ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «մշակույթի պահապանների» ցանկում է

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը տեղի ունեցավ Հաագայի կոնվենցիայի «Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» երկրորդ արձանագրության մասնակից պետությունների 9-րդ հանդիպումը, որի շրջանակում կազմակերպվեց նաև համանուն կոմիտեի անդամների ընտրությունը։

Կառույցին անդամակցելու համար առաջադրվել էր նաև Ադրբեջանը, որը քվեարկությանը մասնակցած պետությունների ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրվեց կոմիտեի անդամ առաջիկա 4 տարիներին։ Ընտրությանը հաջորդեց Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությունը, թե գերատեսչությունը պատրաստվում է հայց ներկայացնել Հայաստանի դեմ՝ ադրբեջանական ավերված հուշարձանների հարցով։

Քերիմովը խոսել է առաջիկա քայլերի մասին՝ մոնիթորինգ Արցախում, մուսուլմանական կոթողների վիճակի մասին փաստերի հավաքում։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքի հիմնադիր, պատմաբան Համլետ Պետրոսյանը աբսուրդ է համարում Ադրբեջանի՝ մշակույթի պահպանության կոմիտեում ընդգրկվելու փաստը։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է, որ տեղյակ է նաև Անար Քերիմովի հայտարարությանը և պատրաստվում է հակադարձ փաստեր ներկայացնել այն մասին, որ հայերը մուսուլմանական կոթողները, մզկիթները չեն ավերել, ընդհակառակը՝ վերանորոգել են․

«Ես չեմ զարմանում իհարկե ոչնչից, բայց գայլերին դրել են ոչխարների պահապան։ Նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ մշակութային վանդալիզմով են զբաված, հիմա պիտի հսկե՞ն այդ մշակույթը։ Չգիտեմ, մեզ հիմա մնում է քայլեր ձեռնարկել, ես, գիտեք, monumentwatch.org կայքն եմ հիմնադրել, մենք ունենք մոնիթորինգ արած, թե Արցախի տարածքում մուսուլմանական մշակութային կոթողները ինչ վիճակում են գտնվում և ես այդ ամենի մասին հոդվածներ կկազմեմ և կտեղադրեն երեք լեզվով մեր կայքում, թող աշխարհն էլ տեսնի դա»,-ասում է Համլետ Պետրոսյանը։

Անհատների աշխատանքը քիչ է, պետական մոտեցում է պետք Արցախի գրավյալ տարածքներում մնացած մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվելու համար․ այս կարծիքին է «ԻԿՕՄՕՍ Հայաստան» ՀԿ նախագահ Գագիկ Գյուրջյանը։ Նրա գնահատմամբ՝ մշակութային դաշտում Ադրբեջանը հետևողական աշխատանք է տանում, իսկ Հայաստանին դեռ չի հաջողվում համարժեք պատասխան տալ։ Զրուցակցիս համոզմամբ՝ գրավյալ տարածքներում մնացած ժառանգության պահպանության հարցով պետք է հատուկ ռազմավարություն՝ պետական մակարդակով․

«Մեր երկրում անհրաժեշտ է պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերով զբաղվող լուրջ պետական մարմին ստեղծել։ Հիմա ԿԳՄՍ կազմում մի վարչություն կա, որը խեղճացած վիճակում է  և ոչ մի բան չի տալիս, իս Ադրբեջանը տարբեր լծակներ է օգտագործում պետական մակարդակով, նրանք ունեն այդ կառույցները։ Միջազգային հարթակներում ճիշտ ռազմավարություն ունենալու, ճիշտ քաղաքականություն տանելու համար պետական լուրջ մարմին պիտի ստեղծենք՝ համապատասխան իրավասություններով, հակառակ դեպքում այսպես սիրողական մակարդակով է մնալու՝ մի օր մի ՀԿ կխոսի, մյուս օրը՝ մի հիմնադրամ»,-ասում է Գագիկ Գյուրջյանը։

Ադրբեջանի մշակույթի նախարարը Հայաստանի դեմ հայց ներկայացնելու ժամկետեր չի նշել, չի մանրամասնել  նաև, թե հատկապես որ միջազգային ատյաններ է դիմելու Ադրբեջանը։  44-օրյա պատերազմի ավարտից հետո այդ երկիրը մշտապես հայտարարում է  Հայաստանի դեմ  դատական հայցեր  ներկայացնելու մտադրության մասին,  ինչը, սակայն, առայժմ սահմանափակվում է  Երևանի դիմումներին ի պատասխան հակընդդեմ հայցեր ներկայացնելով։ Հայաստանն Ադրբեջանի դեմ հայցեր է ներկայացրել ՄԻԵԴ և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։ Մոնիթորինգ իրականացնելու ժամկետեր Ադրբեջանը ևս չի նշել, Քերիմովը պատճառաբանել է, որ առաջիկայում եղանակային պայմանները բարենպաստ չեն լինելու, իսկ Արցախի մեծ մասն էլ ականապատ է, ինչն անվտանգության առումով բարդացնում է աշխատանքը։

Ցուցադրել ավելի
Back to top button