ԿարևորՀասարակություն

Հայաստանում նշել են Անհայտ զինվորի օրը

Անհայտ զինվորի օրը թույլ է տալիս հարգանքի տուրք մատուցել ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածներին և անհայտ կորածներին, այլև բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են հայրենիքին։ Այս մասին Վանաձորում Անհայտ զինվորի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասել է Գյումրիում Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվոյի հայաստանյան գրասենյակի մասնաճյուղի) ղեկավարի պաշտոնակատար Անտոն Բերյանևը։

Դեկտեմբերի 3-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան այգում հավաքվել էին Լոռու մարզպետարանի, տեղական և ռուսական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գյումրիից, Վանաձորի վետերանների խորհրդի, Գյումրու երիտասարդական պալատի անդամները և ղեկավարությունը։

«Այս օրը կոչված է հավերժացնելու այն զինվորների հիշատակը, մարտական  արիությունն ու անմահ սխրանքը, որոնց անունները մնում են անհայտ։ Շատերի համար սա հասարակ ամսաթիվ չէ, այլ խորհրդանիշ, որը կապված է հարազատ մարդու կերպարի հետ՝ այդ նույն անհայտ կորած  պապիկի, հոր, եղբոր, զինակցի, սիրելի տղամարդու հետ: Այստեղ՝ Անհայտ զինվորի հուշարձանի մոտ, գլուխ ենք խոնարհում պատերազմից չվերադարձած բոլոր զինվորների առաջ։ Այսօր բոլոր մտքերն ու զգացմունքները հասցեագրված են նրանց», — ասաց Անտոն Բերյանևը:

Լոռու մարզպետի պաշտոնակատար Գոռ Ասրյանն իր հերթին նշել է. «Մեր բարեկամ Ռուսաստանում դեկտեմբերի 3-ին նշում են Անհայտ զինվորի օրը։ Բայց այս օրը նվիրված է ոչ միայն ռուս, այլ նաև հայ զինվորների, ընդհանրապես նախկին Խորհրդային Միության բոլոր երկրներից զինվորների հիշատակին»։

Նշենք, որ հուշահամալիրի մոտ միջոցառումը սկսվեց Հայաստանի և Ռուսաստանի օրհներգերի կատարմամբ, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենիքի համար բոլոր զոհվածների հիշատակը։ Միջոցառման ընթացքում Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտները ներկայացրին գրական-երաժշտական բեմականացում՝ ռազմական թեմայով։ Վերջում ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշարձանին։

Անհայտ զինվորի օրը Ռուսաստանում նշվում է ամեն տարի դեկտեմբերի 3-ին 2014թ.-ից՝ ի հիշատակ ռազմական գործողությունների ժամանակ զոհված ռուս և խորհրդային զինվորների:

Back to top button