ԿարևորՀասարակություն

Որ ճանապարհներով կգան և կգնան հայկական և ադրբեջանական բեռնատար գնացքները

Մոսկովյան և եվրոպական բարձրաստիճան հանդիպումները վերջին օրերին հաջորդում են մեկը մյուսին։ Բոլորի առանցքում Ղարաբաղյան ու հայ–ադրբեջանական հակամարտությունների կարգավորումն է։ Սոչիում Փաշինյան–Պուտիվ–Ալիև հանդիպումից հետո տեղի ունեցավ փոխվարչապետերի հանդիպումը, որն ընդհատվեց և դեռ պետք է շարունակվի։ Սա հանդիպումների ռուսաստանյան ուղղությունն է։ Եվրոպական ուղղությամբ ակնկալվում է արտգործնախարար Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը, որին մի քանի օրից կհաջորդի Փաշինյան–Ալիև հանդիպումը Բրյուսելում։

Պաշտոնական Երևանում հստակ պատկերացնում են, թե երկաթուղային որ ուղղություններով է տեղի ունենալու տարածաշրջանի ապաշրջափակումը։ Կոնկրետ ուղղություններ խորհրդարանում նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Նշվածը չի վերաբերում ավտոմոբիլային ճանապարհներին.

«Այս փուլում դեռ քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու ընթացակարգերը, և եթե հիմա ինձանից հստակ բան եք ուզում լսել, ապա այդպիսի բան ես չեմ կարող ասել, որովհետև որևէ հստակություն չկա այդ մասով։ Երկաթուղով ամեն ինչ պարզ է, թե ինչ ուղղություններ ունենք։ Մեկը Երասխից դեպի Նախիջևան գնացող ուղղությունն է, մեկը մեր հարավային հատվածով անցնողը, մեկ ուղղություն ունենք, որը գնում է Հրազդանից Իջևանով դեպի Ադրբեջան, ունենք ուղղություն, որն այսօր գործում է Վրաստանի տարածքով է, ևս մեկ երկաթուղային ուղղություն ունենք, որը դեպի Թուրքիա է գնում։ Այսինքն՝ այստեղ ամեն ինչ հստակ է։ Կոնկրետ Ադրբեջանի հետ մենք ունենք Երասխից, Հրազդանից, հարավային հատվածում՝ Մեղրիով անցնող ուղղությունը»։

Փոխնախարարի խոսքից պարզ է դառնում, որ կանգառներ չեն նախատեսվում։ Խոսքը տարանցիկ փոխադրումների մասին է՝ ասում է։ Ադրբեջանի տարածքով մենք կապ ենք ստանալու ՌԴ-ի, Նախիջևանի տարածքով՝ Իրանի հետ, սա է լինելու ապաշրջափակումը՝ հստակեցնում է փոխնախարարը։ Չի մեկնաբանում նոր երկաթուղային գիծ կառուցելու մասին ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկությունները։

Ինչ որոշում կկայացնի ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը, դեռ պարզ չէ։ Դեկտեմբերի 1–ին Մոսկվայում ընդհատված հանդիպման վերսկսման մասին որևէ նոր տեղեկություն չկա։ Եթե դեկտեմբերի 1–ին ուշադրությունը սևեռված էր մոսկովյան հանդիպման վրա, ապա դեկտեմբերի 3–ին արդեն բարձր մակարդակով հանդիպում սպասվում է Ստոկհոլմում։ Պաշտոնական Երևանն ու Բաքուն չեն բացառում Շվեդիայի մայրաքաղաքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հավանականությունը։ Եթե այն կայանա, կլինի չորրորդ հանդիպումը ղարաբաղյան վերջին պատերազմից հետո։

Մինչ այդ Ստոկհոլմում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը, մասնավորապես, ողջունում է Ռուսաստանի միջնորդական ջանքերը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի արդյունքների առնչությամբ հրավիրված ասուլիսում:

Վերջին երկու օրվա ընթացքում Ստոկհոլմում մի քանի անգամ  են անդրադարձել ղարաբաղյան ու հայ–ադրբեջանական հակամարտություններին։ Եվրամիությունը հորդորում է երկու կողմերին հարգել հրադադարը՝ հայտարարել է միության արտաքին քաղաքական հարցերով բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը։

«Եվրամիությունն աջակցում է Մինսկի խմբին և պատրաստ է քաջալերել ջանքերը, որոնք ուղղված են հակամարտության բանակցված, համապարփակ և կայուն կարգավորմանը»,- հայտարարել է նա Ստոկհոլմում։ ԵՄ–ն նաև բրյուսելյան՝ Փաշինյան–Ալիև առաջիկա հանդիպման նախաձեռնողն է։  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ այդ հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև մարդասիրական խնդիրները: 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը Հայաստանին չի վերադարձրել Բաքվում պահվող առնվազն մի քանի տասնյակ գերիների.

«Մենք կապի մեջ ենք երկու կողմերի հետ էլ, քննարկումները շարունակվում են, հուսով ենք, որ կկարողանանք նպաստել իրավիճակի զարգացմանը։ Դեկտեմբերի 15-ին կայանալիք գործընկերների գագաթնաժողովի շրջանակներում հույս ունենք մեկ այլ հանդիպում ունենալ՝ քննարկելու այս մարդասիրական խնդիրները։ Ես համաձայն եմ ձեզ հետ, որ մարդասիրական խնդիրներն, իսկապես, պետք է հրատապ լուծվեն»։

Շվեդիայի մայրաքաղաքում կայացած որոշ հանդիպումները հիմք են տվել ենթադրելու, որ ԱՄՆ-ն ակտիվացնում է իր ջանքերը տարածաշրջանում: ԱՄՆ պետքարտուղարն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այս առումով նշել է․

«Պետքարտուղար Բլինքենի, Պետդեպարտամենտի ու դեսպանության միջոցով ցանկանում ենք աջակցություն հայտնել ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում հարատև և համապարփակ խաղաղությանը»։

Մինչդեռ Ստոկհոլմում տարբեր հանդիպումների և ելույթների ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ռազմական  ագրեսիայից հետո իրավիճակը Ղարաբաղում և Հայաստանի ու Արդբեջանի սահմանին մնում է լարված, Ադրբեջանի զինված ուժերը մայիսից ներխուժել և շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Արարատ Միրզոյանը պնդել է, որ Բաքուն ոտնահարում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ  ստանձնած պարտավորությունները՝ բախումները դադարեցնելու, գերիներին ազատ արձակելու առումով։

ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակում եվրոպացի պատգամավորները խորհրդարան էին հրավիրել նաև Հարավային Կովկասի հարցերով զբաղվող Եվրամիության երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ պարզելու, թե ինչ իրավիճակ են նրանք արձանագրում  նոյեմբերի 9-ի հրադադարից մեկ տարի անց, և ինչ է անում Բրյուսելը Արևելյան գործընկերության անդամ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button