ԿարևորՍպորտ

Ովքե՞ր են ընտրելու «Տարվա 10 լավագույն մարզիկներ»-ին․ ներկայացվել է մրցույթի անցկացման կարգը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացրել են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թվականի մրցույթի անցկացման կարգն ու մանրամասները:

Հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքների համադրմամբ:

«Խորհրդային միության տարիներից սկսած Հայաստանում միշտ էլ որոշվել է տարվա լավագույն մարզիկը՝ բացառությամբ նախորդ տարվա, երբ պայմաններն այն չէին, որ մենք զբաղվեինք լավագույն տասնյակ որոշելով՝ սկզբում քովիդ, հետո՝ պատերազմ: Հիմա ԿԳՄՍ նախարարությունն ամեն ինչ անելու է, որ ավանդույթը վերականգնվի ու «Լավագույն տասնյակ» հասկացությունն արժեքավորվի»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ՀՀ կառավարությունն այս տարի ընդհանուր առմամբ 50 մլն դրամ է հատկացրել՝ որպես «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային հիմնադրամ:

«Այս տարի դրամական պարգևներ կստանան ոչ միայն տարվա 10 լավագույն մարզիկները, այլև հավաքականների գլխավոր մարզիչները, նրանց անձնական մարզիչները, բժիշկները, իսկ այն թիմերը, որոնք չեն ունենա բժիշկներ, պարգևներ կստանան մերսողները: Սա աննախադեպ է: Միայն 2019 թվականին են սահմանվել դրամական պարգևներ, այն էլ՝ միայն տասնյակում ընդգրկված մարզիկների համար»,- ասել է Կարեն Գիլոյանը:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Մասնավորապես, նոր կարգի համաձայն՝ քվեարկությանը կարող են մասնակցել այն մարզական լրատվամիջոցները, որոնք տարվա ընթացքում մշտապես լուսաբանել են սպորտային իրադարձություններն ու ունեն առնվազն 5 հոդված այդ թեմայով:

Հավատարմագրումը ստանալու է լրատվամիջոցը. յուրաքանչյուր լրատվամիջոց կստանա մեկ լրագրողի հավաստագիր:

Քվեարկությանը կմասնակցեն նաև 34 մարզական ֆեդերացիաների հավաքականների գլխավոր մարզիչները: Լրագրողների և գլխավոր մարզիչների քվեարկության հանրագումարով էլ կկազմվի տասը լավագույն մարզիկների ցանկը, որտեղ մարզիկները կդասավորվեն այբբենական կարգով:

Նախորդ մի քանի տարիների ընթացքում կիրառվում էր նաև SMS քվեարկությամբ լավագույն մարզիկներին որոշելու կարգը, բայց այդ կարգը փոխվել է:

«Այս տարի SMS քվեարկությամբ կորոշվի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի դափնեկիրը: Այս մրցանակին կարող է հավակնել երկիր մոլորակի ցանկացած կետում ապրող և մարզվող մարզիկը, որը կարող է անգամ չներկայացնել Հայաստանը: 

Հավակնորդների ցանկ չի տրամադրվի. յուրաքանչյուր մարզասեր կկարողանա իր նախընտրած մարզիկի անունը SMS հաղորդագրությամբ ուղարկել նշված հեռախոսահամարին: Մրցանակը նույնն է, ինչ տասնյակում ընդգրկված լավագույն մարզիկներինը, պարզապես այս պարագայում մրցանակին՝ դրամական պարգևին, կարժանանա միայն տվյալ մարզիկը և ոչ նրա մարզիչը: Եթե SMS քվեարկությամբ հաղթող ճանաչված մարզիկն արտասահմանից է, մրցանակաբաշխությանը կհրավիրվի Հայաստան: Եթե՝ ոչ, ապա ինքնըստինքյան ներկա կլինի միջոցառմանը և կստանա իր մրցանակը: Յուրաքանչյուր մարզասեր իր հեռախոսից կկարողանա միայն մեկ հաղորդագրություն ուղարկել»,- փաստել է Կարեն Գիլոյանը:

Քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի դեկտեմբերի 21-ին: Մինչ այդ՝ որոշ վերապահումներով, կհրապարակվի հավակնորդների՝ 20 կամ ավելի մարզիկից բաղկացած ցանկը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ վերջնական ցանկը կհրապարակվի ծանրամարտի աշխարհի առաջնությունից հետո. «Բոլորս էլ հասկանում ենք, որ ծանրամարտի աշխարհի առաջնությունից շատ բան է կախված: Ծանրորդները կարող են լուրջ փոփոխության ենթարկել և վերադասավորել լավագույն տասնյակը: Աստված տա, ունենանք աշխարհի չեմպիոն և մրցանակակիր, ու ես հավատացած եմ, որ այդպես էլ կլինի, ինչից հետո նրանք ևս կընդգրկվեն հավակնորդների ցանկում»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծում է՝ այս տարի բավականին բարդ ընտրություն է սպասվում լրագրողների և հավաքականների գլխավոր մարզիչների համար. «Այս տարի շատ լավ արդյունքներ ենք ունեցել, և ընտրությունը շատ բարդ կլինի: Ցավոք, միայն օլիմպիական չեմպիոն չունեցանք, բայց ունեցանք օլիմպիական 4 մեդալ, մեծահասակների աշխարհի չեմպիոն, մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող, բռնցքամարտի աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ, Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ, բանակային խաղերի չեմպիոններ… Այնքան թեկնածուներ ունենք, որ շատ բարդ ու թեժ ընտրություն է սպասվում»:

Կարեն Գիլոյանը չի բացառել, որ հաջորդ տարիներին կարող են նաև այլ անվանակարգեր սահմանվել. «2022 թվականի ընթացքում կհասկանանք, թե որքանով կարող ենք ընդլայնել անվանակարգերը: Մեր նպատակն այն է, որ լավագույն մարզիկի ընտրության և պարգևատրման կարգը բարձր չափորոշիչների բերենք և դարձնենք շատ սպասված իրադարձություն և՛ մարզիկների, և՛ մարզասերների համար: Բոլոր ռիսկերն ուսումնասիրելուց հետո կարող ենք սահմանել նաև «Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ», «Տարվա հայտնություն», «Տարվա առաջընթաց», «Տարվա լավագույն լրագրող» անվանակարգերը»:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցանակաբաշխության անցկացման ժամկետների և վայրի վերաբերյալ մանրամասները դեռևս հստակեցման փուլում են: Քվեարկության ավարտից 2-3 օր անց՝ մինչև դեկտեմբերի 25-ը, տեղի կունենա նաև պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը:

Back to top button