ԿարևորՀասարակություն

Քանի՞ տարի է պահանջվում կառուցապատման մեկ ցիկլի թույլտվություն ստանալու համար

Հայաստանում անցում է կատարվում կառուցապատման թույլտվությունների ստացման միասնական համակարգի։ Ծրագիրը հաջորդ տարվանից կփորձարկվի Հայաստանի չորս քաղաքներում։ 2024 թվականից արդեն հանրապետության ողջ տարածքում շինթույլտվությունները կստացվեն առցանց։

Ոլորտի մասնագետներն ընդգծում են՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետերը երկար են, գործնականում, սակայն, դրանք խախտվում են ավելի քան 2 անգամ․ գործընթացը 300-ի փոխարեն հաճախ 650-700 օր է տևում։

2024 թվականից  կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացը կիրականացվի բացառապես առցանց եղանակով։ Մինչև այդ չորս մարզի չորս քաղաքում՝  Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում ծրագիրը կփորձարկվի։ 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը պարզաբանում է․ «Նպատակն է ստեղծել հարմար ու թափանցիկ գործելու միջավայր՝ էլեկտրոնային մեկ պատուհան։ Սա հնարավորություն կտա, մի կողմից, ապահովել բոլոր մարմինների պահանջները, մյուս կողմից՝ առցանց ու միաժամանակյա գործելու շնորհիվ կկրճատվեն կառուցապատման ժամկետները՝ խնայելով ժամանակն ու ռեսուրսները»:

Կկանոնակարգվեն կառուցապատման հիմնական փուլերի՝ նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրմանն առնչվող խնդիրները, գործընթացն ավելի ճկուն ու թափանցիկ կդառնա: Համակարգը թույլ կտա իրականացնել նաև գործընթացների մոնիթորինգը և կնպաստի շինարարության բնագավառի միասնական տեղեկատվական շտեմարան ձևավորելուն՝ խոստանում են գործադիրում։

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը «Ռադիոլուր»-ին իր մտահոգություններն է փոխանցում։ Նկատում է՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետերն առանց այն էլ երկար են, սակայն, դրանք խախտվում են ավելի քան 2 անգամ։  

«Կառուցապատման մեկ ցիկլի մեջ 20 ամիս տևում է շինարարությունը, 10 ամիս՝ փաստաթղթավորումը։ Փաստաթղթավորման ու շինարարական թույլտվություն ստանալը մի ամբողջ գործընթաց է․ ճարտատապետաշինարարական առաջադրանքից մինչև ավարտական ակտ ստանալը եթե օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է  առավելագույնը 300 օր տևի, իրականացվում է շուրջ 650–700 օրվա ընթացքում։ Այսինքն՝ 1․5-2 անգամ ավելի շատ է տևում»։

Կառավարությանն առաջարկել են կրճատել սահմանված ժամկետը՝ 10 ամիսը 6 դարձնելով։ Շինթույլտվություններին առնչվող դժգոհությունների մասին տեղյակ են նաև կառավարությունում։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ահազանգող համակարգ ներդնելու անհրաժեշտություն կա։

«Շատ հաճախ ենք մենք բողոքներ ստանում շինարարական կազմակերպություններից կամ ներդրողներից, որ շինթույլտվությունների կամ նախագծային թույլտվությունների գործընթացը օրենքով  նախատեսվածից ավելի երկար ժամանակ է տևում»։ 

Վիճակագրության կոմիտեի տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին շինարարության ոլորտում աճը կազմել է 6․4 տոկոս։ Շինաշխատանքների  6․6 տոկոսը իրականացվել է պետական բյուջեի միջոցների հաշվին։ 2․6 անգամ ավելացել են համայնքների հաշվին իրականացվող շինարարության ծավալները։

Կառուցվել կամ վերանորոգվել են նախադպրոցական  ու հանրակրթական ուսումնական հաստատություններ, հիվանդանոցներ և առողջության առաջնային պահպանման կենտրոններ։

Ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ օրենսդրական փոփոխությունը դրական ազդեցություն կունենա շինարարության ոլորտի վրա՝ հաշվի առնելով նաև այս  ճյուղի վրա կառավարության կապիտալ ծախսերի ընդլայնողական ազդեցությունը, ինչպես նաև մասնավոր հատվածի ծրագրերի իրականացման ուղղությամբ ձեռնարկվող թիրախային գործողությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button