ԿարևորՀասարակություն

Քննարկվել են պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովության հետ կապված հարցեր

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որը վերաբերում էր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին: Քննարկմանը մասնակցել են արդարադատության, պաշտպանության, ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՄԻՊ աշխատակազմի, այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշել է, որ առաջարկվում է փոփոխել օրենքի 65-րդ հոդվածը, որը վերաբերում է զինծառայողների բնակարանային ապահովմանը: Ըստ այդ հոդվածի 1-ին մասի` ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով և չափով: Հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օրենքի այս դրույթը սահմանվել է պայմանագրային զինծառայողներին սոցիալական ապահովության երաշխիքներ տալու նպատակով, սակայն օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք ոչ միայն չեն ապահովում զինծառայողների սոցիալական ապահովությունը, այլև խնդիրներ են հարուցում նրանց համար: Բանն այն է, որ զինծառայողները հաճախ իրենց վարձակալած բնակարանի համար պայմանագիր չեն կնքում: Վարձով բնակվում են այլ վայրում, որևէ ծանոթ մարդ են գտնում, նրա հետ պայմանագիր կնքում, հարկերը վճարում և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում համապատասխան հանձնաժողով` ստանալով վարձավճարի փոխհատուցում: Փաստորեն` զինծառայողները պահպանում են սահմանված կարգը, բացառությամբ այն դրույթի, որ ապրում են ոչ թե պայմանագրում նշված հասցեում, այլ այն տանը, որի տանտերը չի կնքել պայմանագիր: Ստացվում է, որ զինծառայողներն իրենց կամքից անկախ հանցանք են գործում, ինչի հետևանքով էլ հարուցվում են քրեական գործեր: Հարուցված 81 քրեական գործերից 30-ի նախաքննությունն ավարտվել է, 51-ի դեպքում շարունակվում է:

Թագուհի Թովմասյանը հայտնել է, որ զինծառայողներից ոմանք արդեն դատվել են, ինչն արդարացի չէ: Նա պարզաբանել է, որ իր առաջարկած փոփոխությամբ նախատեսվում է 1 փաստաթուղթ` վարձակալության պայմանագիր, պակաս ներկայացնելով համապատասխան հանձնաժողովին, ստանալ փոխհատուցում: Այսինքն` բավարար լինի սեփականություն և հաշվառում չունենալու վերաբերյալ Կադաստրի կոմիտեից տեղեկանքի ներկայացումը: Քննարկման մասնակիցները միաձայն հավաստել են` կա խնդիր, որը պետք է լուծել, սակայն ոչ այնպես, ինչպես առաջարկում է օրինագծի հեղինակը:

Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը պարզաբանել է, որ խնդիրը քննարկվել է նախարարությունում, և ունեն հարցի լուծման իրենց տարբերակ: «Առաջարկում ենք, որ իր բնակության վայրից 30 կմ հեռավորությամբ զինծառայողին ծառայության նշանակելու դեպքում նրա համար հաշվարկվի հավելում: Պայմանը պետք է նախատեսի, որ այդ ծառայության վայրում 30 կմ շառավղով ինքը չունի սեփականության իրավունքով բնակելի տարածություն և հաշվառում»,- պարզաբանել է նա` հավելելով, որ այս դեպքում զինծառայողը Կադաստրից սեփականության և հաշվառման վերաբերյալ մեկ փաստաթուղթ է ներկայացնելու , որն էլ դառնալու է հիմք` փոխհատուցում ստանալու համար: Սասուն Սիմոնյանը տեղեկացել է, որ նախարարությունն օրենսդրական նախաձեռնություն է մշակել, որը դեռևս պաշտոնապես շրջանառության մեջ չի դրվել:

ՀՀ քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ Արմինե Մաթոսյանը նշել է, որ զինծառայողներին նման դեպքերում պետք է ոչ թե հավելավճար տալ, այլ հարցը կարգավորել այլ կերպ` սահմանելով ծախսերի փոխհատուցում իրավական այլ ակտով:

Քննարկման ավարտին հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դրական է գնահատել քննարկումը: Ըստ նրա` արդեն նկատելի է, որ խնդիրը լուծման ճանապարհին է:

Ցուցադրել ավելի
Back to top button