ԿարևորՔաղաքական

Բաքուն ՄԻԵԴ-ից ժամանակ է խնդրել մինչև դեկտեմբերի 8-ը

«Ադրբեջանի կառավարությունը ՄԻԵԴ-ին խնդրել է, որպեսզի հարցերին պատասխանելու ժամկետը երկարաձգի մինչև դեկտեմբերի 8-ը»,-«Ռադիոլուր»-ին տեղեկացրել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

Մինչ այդ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ էր տրամադրել պաշտոնական Բաքվին՝ տեղեկություններ տրամադրելու նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի սահմանային հատվածից գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ։

«Ադրբեջանի կառավարությունը ՄԻԵԴ-ին խնդրել է, որպեսզի հարցերին պատասխանելու ժամկետը երկարաձգի մինչև դեկտեմբերի 8-ը։ Եվրոպական դատարանը բավարարել է խնդրանքը և ժամկետը երկարացված է մինչև դեկտեմբերի 8-ը։ Բաքուն գրել է, որ պարզաբանումները ճշտելու կարիք կա և ՄԻԵԴ-ը բավարարել է խնդրանք։ Անվերջ չի կարող նման խնդրանք ներկայացնել, քանի որ սա հրատապ միջոց կիրառելու մասին միջնորդություն է։ Պետք է հնարավորինս արագ պատասխանի»։

Գերեվարված զինվորներից մեկին Ադրբեջանը օրերս էր վերադարձրել։ Իրավապաշտպանն ասում է, որ հայկական կողմի տվյալներով նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների հետևանքով մոտավորապես 32 զինծառայող էր անհետացել, սակայն ադրբեջանական կողմի ներկայացրած տեսանյութերը դիտելուց ու նույնականացնելուց հետո պարզվել է, որ նրանցից 27-ը գերեվարված են և հենց նրանց մասով են իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը դիմել ՄԻԵԴ։

Ցուցադրել ավելի
Back to top button