
Գիտության մեջ մկներին, առնետներին ու ճագարներին միանում են ոչխարները։ Հաճախ չէ, որ այս կենդանին գիտափորձ է դառնում։ Երբեմն սակայն, հնարավոր է։ Հայաստանում հակաթույնի նախատիպը հենց ոչխարների վրա են փորձարկում։ Մինչ այդ էլ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի թունաբանական հետազոտությունների լաբորատորիայում ճագարներն էին գիտափորձի ենթարկվել։ Դրական արդյունքից հետո որոշել են նաև այս կենդանու վրա փորձարկումներ կատարել։ Փորձարկումների համար նախատեսված կենդանին պահվում է ինստիտուտի հարևանությամբ։ Ոչխարն այժմ իմունիզացման փուլում է։ Ամեն շաբաթ նրան օձի թույն են ներարկում՝ աճող չափաքանակով։ Իմունիզացումը կտևի մոտ 4 ամիս։ Հակամարմինների բավարար քանակի դեպքում կարձանագրեն՝ ոչխարը պատրաստ է արյուն հանձնելուն․ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի թունաբանական հետազոտությունների լաբորատորիայում են գիտաշխատողները հետազոտություններ անում։


Լաբորատորիայի երիտասարդ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Քիշմիրյանն ասում է․«Ոչխարից վերցվածը գալիս է, արյունից անջատվում է, մշակվում է, մաքրվում է, խտացվում է, այնուհետև փորձարկումներ մկների ու առնետների վրա։ Սովորական թույնի դեպքում մաշկին արյունազեղման հետքեր են, իսկ հակաթույնը ներարկելուց դա կամաց-կամաց վերանում է։ Մեր նախատիպը 100 տոկոս արդյունավետություն է տալիս»։
Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի թունաբանական հետազոտությունների լաբորատորիայում պահպանվում են գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ բոլոր կանոնները՝ ժամանակակից սարք-սարքավորումներ, կոլբաներ, համակարգիչներ, աշխատելիս՝ պարտադիր ձեռնոցներ։ Մինչդեռ բակում գյուղատնտեսական ուղղվածություն չունեցող գիտական կենտրոնի համար անսովոր կենդանի է պահվում՝ ոչխար։ Այս կենտրոնում երկար ժամանակ հայ գիտնականները Հայաստանում տարածված օձերի թույներն էին փնտրում, հետազոտում։ Հայկական իժն ու կովկասյան գյուրզան են, այսպես ասենք, նրանց հիմնական թիրախում. 2018-ից փորձում են գյուրզայի հակաթույն ստանալ։


Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի թունաբանական հետազոտությունների լաբորատորիայում են գիտաշխատողները հետազոտություններ անում։ Լաբորատորիայի երիտասարդ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Քիշմիրյանը պատմում է․ «Օձերի թույների դեմ հակաթույնը ստացվել է դեռևս 18-րդ դարի վերջում։ Բոլորը կենդանական ծագման հակաթույն են ստանում, որին ներարկում են այն օձի թույնը, որի դեմ պետք է հակաթույն ստանալ։ Կենդանու մարմինը սկսում է այդ թույնի բաղադրամասերի դեմ հակամարմին ստանալ»։
Գիտնականն ասում է, որ երբ կայունանում է այդ հակամարմնի քանակությունը, արյուն են վերցնում, անջատում են հակամարմինը, մաքրում են ու կարելի է ասել՝ պատրաստ է։ Պետք է արդյունավետության գնահատում իրականացնեն։


Եվ ահա հայ գիտնականները հակաթույնի նախատիպ են ստեղծել, որը իր արդյունավետությամբ մրցակցում է միջազգայնորեն ճանաչված այլ հակաթույների հետ։
Հայաստանում այժմ օձերի խայթոցների ժամանակ ներարկում են կամ ֆիզլուծույթ, կամ հիվանդին առաջարկում են գնել ուզբեկական հակաթույն, որը գյուրզայի բոլորովին այլ ենթատեսակի համար է նախատեսված։ Երիտասարդ գիտնականի խոսքով, «Հայտնի հակաթույնն աշխատում է երեք օձերի թույների դեմ։ Օրգանիզմի կողմից ծանր է ընկալվում։ Մենք փորձեցինք մեր՝ տեղական ենթատեսակի համար ստեղծել հակաթույն»։ Երիտասարդ գիտնականն ասում է, որ այժմ Հայաստանում վաճառվող հակաթույնի վաճառքի գինը ինքնարժեքից մի քանի անգամ բարձր է։ Հայկական արտադրության հակաթույնի նախատիպն է պատրաստ։ Այն միայն կենդանիների վրա են փորձարկել։ Արդյունավետ է։


Այն ինչ գիտնական Արսեն Քիշմիրյանը ներկայացնում է մի քանի րոպեում, իրականում տարիների հետազոտությունների ու աշխատանքի արդյունք է․ գիտնականներն իրենց հետազոտություններն անում են Գիտության կոմիտեից ստացված դրամաշնորհի միջոցով։ Հաջորդ փուլը տնտեսության մեջն ներդնելու փուլն է։ Այստեղ գիտեն ինչ են անելու, բայց նաև գիտեն, որ երկար ճանապարհ ունեն անցնելու։
Գիտնականներն ասում են, որ գյուրզայի հենց այս տեսակն է ամենատարածվածը տարածաշրջանում՝ ի տարբերություն ուզբեկականի, ուստի հայ գիտնականների կողմից ստեղծված հակաթույնը արտահանման ավելի լայն աշխարհագրություն կարող է ունենալ։ Լևոն Աղասյանը նեղ մասնագիտությամբ օձաբան է, հենց նրան էլ հարցնում եմ՝ օձը տաքացնողին իսկապես կծում է․ «Ես ավելի շատ կասեի, որ պետք է զգույշ լինել, եթե մենք չբռնենք, չտրորենք, երբեք նախահարձակ չեն լինում։ Միշտ անթույն օձերը շատ ավելի ագրեսիվ են, քան թունավոր օձերը»։


Զրուցակիցս ունի նաև «Ինչո՞ւ են օձերը շատացել» հարցի պատասխանը․ մարդիկ հայտնվել են օձերի ապրելավայրերում։ Հայաստանում գոյություն ունի 23 տեսակի օձ, նրանցից միայն 4-ն են թունավոր, 4-ից երեքը՝ Հայաստանի ու միջազգային Կարմիր գրքում են 3-ը, մեկը՝ Դարևսկու իժը, կրիտիկական անհետացման եզրին է գտնվում։ Բնության մեջ ոչինչ հենց այնպես չի ստեղծվում։ Պարզապես պետք է ուշադիր լինենք՝ չկորցնելով կապը բուսական ու կենդանական աշխարհի հետ։ Իսկ թե ի՞նչ արդյունք կտան գիտական հետազոտություններն ու առաջարկները ե՞րբ կներդրվեն տնտեսության մեջ, ժամանակը ցույց կտա։