ԿարևորՀասարակություն

Հաստատված ու չեղարկված հայտեր․ օդանավերը կթռչեն, ավտոբուս դեռ չի արտադրվի

Ներդրումներն ավելացել են, բայց միջավայրն ավելի գրավիչ չի դարձելինչ ծրագրեր է հաստատել պետական հետաքրքրությունների ֆոնդը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, որի  նպատակն օտարերկրյա ներդրումներին աջակցելն է, կառավարության որոշմամբ գործում է արդեն 2 տարի: Վերջին 11 ամսում 200-ից ավելի հայտ են ուսումնասիրել, հաստատել՝ 7–ը, մեկը՝ չեղարկել։ Հենց այս ֆոնդն է ստեղծել հայկական ամենամեծ ավիաընկերությունը՝ «Fly Arna»-ն։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսությունն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն շրջանի համեմատ 267 մլն դոլարով կամ 28%-ով ավելի շատ  ներդրում է ստացել, սակայն տնտեսագետները չեն շտապում դա բացատրել մեր երկրի տնտեսության՝ ներդրումների համար ավելի գրավիչ դառնալով․ նախորդ՝ քովիդ-կարանտինային տարին համեմատության համար ճիշտ ելակետ չէ՝ բացատրում են ու մատնանշում՝ այս տարվա ցուցանիշը նախաճգնաժամային 2019-ի տվյալներին դեռ զիջում է։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող «Էյր Արաբիայի» միջև կնքված համաձայնագրով ստեղծվող նոր հայկական ազգային ավիաընկերությունը կսկսի գործել 2022-ի ապրիլ-մայիս ամիսներին։ Ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը մանրամասնում է․

«Մայիս ամսից կսկսեն կանոնավոր չվերթերը՝ նախնական 4 ուղղություններով: Այդ ժամանակ մենք կունենանք 2 օդանավ: Իսկ 5 տարի հետո մենք կունենանք 15 օդանավ»:

Հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող «Էյր Արաբիան» հայտարարեցին հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու մասին: Սա ներդրումային միակ ծրագիրը չէ։  Հայաստանի եւ Էմիրություններում գրանցված Մասդար ընկերության միջեւ ստորագրված   մեկ այլ համաձայնագրով էլ նախատեսվում է   200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան  կառուցել։ Արևային  կայանը կլինի խոշորագույնը Հայաստանում։ Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը 174 մլն դոլար է։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրեն Դավիթ Փափազյանը հստակեցնում է՝ 11 ամսում 200–ից ավելի հայտ են հետազոտել, հաստատել  7–ը, մեկը՝ չեղարկել։  Չեղակված հայտով ներդրումներ էին նախատեսվում  Գյումրիում, կոշիկի արտադրության ոլորտում։  Թե ինչու հայտը չեղարկվեց,  Փափազյանը փակագծերը չի բացում.

«Գործարքի մանրամասները մենք չենք հրապարակի։ Պատկերացնո՞ւմ եք՝ մենք հանրայնացնում ենք այն ձեռնարկությանը վերաբերող  ինֆորմացիան, որը դիմել է մեզ, և ասում ենք, թե իրենց գործունեության որ մասը մեզ դուր չի եկել»։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հաստատած առաջին ծրագիրը, որի մասին հայտարարվեց մինչ պատերազմը՝ համավարակի օրերին,  Եվրասիական տնտեսական միության շուկայի սպառման համար նախատեսված ավտոբուսների արտադրության կազմակերպումն էր։   Ներդրումային ծրագրի արժեքը գնահատվել էր   4.4 մլն դոլար: Ի՞նչ փուլում է այս ծրագիրը՝ հարցնում եմ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանին․  

«Որպես այդպիսին՝ գործարքը կարող է կայանալ այսօր, վաղը, կարող էր ավելի վաղ կայանալ։ Միակ հարցը, որը բաց է մեզ համար, կոմերցիոն արժեքների հարցն է։ Մենք սկսեցինք քննարկումները որոշակի հիմքերի վրա, որոնք ժամանակի հետ փոխվեցին։ Մեր նախաձեռնությամբ գործարքը չկայացավ։ Փոփոխությունները, որոնք առաջարկվեցին, եկամտաբերության ու ռիսկերի առումով մեզ համապատասխան չթվացին»։

Այս տարվա առաջին 6 ամսում Հայաստանի տնտեսության իրական հատված որպես ներդրում դրսից հոսել է մոտ 1.219 մլրդ դոլար կամ 500 մլրդ  դրամ, որից 353 մլն դոլարն օտարերկրյա ուղղակի ներդրումներն են՝ փաստում է  պաշտոնական վիճակագրությունը։ Հայաստանի տնտեսությունն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն շրջանի համեմատ 267 մլն դոլարով կամ 28%-ով ավելի շատ  ներդում է ստացել, ինչը, սակայն, տնտեսագետները չեն շտապում բացատրել մեր երկրի տնտեսության՝ ներդրումների համար ավելի գրավիչ դառնալով․նախորդ՝ քովիդ-կարանտինային տարին համեմատության համար ճիշտ ելակետ չէ՝ բացատրում են ու մատնանշում՝ այս տարվա ցուցանիշը նախաճգնաժամային 2019 թվականի  տվյալներին դեռ զիջում է։ «Ռադիոլուր»–ի զրուցակից տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատում է՝  2020թվականը տնտեսության, այդ թվում նաեւ ներդրումների համար ճգնաժամի, իսկ 2021-ը վերականգնման շրջան է. 

«Մենք 2019–ին ունեցել ենք 1․4 մլրդ դոլարի ներդրում, այս տարի՝ 1․2։ Այսինքն՝ մեզ չի հաջողվել վերականգվել ներդրումների առումով։ Սա բավականին մտահոգիչ է։ Չենք կարողացել  2021–ին ամբողջությամբ վերականգվել, բնականաբար, դա ավելի երկար է ձգվելու։ Կարող է ընդգրկել նաև 2022 թվականը»։


Ներդրումների առումով տարիներ շարունակ առաջատարը եղել է Ռուսաստանը։ Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով  ամենաշատ ներդրումները եղել են  Գերմանիայից, հետո՝ Ռուսաստանից: Արտառոց այս փոփոխությունը մասնագետները բացատրում են ՎԶԵԲ–ի տրամադրած վարկային միջոցներով։

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի խորհրդական Համլետ Մկրտչյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հատկապես կարևորում  է Հայաստանի հարևան երկրներից եկող ներդրումները.  

«Հատկանշական է, որ այս տարվա առաջին կիսամյակում, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, ՀՀ-ում ներդրումներ են իրականացվել նաև հարևան Իրանից, մասնավորապես, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում»:

Համավարակով պայմանավորված սահմանափակումներն  ու հետպատերազմյան իրողություններն արտաքին ներդրողների համար նվազեցրել են Հայաստանի տնտեսական գրավչությունը։ Այժմ  առաջնային նախապայման է դիտարկվում տարածաշրջանում խաղաղության,  կանխատեսելիության ու անվտանգության ապահովումը։ Փորձագետները կարծում են, որ սա ամենակարևորն է  հատկապես այս փուլում։  

Ցուցադրել ավելի
Back to top button