվեն օգտակար գրենական պիտույքների, որոնց մի մասը անվճար կտրամադրվի առաջին դասարանցիներին։ Արդյունքում ծրագիրը կունենա ավելի քան 35000 շահառու:

«Մեծ Պարնի գյուղի հանրակրթական դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ծրագրի» նպատակն է բարձրացնել առողջապահության մակարդակը, սանիտարահիգիենիկ կանոնների և վերամշակված ջրի օգտագործման ուսուցումը Մեծ Պարնիի դպրոցականների շրջանում: Ծրագիրը նախատեսում է Մեծ Պարնիի դպրոցում երեք զուգարանների ամբողջական վերականգնում և կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում` մաքրված կեղտաջրերն օգտագործելով այգիների ոռոգման համար: Արդյունքում ծրագիրը կունենա ավելի քան 240 շահառու։

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը, ՏԿԵ նախարարությունը երկարատև համագործակցության լավ ավանդույթ ունի Ճապոնիայի կառավարության հետ ամենատարբեր ծրագրերի շրջանակներում, Ճապոնիայի դեսպանության ներկայությունը զգացվել է համայնքային ամենատարբեր միջոցառումներում, սոցիալական ծրագրերում։ Վ․ Տերտերյանն ընդգծել է, որ այս երկու ծրագրերը ևս շատ կարևոր են, դրանք լավ օրինակ կարող են լինել և նախարարությունը պատրաստ է օժանդակել նմանատիպ բոլոր նախաձեռնություններին։

Ճապոնիայի դեսպանն իր հերթին նշել է, որ այս երկու ծրագրերը կմարմնավորեն երկու պետությունների միջև բարեկամության խորությունը։

Back to top button