Մոռացված ֆիլմերի ստվերները

Մաթևոսյանի՝ Բագրատ Հովհաննիսյանի առաջ կինոաշխարհի դուռը բացած նամակը․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Անցյալ դարի 60-ականների վերջին Հրանտ Մաթևոսյանի կոշտ նամակը Հայաստանի կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահ, կամ ինչպես այսօր կասեին` կինեմատոգրաֆիայի նախարար Գևորգ Հայրյանին փոխեց կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի ճակատագիրը։ Այդ նամակը բացեց «Հայֆիլմի» դռները տաղանդավոր ռեժիսորի առաջ։

Դիմա Կեսայանց, Բագրատ Հովհաննիսյան

1969 թվականին Հայաստանում պատրաստվում էին մեծ շուքով նշել Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակը։ «Հայֆիլմ» կինոստուդիայի ղեկավարությունը որոշում է նկարահանել մի կինոալմանախ, որտեղ ընդգրկվելու էին գրողի երեք ստեղծագործությունները: Դրանց թվում էր «Աղքատի պատիվը» պատմվածքը: «Ֆիլմ» թերթի նորանշանակ խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը որոշում է պարզել, թե ինչպե՞ս է կինոստուդիան նշելու բանաստեղծի հոբելյանը։

Ստուդիայի սենյակներից մեկում նա հանդիպում է ալմանախի ռեժիսորներից Դմիտրի Կեսայանցին և Բագրատ Հովհաննիսյանին, որոնք նոր-նոր էին սկսում կարճամետրաժ ֆիլմերի նկարահանումները։

«Մտնում եմ սենյակ և հանդիպում եմ Դմիտրի Կեսայանցին, որի ռեժիսորական աշխատանքներին արդեն ծանոթ էի: Այդ նույն սենյակում աշխատանքային եռուզեռի մեջ էր ինձ դեռևս անծանոթ Բագրատ Հովհաննիսյանը։ Զրուցում ենք և զրույցի ընթացքում պարզում եմ, որ քառասուն տարեկանում Բագրատը նկարահանում էր իր առաջին կարճամետրաժ ֆիլմը: Այդ հանգամանքը ինձ շատ հետաքրքեց»,- պատմում է Ռոբերտ Մաթոսյանը:

Ռոբերտ Մաթոսյան

Ֆիլմի նկարահանումներն սկսվեցին 1969 թվականին: Գլխավոր դերի համար հայտարարված մրցույթին մասնակցում էին մեկ տասնյակից ավելի  դերասաններ, բայց ոչ մեկը կինոռեժիսորի սրտով չէր: Գլխավոր հերոսի դերակատարին Բագրատ Հովհաննիսյանը գտավ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի նախամուտքում՝ դերասանների նկարները դիտելիս։ Նրա ուշադրությունը գրավեց երիտասարդ դերասան Հակոբ Ազիզյանի լուսանկարը։ «Հենց ինքն է, որ կա»,- մտածեց և թատրոնի ադմինիստրացիային խնդրեց կապել իրեն դերասանի հետ։ Այսօր արդեն ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը, վերհիշելով տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունները, խոստովանում է, որ նկարահանվելու առաջարկը և՛ ուրախալի էր, և՛ պարտավորեցնող։ 

«Ես տանն էի, ինձ զանգահարեցին և տեղեկացրին, որ «Հայֆիլմ» կինոստուդիայից նկարահանող խումբ է եկել թատրոն և ապագա ֆիլմի ռեժիսորը ուզում է ինձ հետ ծանոթանալ: Դա ինձ համար և՛ուրախալի էր, և՛ անհագստացնող, որովհետև դա իմ առաջին դերակատարումն էր կինոյում»,- վերհիշելով տարիներ առաջ տեղի ունեցող իրադարձությունները` պատմում է Հակոբ Ազիզյանը:

Հակոբ Ազիզյան

Կամոյի` այժմ Գավառ քաղաքի փոքրիկ ու հարմարավետ հյուրանոցում մի քանի ամիս իջևանած նկարահանող խմբի անդամներն ամեն օր մեկնում էին Նորատուս, որտեղ էլ մինչև ուշ երեկո իրականացնում էին նկարահանման աշխատանքները:

Պետրոս աղայի դերում հանդես էր գալիս հայ թատրոնի «ժայռը»` Գուրգեն Ջանիբեկյանը։ Թիկնեղ, պատկառելի Գուրգեն Ջանիբեկյանը բնատուր հավաստիությամբ է կերտել այդ կերպարը։ Հակոբ Ազիզյանը հպարտանալով ասում է, որ անվանի դերասանի հետ նկարահանման հրապարակում գտնվելը մեծ պատիվ էր իր համար։

«Գուրգեն Ջանիբեկյանը մեծություն էր և ես մեծ պատկառանք ունեի նրա հանդեպ և հպարտ էի, որ այդպիսի խաղընկեր ունեմ, և դա հետագայում իր ուրույն տեղը պիտի զբաղեցներ հայկական կինոյի պատմության մեջ »,- ասում է Հակոբ Ազիզյանը: 

Գուրգեն Ջանիբեկյան

Նկարահանման և մոնտաժային աշխատանքներն ավարտելուց հետո «Աղքատի պատիվը» կարճամետրաժն ու ալմանախի մյուս երկու ֆիլմերը ներկայացվեցին հանդիսատեսին։

 «Չախ-չախ թագավոր» ալմանախը Երևանի և մարզային կինոթատրոնների լեփ-լեցուն դահլիճներում ցուցադրվում էր թումանյանական ողջ տարվա ընթացքում։

«Աղքատի պատիվը» կինոնկարի էկրան բարձրանալուց երկու տարի անց՝ 1971 թվականին, տեղի ունեցավ ֆիլմի նաև մոսկովյան ցուցադրությունը։ Ռոբերտ Մաթոսյանը նշում է, որ գրականության և ֆիլմի միջև մշտապես գեղարվեստական եզրեր փնտրող Բագրատ Հովհաննիսյանն այս ֆիլմով կարողացել է ճշգրտորեն էկրանին փոխանցել  թումանյանական շունչն ու ոգին: 

«Աղքատի պատիվը» ֆիլմը դասական ձևով նկարահանված կինոնկար է: Բագրատ Հովհաննիսյանը պահպանել է հայկական կինոյի բոլոր ավանդույթները և, իհարկե, թումանյանական ավանդույթները»,- նշում է Հակոբ Ազիզյանը։

«Աղքատի պատիվը» կարճամետրաժ կինոնկարը դարձավ Բագրատ Հովհաննիսյանի այցեքարտը կինոաշխարհ։ 28 րոպե տևողությամբ այս կինոնկարը Թումանյանի հոբելյանական տարվա ավարտից հետո, սակայն, աննկատ մի կողմ դրվեց։ Երկար տարիներ արխիվներում փոշոտվելուց հետո  կինոկենտրոնի ջանքերով  ֆիլմը վերջապես թվայնացվել է և տեղադրվել համացանցում։

Ցուցադրել ավելի
Back to top button