ԿարևորՀասարակություն

Կառավարությունը նախատեսում է ներդնել կառուցապատման թույլտվությունների ստացման առցանց համակարգ

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կառուցապատման ոլորտը կանոնակարգելու նպատակով: Արդյունքում կկանոնակարգվեն կառուցապատման հիմնական փուլերի (ՃՀԱ-ի տրամադրում, նախագծի համաձայնեցում և շինարարության թույլտվության տրամադրում) հետ կապված առկա խնդիրները, կստեղծվի հարմար, թափանցիկ գործելու միջավայր՝ էլեկտրոնային «Մեկ պատուհան»:

Այն հնարավորություն կտա մի կողմից ապահովել բոլոր մարմինների և կազմակերպությունների պահանջները, մյուս կողմից առցանց և միաժամանակյա գործելու շնորհիվ կկրճատի կառուցապատողների շփումները վերջիններիս հետ, կխնայի ժամանակը: Համակարգը թույլ կտա նաև իրականացնել գործընթացների մոնիթորինգը և կծառայի շինարարության բնագավառի միասնական տեղեկատվական շտեմարան: Արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը:

Մասնավորապես, նախատեսվում է կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում դեպի կառուցապատման թույլտվությունների բացառապես առցանց դիմման և տրամադրման համակարգի։ Առաջնային փուլում Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում կառուցապատման թույլտվությունների ստացման գործառույթների զգալի մասն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ միասնական համակարգի միջոցով, դիտարկելով այն որպես էլեկտրոնային «Մեկ պատուհան», որում կգործեն ընթացակարգին մասնակից բոլոր մարմինները և կազմակերպությունները:

Սահմանվելու է այնպիսի ընթացակարգ, ըստ որի տեղական ինքնակառավարման մարմիններին հասանելի կլինի մի քանի մարմինների և կազմակերպությունների հետ առցանց փոխհամաձայնեցումումը: Հնարավոր կլինի տեղական ինքնակառավարման մարմինների մեկ պատուհան ծառայությունների միջոցով համակարգ մուտքագրել բոլոր դիմումները: Դիմումներում լրացվող տեղեկատվությունը կդառնա ամբողջական՝ ըստ մատակարար կազմակերպությունների պահանջների, որպեսզի վերջինիս հիման վրա հնարավոր լինի տալ հստակ տեխնիկական պայմաններ:

Նախագծերի համաձայնեցման գործընթացն կիրականացվի էլեկտրոնային համակարգով, երկու փուլով՝ նախագծման սկզբնական փուլում, էլեկտրոնային համակարգի միջոցով իրավասու մարմնի և մատակարար կազմակերպությունների հետ կառուցապատման և ինժեներական ենթակառուցվածքի ամփոփ հատակագծի համաձայնեցում, համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվություն ստանալու համար նախագծի ամբողջական կազմով ներկայացում:

Բոլոր ծանուցումները, տեղեկացումները և թույլտվություններն (էլեկտրոնային ստորագրությամբ) կիրականացվեն  e-permits համակարգի միջոցով: Դիմումներին կցվող փաստաթղթերի տվյալներն առցանց նույնականացնելու համար կօգտագործվեն տարբեր մարմինների տեղեկատվական շտեմարանները: Հողամասերի տեղադիրքը և առնչվող տեղեկատվությունը ստանալու համար կօգտագործվեն  առցանց քարտեզներ: Ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունները, շինության նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շինության շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՀ կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային եղանակով:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շատ հաճախ մենք բողոքներ ենք ստանում շինարարական կազմակերպություններից կամ ներդրողներից, որ շինթույլտվությունների  կամ նախագծային առաջադրանքի գործընթացն օրենքով նախատեսվածից ավելի երկար ժամանակ է տևում: Այս համակարգում մենք ունե՞նք ինչ-որ ահազանգման համակարգ. գուցե վերահսկող մարմիններին կամ ՏԻՄ ստորաբաժանման ղեկավարին ահազանգ լինի, որ ենթադրենք այս դիմումի ընթացքը լուծելու համար ժամկետները մոտենում են և պետք է լուծումներ տալ: Եթե չկա, կարծում եմ՝ այն ընկերությունները, որոնք սպասարկում, ծրագրային ապահովումն են իրականացնում, պայմանական ասած՝ ահազանգի համակարգի, ստեղծման մասին էլ մտածեն»:

Back to top button