ԿարևորՀասարակություն

2 հանձնաժողով՝ հայ-ադրբեջանական խնդիրներով․ ի՞նչ կա սահմանազատման ու ապաշրջափակման հանձնաժողովների օրակարգում

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր մեկնել է Մոսկվա, որտեղ կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի գլխավորած ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի նիստը՝ «Ռադիոլուր»–ին հաստատել են փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից։ Հանդիպումն այսօր է նշանակված։ Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 26-ին՝ Սոչիում Փաշինյան–Ալիև–Պուտին եռակողմ հանդիպումից հետո։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սահմանագծման և սահմանազատման մեխանիզմների ստեղծումն ակնկալվում է մինչև տարվա վերջ։

Հայաստանի փոխվարչապետի գլխավորած պտվիրակությունը ՌԴ–ում է գտնվելու դեկտեմբերի 1–3-ին։ Այդ ընթացքում Գրիգորյանը մասնակցելու է նաև  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին և Երկրորդ Եվրասիական համագումարին, «Ռադիոլուր»–ին տեղեկացրել են փոխվարչապետի գրասենյակից։  

Սոչիի հանդիպումից օրեր անց և եվրոպական հանդիպումներից օրեր առաջ տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի անդամները հավաքվել են Մոսկվայում։ Օրակարգը հայտնի չէ, բայց ենթադրվում է՝ քննարկում են նոյեմբերի 26-ին Սոչիում բարձր մակարդակով բանակցությունների մանրամասները: Նախորդ շաբաթ Սոչիում ընդունելով Փաշինյանին և Ալիևին՝ Պուտինը հայտարարեց՝ արդեն այս շաբաթ ապաշրջափակման հարցով հանձնաժողովը նիստ կհրավիրի և որոշում կկայացնի։

«Որպես առաջին քայլ՝ խոսել ենք ապաշրջափակման մասին։ Դա վերաբերում է և՛ երկաթգծին, և՛ ավտոճանապարհներին։ Մենք շնորհակալություն պետք է հայտնենք մեր փոխվարչապետերին, որոնք աշխատում են այս հարցի վրա արդեն բավականին երկար ժամանակ։ Հերթական պայմանավորվածությունն այն է, որ հաջորդ շաբաթ նրանք հավաքվեն Մոսկվայում, որպեսզի աշխատանքը որոշակիորեն ամփոփեն և հայտարարեն կայացրած որոշումների մասին, որոնք համաձայնեցրել ենք»։

Մոսկվա մեկնելու  նախօրեին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կրկին հայտարարել էր՝ տարածաշրջանում ապաշրջափակման ցանկացած սցենարի դեպքում երկաթգծի և ավտոմոբիլային ուղիները մնալու են Հայաստանի իրավազորության ներքո։

Մոսկվա մեկնած հայկական պատվիրակության կազմում, բացի փոխվարչապետից, նաև փոխարտգործնախարար Արմեն Ղևոնդյանն է, էկոնոմիկայի փոխնախարար Արշակ Ասլանյանը, ՊԵԿ–ի և այլ պետական կառույցների պաշտոնյաներ։

Սոչիի հանդիպումներից հետո վերլուծաբանները խոսում են արդեն նաեւ երկրորդ  հանձնաժողովի ձևավորման մասին։ Արդեն հստակ է, որ ապաշրջափակման հարցերը քննարիկող կազմի կողքին աշխատանքները կսկսի նաեւ սահմանագծման հաչցերով զբաղվող, բայց այս դեպքում երկկողմ հանձնաժողով։ Աշխատանքը կբաժանվի երկու հիմնական մասի՝ ճանապարհներ-կոմունիկացիաներ-«անկլավներ» եւ երկրորդ՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատում-սահմանագծում: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմինե Մարգարյանը եռակողմ երրորդ հայտարարության դրույթներից ենթադրում է․

«Դելիմիտացիայի, դեմարկացիայի հանձնաժողովը, եռակողմ փաստաթղթի համաձայն, լինելու է երկկողմ։ Այդտեղ ՌԴ առաքելությունը լինելու է խորհրդատվական, ընդ որում՝ այն պարագայում, եթե կողմերը դիմեն ՌԴ աջակցությանը։ Այս ձևաչափը եթե երկկողմ է, դա նաև հոյակապ հնարավորություն է կողմերի համար երկկողմ մակարդակում խոսելու, որովհետև յուրաքանչյուր կոնֆլիկտի, յուրաքանչյուր բախման, նույնիսկ ամենափոքր բախման պարագայում անհրաժեշտ նախապայմանը  փոխվստահության ամրապնդումն է։ Եթե չկան այդ միջոցները, կողմերը չեն կարող սկսել հաշտեցման կամ իրավիճակի կայունացմանը միտված գործընթաց։ Իսկ երկկողմ ձևաչափը կարող է լինել բավական գործուն մեխանիզմ»։  

Սա չի նշանակում, որ ուղիղ բանակցությունները զսպելու են Ադրբեջանի՝ ուժի սպառնալիքի քաղաքականությունը։ Վերլուծաբանները տպավորություն ունեն, որ հայկական կողմին հաջողվել է  ներկայացնել, թե իրականում կողմերից որն է կարգավորումների իրական խոչընդոտներ ստեղծում։ Սկզբնական շրջանում Ադրբեջանը նպատակ ուներ դիվանագիտական մի քանի լուծման հասնել՝ տարածքային ամբողջականություն, Արցախի կարգավիճակի հարցը մոռացության մատնել, ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափից հրաժարվել, այսպես ասած՝ «Զանգեզուրի միջանցք»–ի հարց լուծել։  Մինչդեռ պաշտոնական Մոսկվան արտգործնախարարության հաղորդագրության միջոցով հայտարարել է՝ արցախյան հակամարտության կարգավորման գործում օգտակար է համարում հենց ԵԱՀԿ–ի դերը։

Եվրոպական հանդիպումներից առաջ Մոսկվան ամեն ինչ արեց իր նախաձեռնություններն ամրապնդելու համար՝ ասում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ մեջբերելով Սոչիի հանդիպման հայտարարությունից հատվածներ, որտեղ պաշտոնական Մոսկվայի միջոնդրական հավակնություններում փոփոխություն է նկատում։ 

«Ուզում եմ ուշադրություն հրավիրել մի քանի բառի, որոնք շատ կարևոր են այս պարբերության մեջ։ Նախ՝ «պայմանավորվեցինք ադրբեջանա–հայկական սահմանին կայունության ու անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել»։ Օգտագործված է «հայ–ադրբեջանական» սահման ձևակերպումը, որը տարածական մեկնաբանության դեպքում կարող է տարածվել Արցախի տարածաշրջանի վրա։ Հաջորդ կարևորագույն դրույթն այն է, որ հանձնաժողովը  երկկողմ է։

Գաղտնիք չէ, որ նախկինում Ռուսաստանը փորձում էր եռակողմ հանձնաժողով ձևավորել։ Այստեղ ընդամենը խոսվում է ՌԴ խորհրդատվական մասնակցության մասին։ Սա բավականին ուշագրավ բան է։ Հիշեցնեմ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նաև Ռոսաստանի արտաքին գերատեսչությունը քանիցս հայտարարություն էին արել, որ խորհրդային քարտեզներն իրենց մոտ են, գլխավոր շտաբում են։ Սա նշանակում է՝ եթե «քարտեզային» խորհրդատվությունն ապահովում է Ռուսաստանը, հնարավոր է նաև նույնիսկ մտածել այլ միջազգային խորհրդատվության ներգրավման մասին»։

Այս հնարավորության մասին Փաշինյանը խոսել էր իր վերջին առցանց ասուլիսում՝  ակնարկելով սահմանազատման ԵՄ չափորոշիչները, նաև ԵԱՀԿ ձեռնարկը, որում Բելառուսի և Բալթյան երկրների միջև սահմանազատման փորձն է ներկայացված։

Վերլուծաբանները վերջին օրերին Ադրբեջանի հռետորաբանության հստակ փոփոխություն են նկատում։ Դա կապում են ոչ միայն Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների, այլև առաջիկայում  սպասվող եվրոպական հանդիպումների հետ։  

Դեկտեմբերի 2–3 Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայանալու է ԵԱՀԿ նախարարական 28 -րդ համաժողովը, որին մասնակցելու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Իսկ դեկտեմբերի 15-ին Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում Բրյուսելում դեմ առ դեմ ևս մեկ հանդիպում կունենան Փաշինյանն ու Ալիևը։ Այս հանդիպումներից առաջ ևս մեկ զարգացում է սպասում քաղաքագետ Արմինե Մարգարյանը․

«Իրականում վերջին օրերին Ադրբեջանի հռետորաբանությունը բավական մեղմացել է։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը դիրքավորվում է եվրոպական հանդիպումներից առաջ՝ իրեն բավական խաղաղասեր և հումանիտար լույսի ներքո ներկայացնելու համար։ Ես նույնիսկ կարծում եմ, որ բրյուսելյան հանդիպման օրը կամ դրանից 1-1.5 օր առաջ կամ հետո Ադրբեջանը մեզ կվերադարձնի մեր տղաներին, եթե ոչ բոլորին, ապա գոնե որոշակի հատվածի հետ կվերադարձնի՝ ցուցադրելու համար, որ ինքը արժանացել է շարունակել ԵՄ հետ համագործակցային ձևաչափով վստահելի գործընկեր լինել»։

Տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունները մնում են Արևելյան գործընկերության տարածաշրջանի հիմնարար խնդիր: Ասված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան վեհաժողովին ուղղված տեսաուղերձում։

Նրա խոսքով՝ դրանք պահանջում են նոր ջանքեր՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան։ Միշելը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է իր դերը կատարել հակամարտությունների կանխարգելման և լուծման գործում, ինչը ներառում է վստահության ձևավորում և կայուն ու համապարփակ կարգավորման խթանում, ներառյալ հետկոնֆլիկտային վերակառուցման միջոցառումների աջակցությունը:

Ստացվում է, որ մինչ հակամարտող կողմերը պատրաստվում են բրյուսելյան հանդիպմանը դեռ «զրոյական» կետից, մոսկովյան հանդիպումներն արդեն կոնկրետ հանձնաժողովների մակարդակում են՝ արդեն որոշակիացված անելիքներով։

Back to top button