ԿարևորՍպորտ

Մարզադաշտ՝ կենտրոնում ծառ․ Արմավիրի նոր ստադիոնը կփոխի քաղաքի սպորտային կյանքը

Արմավիրի «Հոբելյանական» մարզադաշտը 41 տարի անց նոր շունչ է ստացել: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 3 տարի առաջ ձեռնամուխ եղավ քանդվող մարզադաշտի հիմնանորոգմանը, ներդրվել է շուրջ 688 մլն դրամ:

Նախկին 10 հազար նստատեղ ունեցող 2 տրիբունայի փոխարեն կառուցվել է մեկը՝ 3122 նստատեղով: Մարզադաշտին կից կառուցվել են արհեստական խոտածածկով ևս 4 փոքր դաշտ:

Մարզադաշտն արմավիրցիների սիրելի  վայրերից էր։ Սա Հանրապետությունում մեծությամբ 3-րդ-ն էր։ 1980թ-ին կառուցված մարզադաշտը Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 60-ամյակի կապակցությամբ անվանվել է «Հոբելյանական»: Հետխորհրդային շրջանում մարզադաշտն ուշադրությունից դուրս մնաց, հիմնական կառուցվածքները մաշվեցին, բայց մարզադաշտում ֆուտբոլ խաղալը չդադարեց: Սա նաեւ ֆուտբոլի բակային թիմերի հանդիպման վայր է։

«Նախկինում շատ քարուքանդ էր, խոտն էլ գույն չուներ՝ դեղնած, դարպասներ չկային, անմշակ էր, մարզադաշտում վազում էինք՝ կարող է դիմացդ  ծառ լիներ»։

«Շատ վատ վիճակում էր մեր դաշտը, տրիբունաները՝ քանդված, ճաքճքած, արմատուրաները՝ դուրս եկած: Մեր տվյալներով՝ 1980-ականներից այս կողմ մարզադաշտում ոչ մի վերանորոգում չի եղել»:

Չնայած վատ պայմաններին՝ ակումբային պատանեկան ու երիտասարդական թիմերը շարունակել են մարզվել Արմավիրի մարզադաշտում: Հանդերձարանների ու լոգարանների բացակայությունը մարզիկներին հետ չի պահել, պարապել են նույնիսկ շինաշխատանքների ընթացքում: Պատանի զրուցակիցներս 6 տարի է՝ մարզվում են այստեղ:

Նրանց աչքի առաջ Արմավիրի ստադիոնը նոր տեսք ստացավ։

«Վատ էին պայմանները, ոչ լոգարան կար, ոչ էլ հանդերձարան: Գալիս էինք, փոխվում, բայց ոչ մի հանդերձարան, ոչ մի բան  չկար: Մեր  իրերը դնում էինք հենց դաշտում կամ մի քիչ դուրս, սկսում պարապել: Դաշտում էլ փոխվում էինք, ձմեռն էլ ենք պարապել, բայց սիրով ենք գալիս»։

«Դաշտը հողոտ ու քարքարոտ էր, գնդակը չէինք կարողանում հավասար պաս տալ՝ անընդհատ կպնում էր գետնին ու վերև էր բարձրանում»։

«Արհեստական դաշտը լավն էր, բնական խոտածածկովը՝ վատ, բայց որ հիմա մշակել են՝ որակը շատ է լավացել, ու կարողանում ենք պարապմունքներ անցկացնել»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ Արմավիրի մարզադաշտի հիմնանորոգումը սկսվել է 2018թ-ից, տեխնիկական պատճառներով ժամանակավորապես դադարեցվել էր, վերսկսվեց այս գարնանը:

Ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի տեղեկացմամբ՝ նախագծման և շինաշխատանքների համար պահանջվել է 688 մլն դրամ՝ հիմնական ներդրողը  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է, աջակցել են ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն։

«Այստեղ կանցկացվեն մեր երիտասարդական և պատանեկան տարբեր տարիքային խմբի հավաքականների հանդիպումները: Նախնական  համաձայնությամբ ՀՖՖ գործկոմի Արմավիրի  «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան  թիմն է այստեղ պարապում: Առաջարկելու  ենք բարձրագույն խմբի ակումբներից որևէ մեկին՝ մարտից մինչև մայիս 2-րդ փուլի հանդիպումներն անցկացնել Արմավիրում»:

Կառուցվել ու բարեկարգվել են մարզադաշտերը, տրիբունան, շենքում բոլոր պայմանները ստեղծվել են մարզվողների համար՝ կա մի քանի հանդերձարան, լոգարան, սանհանգույց:

Արմավիրի բնակչուհի Գայանե Այվազպալյանի որդին 80-ականներից մարզվել է Արմավիրի մարզադաշտում, նկատում է. «80-ականների կեսերին տղաս այստեղ ֆուտբոլի էր գալիս: Շատ գեղեցիկ ստադիոն էր՝ ամեն ինչով, բայց հետագայում ավերվեց, անտերության մատնվեց, պոկեցին տարան ամեն ինչ: Հիմա մեր նոր ղեկավարությունը կարողացել է վերականգնել։ Առաջընթաց է երկրի համար: Եթե այսպես քիչ-քիչ շարունակվի՝ անտերության, բարձիթողի մատնված քաղաքը շունչ կառնի»:

Մարզադաշտը բացում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին ու Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Խուդաթյանը համոզված է՝  մարզադաշտում կվերսկսվեն միջազգային ֆուտբոլային հանդիպումները.

«Իրականում միջազգային պահանջներին համապատասխանող մարզադաշտ ունենք, որտեղ կարող են մարզվել և պաշտոնական խաղեր անցկացնել: Միջազգային որակի ֆուտբոլ ենք դիտելու, այս պահին չեմ ուզում շատ փակագծերը բացել, բայց մարտին այստեղ, ամենայն հավանականությամբ, միջազգային հանդիպում կիրականացվի, նաև Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղեր են նախատեսվում»:

Արմավիրի մարզադաշտում մինչ այժմ միջազգային կարգի հանդիպումներից կայացել է  Կոլումբիա և Թունիս խաղը: Հաջորդ տարի նախատեսվում է անցկացնել Հայաստան-Ուկրաինա երիտասարդական ֆուտբոլային հավաքականների հանդիպումը: ՀՖՖ-ն  հիմնանորոգում է նաև Վանաձորի և Աբովյանի մեծ մարզադաշտերը, որոնք շահագործման կհանձնվեն 2022թ-ին, իսկ Գյումրիում կավարտեն քաղաքային մարզադաշտի լուսավորման աշխատանքը՝ հնարավորություն ստեղծելով  ֆուտբոլ խաղալ նաև երեկոյան  ժամերին:

Back to top button