ԿարևորՀասարակություն

Ընտրապայքարում՝ բարեկամաբար․ Աշտարակի քաղաքապետի պաշտոնին հավակնում է 3 ուժ

Առաջիկա ՏԻՄ ընտրությանն Աշտարակում առաջադրվել է 3 կուսակցություն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Հայրենիք» կուսակցությունը և արտախորհրդարանական ուժերից՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը։

«Հայրենիք» կուսակցության նախընտրական ցուցակում 22 թեկնածու է, որից 2-ն ինքնաբացարկ է հայտնել։ Ցուցակը գլխավորում է Ազատ Զաքարյանը, սակայն «Ռադիոլուր»-ի հարցերին պատասխանել է ցուցակի երկրորդ համարը՝ Սարիբեկ Օվոյանը։ Խնդիրները բազմաթիվ են՝ ասֆալտապատումից մինչև լուսավորություն։ Քաղաքական ուժը խոստանում է ուշադրության կենտրոնում պահելու համայնքի կարիքները, ինչին հասնելու հույսը կապում է նաեւ ՀՈԱԿ-ների հետ։  

Ընտրության օրը քաղաքացիների մասնակցությունը ցածր կլինի՝ կանխատեսում է Օվոյանը։ Կարծում է՝ դա նախ կուսակցական համակարգի ահանդեպ վստահության պակասի պատճառով է։ Փորձելու են իրենց աշխատանքով նաեւ այդ հավատը վերականգնել։

«Հիմա  բնակչության, շարքային  քաղաքացու մոտ ընդհանրապես արժեզրկված է կուսակցական համակարգը։ Հավատ չկա մարդկանց մեջ։ Միևնույն  ժամանակ իրենց համար մեկ է, որովհետև սահմանին թե մարդկային, թե տարածքային կորուստներ ենք ունենում։ Գիտեք՝ հիասթափված վիճակում են մարդիկ։ Եթե Աշտարակ խոշորացված համայնքում 40 տոկոս մասնակցություն լինի՝ դա շատ շքեղ թիվ կարող է լինել»։

Քարոզարշավի ընթացքն, Օվոյանի գնահատմամբ, խաղաղ է։ Թեև առերևույթ կաշառք բաժանելու մասին խոսք չկա, այդուհանդերձ, «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչը նշում է.

 «Սոցիալական օգնության տրամադրման տակ կարող են իրականացվել ծրագրեր  ընտրության փուլի շեմին։ Գուցե և չլինի, հիմա չգիտեմ՝ որքանով են խոսակցությունները ճիշտ, որքանով սխալ, բայց, այնուամենայնիվ, մեր կուսակցությունն ակնկալում է, որ նման բան չլինի»։

Աշտարակ քաղաքը ղեկավարելուն հավակնում է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, Աշտարակ համայնքի ղեկավարի ներկայիս պաշտոնակատար Թովմաս Շահվերդյանը։ Նշանակվել է այս հոկտեմբերին։ 2016թ-ին Աշտարակ համայնքի ավագանու անդամ էր, նույն թվականի սեպտեմբերին ընտրվել է Աշտարակի քաղաքապետ։ ՔՊ ցուցակում 81 անձ է, ինքնաբացարկ է հայտնել 1-ը։ Շահվերդյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել «Ռադիոլուր»-ի հարցերին։

«Հայ հեղափոխական դաշնակցության» ցուցակում 29 անուն կա, ինքնաբացարկ է հայտնել 1-ը։ Ցուցակը գլխավորում է Կարապետ Առաքելյանը։ Ըստ ԿԸՀ-ում գրանցված տվյալների՝ թեկնածուն ներկայում չի աշխատում։ Ինքը՝ Առաքելյանը,  ընտրվելու դեպքում խոստանում է առաջնահերթորեն զբաղվելու անապահով ընտանիքների սոցիալական խնդիրներով, որոնց լուծման տարբերակներից մեկն էլ աշխատատեղերի ստեղծումն է։ Սոցիալական և բարոյական աջակցություն են տրամադրելու պատերազմում նահատակվածների և վիրավորում ստացածների ընտանիքներին։ Հատկապես կարևորում են համերաշխության մթնոլորտի ձևավորումը։

Քարոզարշավը խաղաղ ընթացք ունի․ ՀՅԴ-ի թեկնածուի գնահատականն է։ Կարծում է՝ կուսակցությունների միջեւ պայքար կա, թեկնածուների միջև թշնամանք՝ ոչ։

«Խաղաղ է այնքանով, քանի որ մեր տարածաշրջանում 3 կուսակցություն է մասնակցում, և թեկնածուները, առաջին համարները, որոնցից մեկն էլ ես եմ, մի քաղաքի տղաներ ենք, և մենք մինչև այս ընտրություններն էլ նորմալ հարաբերություններ ունենք, մեր միջեւ թշնամանք չկա։ Հիմնական պայքարը գնում է կուակցությունների, ոչ թե անձերի միջեւ»։ 

ՀՅԴ ներկայացուցիչը եւս կարծում է, որ մասնակցության ցուցանիշը ցածր կլինի․ անտարբերությունը գերակշռող է։ Առաքելյանը, սակայն, հույս ունի, որ իրենց աշխատանքի  արդյունքները կփոխեն հիասթափության պատկերը։

Back to top button