ԿարևորՀասարակություն

Քրեական հետապնդում՝ սոցիալական երաշխիքների փոխարեն․ 81 պայմանագրային զինծառայողի դեմ քրեական գործեր են հարուցվել

81 պայմանագրային զինծառայողի դեմ հարուցվել են քրեական գործեր՝ բնակության վայրում վարձակալության պայմանագիր չունենալու պատճառով։ Օրենքի պահանջը սոցիալական երաշխիքների փոխարեն, պարզվում է, խնդիրներ է հարուցում։ 

Սեփականատերերը խուսափում են զինծառայողների հետ պայմանագիր կնքելուց, նրանք էլ  այլ անձի հետ են պայմանագիր կնքում և ներկայացնում նախարարություն՝ փոխհատուցում ստանալու համար։ Ստացվում է, որ զինծառայողն իր կամքից անկախ օրենք է խախտում, ինչի հետևանքով էլ հարուցվում են քրեական գործեր: Հարուցված  81 քրեական գործերից 30-ի նախաքննությունն ավարտվել է, 51-ի դեպքում շարունակվում է:

Ազգային ժողովում տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը քննարկել են այս հարցը՝ փորձելով լուծումներ գտնել։

Ազգային ժողովի  Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն առաջարկում է  փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և վերանայել այն հոդվածը, որն առնչվում է զինծառայողների բնակարանային ապահովման խնդրին:  Ըստ այդ հոդվածի` ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով և չափով:

Պայմանագրային զինծառայողների սոցիալական ապահովությանը միտված այս դրույթը, սակայն,  նրանց հաճախ ոչ թե օգնում, այլ խնդիրների առջև է կանգնեցնում։ Նման իրավիճակում են հայտնվել 81 պայմանագրային զինծառայողներ, որոնց նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել։

«Մենք ստացել ենք բազմաթիվ ահազանգեր այն մասին, որ զինծառայողները օգտվում են Կառավարության կողմից իրենց վերապահված իրավունքից և արտոնությունից, ստանում են փոխհատուցում, բայց ստանալու ընթացքում, ըստ էության, ստիպված են լինում երբեմն օրենք խախտել։ Այդ խախտման համար 81 քաղաքացի այս պահին քրեական մեղադրյալ է ներգրավված»։

Բնակարանի սեփականատերերը հաճախ  չեն համաձայնում զինծառայողների հետ պայմանագիր կնքել՝ պարզաբանում է Թագուհի Թովմասյանը։  Վերջիններն էլ ստիպված վարձով բնակվում են այլ վայրում, որևէ ծանոթ մարդ են գտնում, նրա հետ պայմանագիր կնքում, հարկերը վճարում և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում  համապատասխան հանձնաժողով` ստանալով վարձավճարի փոխհատուցում: Ստացվում է, որ զինծառայողն իր կամքից անկախ օրենք է խախտում, ինչի հետևանքով էլ հարուցվում են քրեական գործեր:

Հարուցված  81 քրեական գործերից 30-ի նախաքննությունն ավարտվել է, 51-ի դեպքում շարունակվում է:

«Որոշ դեպքերում արդեն «դատական վախճան» ունենք այս գործերով, ինչը ինձ համար անընդունելի է։ Ուզում եմ արձանագրել, որ այս հոդվածի ուսումնասիրությունը մեզ ցույց է տալիս, որ զուտ օրենքի տեսանկյունից նորմը նախատեսվել է պայմանագրային զինծառայողներին սոցիալական երաշխիքներ տալու նպատակով, սակայն օրենքի կիրառման արդյունքում ի հայտ եկած խնդիրները, ըստ էության, չեն ապահովում երաշխիքներ և խնդիրներ են առաջացնում»։

Թագուհի Թովմասյանն առաջարկում է օրենքից պարզապես հանել այն պահանջը, ըստ որի, սեփականություն և ծառայության վայրում հաշվառում չունենալու վերաբերյալ Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկանքից բացի զինծառայողը ՊՆ է ներկայացնում բնակարանի վարձակալության պայմանագիրը, որի հիման վրա էլ ստանում է համապատասխան գումարային փոխհատուցումը։ Կառավարության ներկայացուցիչը համաձայն է՝  կա խնդիր, որը պետք է լուծել, բայց առաջարկվող տարբերակն այլ խնդիրների է հանգեցնելու։

«Եթե վարձակալության պայմանագիրը հանում ենք, խնդիրներ են առաջանում փոխհատուցման չափը որոշելու հարցում։ Երկրորդը, եթե սահմանում ենք «այլ բնակելի տարածքում բնակվող անձ» հասկացությունը՝ «վարձակալության պայմանագրի» փոխարեն, կրկին հարցեր են առաջանում, թե այդ դեպքում զինծառայողն ինչ փաստաթղթերով է հիմնավորելու, որ բնակվում է այդ տարածքում կամ ինչպես է այդ հանգամանքը ստուգվելու համապատասխան մարմինների կողմից»։

Թագուհի Թովմասյանը հակադարձեց կառավարության ներկայացուցչին՝ գլխավոր խնդիրը մարդկանց պոտենցիալ հանցագործության չմղելն է․ «Մենք չպիտի նայենք, որ քաղաքացին անպայման տեղեկանք պետք է տա, որ ինքն այդ հասցեում է բնակվում։ Մենք պետք է կարողանանք օգնել զինծառայողին՝ չընկնելու քաշքշուկի մեջ։ Եթե ինչ-որ ռիսկեր կան, եկեք քննարկենք, փոփոխություններ իրականացնենք»։

Նախագծի հեղինակի համար ամենաընդունելի առաջարկը, ըստ էության, ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմանյանինն էր։ Նախագիծը ներկայացված տեսքով և բովանդակությամբ ընթացակարգային կիրառման առումով կարող է խնդիրներ առաջացնել, այդ պատճառով առաջարկում ենք Զինվորական ծառայության և զինծառայողի մասին» օրենքի 65-րդ հոդվածից հանել վարձակալությանն առնչվող հարաբերությունը և 63-րդ հոդվածով հավելումներ տրամադրել զինծառայողներին, ինչը, զինծառայության առանձնահատկություններով պայմանավորված, օրենքով թույլատրելի է՝ ասում է Սիմոնյանը․

«Հավելման նույն սկզբունքը պահելու ենք։ Այսինքն՝ չափերի և կարգավիճակի մասով պատկերը հետևյալն է՝ զինծառայողի գումարի չափը կախված է  ընտանիքի անդամների թվից՝ 4 կամ ավելի։ Մոտավորապես սա է գաղափարը, որը ներկայացնում է ՊՆ-ն»։

Վիճահարույց հարցերից մեկն էլ փոփոխությունների՝ հետադարձ ուժ ունենալն է։

«Մենք գտանք այնպիսի տարբերակ, որ հետադարձությունը տարածվի միայն այսօրվանից, բայց նաև տարածվի այն գործերի վրա, որոնք քննվում են։ Իսկ եթե արդեն կան օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ, այդ մասով ես, թերևս, լրացուցիչ քննարկում կկազմակերպեմ, որպեսզի զինծառայողները մինիմալ քիչ կորուստներով կարողանան խնդրից դուրս գալ։ Որովհետև նրանք ապրում են վարձով, բայց  հանցագործ չեն։ Նրանց չպետք է պատժեն, դատապարտեն, տուգանեն ամեն խարդախության հոդվածով, խաբեությամբ պետությունից գումար ստանալու մեջ չպետք է մեղադրեն։ Մարդն ի՞նչ է արել, ընդամենը վարձով է ապրել»,-ասում է Թագուհի Թովմասյանը։

Քննարկմանը հայտնի դարձավ,որ խնդիրը կարգավորելու իր առաջարկն ունի նաև պաշտպանության նախարարությունը․ նախագիծը մշակվել է, բայց  դեռ չի դրվել շրջանառության մեջ։ Հարցի քննարկումն ավարտվեց փոխըմբռնմամբ և խնդրին շուտափույթ լուծում տալու պայմանավորվածությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button