ԿարևորՀասարակություն

Ընդունվելիս և բուհերում հայոց լեզվի կամընտրական լինելը՝ կրկին մտահոգության թեմա

Եկող տարի ընդունելության քննությունների ցանկում հայոց լեզուն դարձյալ կլինի կամընտրական, ասել է, թե դիմորդը կորոշի՝ հանձնել մայրենի, թե օտար լեզու։ Կառավարության հիմնավորումը, թե սա համավարակի թելադրանքն է, համոզիչ չի թվում հարցով մտահոգ շրջանակներին։ Նրանք նաև նկատել են՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի վերջին նախագծից դուրս է մնացել գործող օրենքի այն դրույթը, որով հայերենը պարտադիր առարկա էր բոլոր բուհերի համար։ Սա ուղիղ իմաստով նշանակում է, որ հայերենը բուհերում դառնում է կամընտրական առարկա։ Մինչ ԿԳՄՍ-ն խոստանում է այս մասին խոսել առաջիկայում, լեզվաբանները սա անթույլատրելի են համարում և պահանջում են վերանայել որոշումը։

Բուհի ընդունելության քննություններում և հետագայում բուհերի առարկայացանկում հայոց լեզվի պարտադիր ընդգրկված լինել-չլինելը նորից դարձել է բուռն քննարկումների թեմա։ 

Նախ՝ ընդունելության քննությունների մասով։  Հայերենի ցածր միավորների մասով մտահոգություններին մեկն էլ է ավելացել։ Ինչպես նախորդ երկու տարիներին՝ հայոց լեզվի քննությունները դարձյալ հանվել են 2022-23 ուս տարվա բուհական ընդունելության պարտադիր քննությունների ցանկից։  Սա համավարակի թելադրանքն  է՝ իր որոշումը հիմնավորում է կառավարությունը։ Դիմորդներն ազատ են ընտրել՝ բուհ ընդունվելու համար հանձնել հայեց լեզվի՞, թե՞, օրինակ, անգլերենի քննություն։

Կրթական գերատեսչության հիմնավորմամբ՝ կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվում են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրել քննական առարկան: Իրավական ակտերի միասնական հարթակում այս նախագծին դեմ է արտահայտվել քվեարկողների 49 տոկոսը։ Նախագիծը 2 տոկոսի տարբերությամբ կառավարության որոշում է դարձել։ Մինչդեռ հայագետների պնդմամբ՝ որոշումը պետք է անհապաղ վերանայվի։ ՀՊՄՀ-ի հեռուստալրագրության ամբիոնի վարիչ, լեզվաբան  Լևոն Գալստյանը ևս մտահոգված է։ Լեզուն միայն մեծարանքի, բանաստեղծության առարկա չէ՝ ասում է.

«Հայերենը ՀՀ պետական լեզուն է։ Դա սոսկ նախադասություն չէ։ Դա որոշակի պարտավորություն է, որը ստանձնում է պետությունը՝ լեզվի գերակա դիրքը ամրագրելով հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Ընդունելության քննություններից հայոց լեզվի «վտարման» հիմքում, ես կարծում եմ, մի մեծ թյուրիմացություն կա։  Ճիշտ չի գիտակցվում առհասարակ լեզվի դերը»։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կտրուկ բնորոշումներ չի տալիս, բայց խոստովանում է՝ լեզուն իսկապես վերջին տարիներին հետընթաց է ապրել։ Կառավարության վերջին որոշումն ու վերջին տարիներին մայրենին ընդունելության քննությունների պարտադիրների ցանկից հանելը  բացառապես համավարակով է պայմանավորված՝ նկատում է։

«Ընդհանուր առմամբ՝  խնդիրն այն է, որ բուհերը փորձում են հնարավորինս շատ այլընտրանքներ առաջարկել դիմորդներին, որպեսզի շատ մարդ կարողանան ընդունել։  Բայց այստեղ մտահոգիչ մի բան կա։ Ընդհանրապես, հայոց լեզվից ավելի ցածր են ստանում դիմորդները, քան անգլերենից կամ մյուս օտար լեզուներից, դրա համար երբեմն նաև փորձեր է արվում հայերենը դուրս մղել, որովհետև ավելի հեշտ է մյուս առարկաներից բարձր ստանալը»։

Լևոն Գալստյանի համար կառավարության փաստարկը համոզիչ չէ։ Նույն տրամաբանությամբ կարելի էր մասնագիտական առարկաների թիվը կրճատել։

«Մեր պետական լեզուն որբի գլուխ չէ, որ պատեհ-անպատեհ պատրվակներով «խուզեն»։  Հայերենը միայն նշանային համակարգ չէ, միայն գիտելիք չէ, այն նաև մեր մտածողության հիմքն է։ Ոչ մի գիտելիք ու գիտություն՝ լինի ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, չի կարող առանց լեզվական պատշաճ գրագիտության սահմանել երևույթների պատճառահետևանքային կապերը։ Այս ամենը լեզվի մեջ է, և եթե մենք այն վտարում ենք մեր կրթական պահանջներից, անտեսում ենք այն,  մենք շատ կոպիտ սխալ ենք դրանով թույլ տալիս»։

Մինչդեռ կրթական գերատեսչությունում հավաստիացնում են՝ այս որոշմամբ մայրենին չի ստվերվում։  Ավելին, շեշտում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի վերջին նախագծով սահմանվում է, որ ընդունելության  համար հայերենի քննությունը պարտադիր է բոլոր մասնագիտությունների համար։ Խոսքն օրենքի այն նախագծի մասին է, որում որոշ դրույթների հակասահմանադրական լինելու փաստարկով Սահմանադրական դատարանը հետ էր ուղարկել փոփոխությունների։

Ո՞ւր մնաց հայոց լեզուն․ այս մտահոգությունը հնչում է նաև արդեն բուհերում դասավանդվող առարկայացանկի մասով։ Հարցով մտահոգ շրջանակների աչքից չի վրիպել՝ նշված օրենքի նախագծից դուրս է մնացել գործող օրենքի այն դրույթը, որով հայերենը պարտադիր առարկա էր բոլոր բուհերի համար։ Սա ուղիղ իմաստով նշանակում է, որ հայերենը բուհերում դառնում է կամընտրական առարկա, եթե մասնագիտական առարկա չէ։ Կրթական գերատեսչությունից խնդրին չեն արձագանքում, պատճառաբանում են՝ կխոսեն հետո։  Իսկ մինչ պատկան կառույցը կխոսի՝ դեռ պատասխանի են սպասում դիտարկումները, թե ինչու է ստվերվում հայոց լեզվի կարևորությունը, և ինչու է սեփական երկրի բուհերում սեփական լեզվի դասավանդել-չդասավանդելը թողնվում բուհի հայեցողությանը։

Back to top button