Կենտրոնանալ ռազմագերիների խնդրի վրա. առաջարկը հնչել է ԵԽ-ում
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ եվրապատգամավորների առաջարկով մտքեր են փոխանակվել «Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարից մեկ տարի անց» թեմայով։ Սա տեղի է ունենում հրադադարի մասին հայտարարությունից մեկ տարի անց, որը Լեռնային Ղարաբաղում վերջ դրեց ռազմական գործողություններին։ Եվրապատգամավորները կարեւորել են քննարկումը Սոչիում կայացած Պուտին–Փաշինյան–Ալիեւ հանդիպումից հետո։
Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը բարձրացվում է Եվրախորհրդարանում։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ եվրապատգամավորների առաջարկով կազմակերպված մտքերի փոխանակման ժամանակ խնդրին անդրադառնում է ֆրանսիացի պատգամավոր Բերնար Գրետտան։
«Առաջարկում եմ, որ ԵՄ-ն կենտրոնանա ռազմագերիների ու ականապատման խնդրի վրա, ինչը հնարավորություն կտա մեզ ՝դիմել Ադրբեջանին ու Հայաստանին՝ քայլեր ձեռնարկել։ Այս հակամարտության արմատները գալիս են Խորհրդային Միության ժամանակներից։ Հակամարտության լուծմանը հասնելու համար բանակցությունների սեղանին պետք է դրվի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ Նախիջեւանի հարցը»։
Ադրբեջանում գտնվող հայ գերիների ու պահվող այլ անձանց վերադարձի հարցը կարեւորում են նաեւ եվրոպացի մյուս պատգամավորները։ Այս հանգամանքը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարեւորում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով այս կառույցի կեցվածքը 44-օրյա ռազմական գործողությունների ժամանակ՝ Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների ու հայ գերիների վերադարձի հարցում։
«Պատերազմից հետո եւ դրա ընթացքում Եվրոպական խորհրդարանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, առավել, քան որեւէ միջազգային այլ կառույց։ Հստակ է եղել իր դիրքորոշման մեջ, հատկապես հումանիտար հարցերում՝ ռազմագերիների վերադարձի, նրանց կտտանքների ենթարկելու, արգելված սպիտակ ֆոսֆոր կիրառելու հարցում։ Եվրոպական խորհրդարանը հստակ նշել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից, հրադադարից հետո Ադրբեջանը խախտել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։ Եվ այսօրվա քննարկումը փորձ է՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում՝ Սոչիից հետո եւ մինչ բրյուսելյան հանդիպումը»։
Եվրապատգամավորները չեն շրջանցել նաեւ այսպես կոչված «միջանցքի» հարցը։ Փաստաթղթում խոսք չկա, այսպես կոչված, «միջանցքի» մասին՝ շեշտել են։
Իսպանիայի սոցիալ-աշխատավորական կուսակցությունից պատգամավոր Նաչո Սանչես Ամորը եվրոպացի պատգամավորներին մի շարք հարցեր է ուղղում՝ այսպես կոչված «միջանցքի» տրամադրումը ներառվա՞ծ է եղել համաձայնագրում, ո՞րն է իրենց գնահատականն այս հարցում։
«Շփման գիծն, իմ կարծիքով, պետք է դառնա ընդունված պետական սահման՝ խնդիրը լուծելու համար։ Կցանկանայի մեր գործընկերներին հարցնել «միջանցքների մասին»։ Դուք համարո՞ւմ եք, որ միջանցքի գաղափարը ներառված է եղել անցյալ տարվա համաձայնագրում, թե ոչ։ Ո՞րն է մեր դիրքորոշումը։
Մենք պետք է հասկանանք՝ արդյո՞ք Ռուսաստանին ընդունում ենք որպես միջնորդ, թե՞ ոչ։ Ցանկանո՞ւմ ենք նրա հետ միասին միջնորդ լինել։ Մենք ընդունո՞ւմ ենք, որ ՌԴ-ն միակ միջնորդն է եւ պայմանագրի միակ պահապանը։ Անշուշտ, մենք կարող ենք մեր օգնությունը տրամադրել մեր հարեւաններին՝ փորձելով առաջ մղել օրակարգի որոշ հարցեր»։
Իսպանացի պատգամավորը խոսել է նաեւ ԵԱՀԿ ՄԽ–ի դերակատարության ակտիվացման մասին։ Նաիրա Զոհրաբյանի դիտարկումը։
«Մի քանի ելույթներ հակառուսական ուղղվածություն ունեին, եւ իրենք բարձրացնում էին ԵՄ–յան ԵԱՀԿ ՄԽ–ի դերակատարության կարեւորությունը։ Կարծում եմ՝ բանակցային ձեւաչափի փոփոխություն չպետք է լինի, ինչին ձգտում է Թուրքիան՝ բարձրացնելով «3+3» ձեւաչափի հարցը»։
Սահմանային լարվածությունից մինչեւ ռազմագերիների վերադարձ ու այսպես կոչված «միջանցքային տրամաբանություն»․ Եվրախորհրդարանում քննարկումը բավականին ակտիվ էր, եվրապատգամավորների հարցադրումները՝ շատ։
Եվրոպական կառույցի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ եվրապատգամավորների առաջարկով կազմակերպված մտքերի փոխանակումը 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասով որեւէ հետագա փաստաթուղթ չի ենթադրում՝ հիշեցնում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին անդամը, սակայն մեծապես կարեւորում է Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը թեժ պահելու՝ եվրապատգամավորների այս մոտեցումը։
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԵԽԽՎ հայկական պատվիարակությանն առաջարկել է նախաձեռնություն դրսեւորել եւ ադրբեջանական պատվիրակներին զրկել վեհաժողովում լիազորություններից՝ մինչեւ ռազմագերիներին չվերադարձնեն։